HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ երեւանյան դպրոցներում

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը հաստատում է մայրաքաղաքի դպրոցներում կատարվող իրավախախտումների մասին փաստերը, միաժամանակ ավելացնելով, որ «նման դեպքերը չպետք է հրապարակվեն»:

Ուսուցչին ստիպում են գնահատական կեղծել

Երեւանի թիվ 25 դպրոցում առկա անառողջ մթնոլորտի եւ կատարվող օրինախախտումների մասին այդ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Սոնա Մաղաքյանը ահազանգել է տարբեր ատյանների'կրթության եւ գիտության նախարարությունից մինչեւ դատախազություն: Ուսուցչուհու կարծիքով, իր մատնանշած բազմաթիվ փաստերը հիմնավոր չեն ուսումնասիրվել, իսկ դպրոցի տնօրինուհին էլ հայտարարել է, թե վերեւներում բոլորն իր ծանոթներն են ու ինչ ուզենա կանի: Դպրոցում կատարվածին պատկան ատյանների ուշադրությունը հրավիրելու Սոնա Մաղաքյանի համառ ջանքերը հաճախ այդ ատյանները որակել են որպես տնօրենի հանդեպ անձնական վրեժխնդրություն: Մինչդեռ Ս. Մաղաքյանը պնդում է, որ տնօրենի հետ անհաշտությունը սկսվել է դպրոցում օրինականություն հաստատելու իր ցանկության պատճառով: Ու քանի որ մեր իրականության մեջ, ըստ Ս. Մաղաքյանի, «գործ տվողները», բողոք գրողները լավ չեն ընդունվում, նախ փորձել է բանավոր բողոքներով ԿԳՆ-ի ուշադրությունը հրավիրել դպրոցում կատարվողի վրա ու երբ դա էլ արդյունք չի տվել, սկսել է գրել: ԿԳ նախարարության, քաղաքապետարանի, դատախազության տարբեր պաշտոնյաներին ուղղված դիմում-բողոքներում Ս.Մաղաքյանը գրում է թիվ 25 դպրոցում գնահատականների կեղծման, անօրինական ատեստատներ տալու, տարատեսակ ֆինանսական չարաշահումների մասին: Տարբեր ատյաններից ստացված պատասխաններում այդ մեղադրանքների մի մասն է միայն հաստատվում:

Երեւանի քաղաքապետին եւ ԿԳ նախարարին 2001թ. փետրվարի 5-ի դիմումում Ս. Մաղաքյանը գրում է. «1999 թ. մարտից նախարարության հայտագրով աշխատանքի եմ ընդունվել թիվ 25 դպրոց որպես քիմիայի ուսուցչուհի: Երբ հրաժարվեցի կեղծ բարձր գնահատական նշանակել, տնօրենը եւ ուսմասվարը ինձ առաջարկեցին ազատվել աշխատանքից, որն, իհարկե, մերժեցի: Միայն սեպտեմբերի 15-ին, մյուս քիմիայի ուսուցչուհու հետ երկար բանակցություններից հետո, ինձնից ապօրինաբար վերցրին 8-րդ դասարանի իմ դասաժամերը: 2000թ. 8-րդ դասարանի աշակերտ Հարությունյան Գոռին հրաժարվեցի բավարար գնահատելուց, բայց չգիտես ինչպես նա ատեստատ է ստացել, իբր Չեխոսլովակիա գնալու պատրվակով: Հոկտեմբերին տնօրենը խնդրեց ստորագրել չգիտես ում նշանակած «3»-ի տակ, որից ես հրաժարվեցի: Տեղեկացնում եմ նաեւ այն հանցավոր ավանդույթի մասին, որ գոյություն ունի մեր դպրոցում. գնահատականի ահի տակ աշակերտին եւ ծնողին ստիպում են մատնություն գրել ուսուցչի վրա...»: Այս «մատնություններին» կանդրադառնանք ավելի ուշ, իսկ մյուս մեղադրանքների առնչությամբ ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Կարեն Մելքոնյանի պատասխանում մասնավորապես ասվում է, որ կատարված ուսումնասիրություններով պարզվել է. «8-րդ դասարանի աշակերտ Գոռ Հարությունյանի գնահատման հետ կապված Ձեր գանգատը համապատասխանում է իրականությանը: Մասնավորապես արձանագրվել է «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման եւ քննությունների կազմակերպման» կարգի խախտում, որի մասին տեսչությունը տեղեկացրել է դպրոցի անմիջական վերադասին' Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությանը' միջոցներ ձեռնարկելու համար»: Միջոցների մասին տեղեկանում ենք ԿԳ նախարարության տեսչության պետի տեղեկալին' քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի պատասխանից, որով հայտնվում է, որ թիվ 25 դպրոցի տնօրեն Գայանե Ամիրյանը ներկայացվել է կարգապահական պատասխանատվության: Նաեւ նշվում է . « Նույն դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ս. Մաղաքյանի կողմից ժամանակին քննակարգի խախտման դեպքը չկանխելու համար հանձնարարվել է տնօրենին' քննարկել եւ համապատասխան ընթացք տալ»:

«Դպրոցի տնօրեններին չի կարելի խայտառակել», -ասում է Օ.Վաթյանը

Մեզ հետ հանդիպման ընթացքում Օնիկ Վաթյանը մի քանի անգամ շեշտեց, որ Ս. Մաղաքյանը եւս մեղավոր է իր նշած խախտումների համար: Մասնավորապես, լինելով դպրոցի շրջանավարտների քիմիայի քննության (ուսուցիչ' Ա. Խանանյան) հանձնաժողովի անդամ, քննության ժամանակ լռել է, չի միջամտել քննական կարգի խախտմանը (աշակերտները տոմսերը ընտրել են ոչ թե վիճակահանությամբ, այլ' ով որ տոմսը իմացել, դրան էլ պատախանել է) եւ ստորագրել է քննությունների արձանագրությունը: Եվ միայն օրեր հետո, երբ, ըստ Օ. Վաթյանի, «հարցեր է ունեցել տնօրենի հետ, կոնֆլիկտային վիճակ է ստեղծվել, նոր հարցը բարձրացրել է»: Պարոն Վաթյանը արդարացրեց նաեւ տնօրենին, որը, լինելով ռուսաց լեզվի մասնագետ, չէր կարող իմանալ քաշա՞ծ տոմսին են պատասխանում, թե՞ ուրիշ: Սակայն պետք չէ քիմիայի մասնագետ լինել տեսնելու, որ երեխային վիճակահանությամբ բաժին է հասնում N16 տոմսը, բայց նա պատասխանում է N 8 տոմսին: Իսկ Ս. Մաղաքյանը պնդում է, որ արձանագրության տակ ստորագրել է, որպեսզի քննության արդյունքները չփոխվեն, բայց արձանագրության տակ գրել է, որ ինքը համաձայն չէ քննության արդյունքներին: Ավելին, հենց Ս. Մաղաքյանի գրավոր ու բանավոր դիմումների պահանջով է այդ քննությանը ներկա եղել ԿԳՆ-ի ներկայացուցիչը: Իսկ ավելի ուշ ԿԳՆ-ի տեսչության առաջին կարգի մասնագետ Արմինե Օհանյանի կատարած ուսումնասիրությամբ եւս փաստվում է, որ խախտվել է քննությունների կարգը, իսկ Օ. Վաթյանին գրած նամակում, հիշեցնելով նաեւ նախորդ խախտումները, առաջարկվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել: Օ. Վաթյանը նկատողությունը համարել է բավարար: Իսկ մեզ հետ զրույցի հենց սկզբում դժգոհեց. «Եթե ԿԳՆ-ն ու դատախազությունը ուսումնասիրություններ են անցկացնում եւ որեւէ խախտում չի արձանագրվում, մենք, ի՞նչ է, ուսուցչուհու ասելով պետք է տնօրենին պատժե՞նք»: Միայն մեր հիշեցումից հետո, որ թե ԿԳՆ-ն, թե դատախազությունը այնուամենայնիվ որոշ խախտումներ արձանագրել են, պարոն Վաթյանն արդարացավ, թե այդ «խախտումների համար տնօրե՞ն կարելի է ազատել, բացարձակապես' ոչ»: Հարցին'այսինքն նման խախտումները սովորական երեւույթ են մայրաքաղաքի դպրոցների համար եւ խստորեն չեն պատժվում, Օ. Վաթյանն ի պատասխան արդարացավ, թե բոլոր նման դեպքեը քննարկվում եւ համապատասխան գնահատականի են արժանանում: Այս տարվա առաջին կեսին 36 դպրոցի տնօրեն արժանացել' կարգապահական տույժի' որից 14-ը ստացել է նկատողություն, իսկ 22-ը' վերջին զգուշացում: Եւս 5 դպրոցի տնօրեն էլ, այսպես ասած, սեփական դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից: Ավելի «համառ» տնօրենների գործերը կրթության վարչությունը հանձնել է դատախազություն: Նման երեք դեպք է եղել: Սակայն դրանցից երկուսին հաջողվել է վերականգնվել իր աշխատանքում: Ընդհանրապես պարոն Վաթյանը կարծում է, որ նման դեպքերը չպետք է հրապարակվեն, քանի որ «չի կարելի դպրոցի տնօրեններին, պաշտոնյաներին քաղաքով մեկ խայտառակել»: Սակայն մայրաքաղաքի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հենց ինքը հրապարակեց բազմաթիվ օրինախախտ դպրոցների անուններ: Մասնավորապես, թիվ 4, 6, 32,104,126, 135, 147 դպրոցներում նախորդ ուստարում խախտումներ են արձանագրվել 10-րդ դասարանի աշակերտների տեղափոխության ժամանակ: Թիվ 60, 153 դպրոցները առաջին դասարան են ընդունել աշակերտներ' կարգի կոպիտ խախտումներով: Իսկ թիվ 6,104 դպրոցներում արձանագրվել են դեպքեր, երբ առանց ընթացիկ գնահատականների ամփոփիչ եւ տարեկան գնահատականներ են նշանակվել: Թիվ 6, 7, 14, 38, 71, 104, 127, 129, 146, 160 դպրոցներում գնահատականների միտումնավոր բարձրացման նպատակով կիսամյակային եւ տարեկան գնահատականների ջնջումներ կան: Արձանագրվել են նաեւ ավարտական քննական աշխատանքների բարձր գնահատման (թիվ 12, 16 ուսումնարաններ, թիվ 14, 26 դպրոցներ) , ատեստատների հանձման կարգի, վերաքննությունների հանձման, քննական աշխատանքը քննությունից հետո փոխելու (թիվ 125 դպրոց), ատեստատում «3» ու «4»-ի փոխարեն «5» նշանակելու (թիվ 11, 14, 40, 71, 77, 147, 154, 184 դպրոցներ) եւ շատ այլ օրինախախտումներ: Թիվ 25 դպրոցի անունը պարոն Վաթյանը այս ցուցակում չնշեց' թեեւ այստեղ եւս խախտումներ կան: Արդյոք սա այս դպրոցի նկատմամբ հատուկ վերաբերմունքի վկայություն չէ: Կրթության վարչության տեսուչների դպրոցում անցկացված ստուգումներով չեն հաստատվել Ս. Մաղաքյանի մատնանշած օրինախախտումները: Տեսուչ Հռիփսիմե Պետրոսյանը եւս վստահեցրեց այս մասին' թեեւ նրա ուսումնասիրության մասին զեկուցագիրը վարչությունում այդպես էլ չկարողացան գտնել:

Կարծիքներ ուսուցիչների դեմ' տնօրենի պարտադրանքով

Տեսուչ Անահիտ Մելքոնյանի կարծիքով, Սոնա Մաղաքյանը լավ ուսուցիչ չէ, քանի որ դասամատյանների ուսումնասիրումը վկայում է, որ նրա դասերից շատ են բացակայում: Ս. Մաղաքյանն էլ ասում է, որ դպրոց չհաճախող երեխաներին ներկա չի դնում ու չի գնահատում, ինչպես մյուսներն են անում եւ պնդում է, որ կարող է փաստաթղթերով ապացուցել, թե ինչպես են դասերին չհաճախող աշակերտներին ընթացիկ ու ավարտական գնահատականներ նշանակում: Ինչ վերաբերում է Ս. Մաղաքյանի լավ ուսուցիչ լինելուն, ապա կրթության վարչությունը երկու մանկավարժ է ուղարկել նրա դասերը լսելու, սակայն նրանց գրավոր կարծիքը չկա: Կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի հավաստմամբ' դասալսումից հետո մանկավարժները բանավոր կարծիք են հայտնել, ըստ որի Ս. Մաղաքյանը լավ գիտելիքներ ունի, բայց որպես մանկավարժ վատն է: Այս վերջինը Ս. Աչոյանի գնահատականն է, քանի որ իրենց ուղարկած մանկավարժները, ըստ նրա, մեկ դասալսումով չէին կարող դա պարզել:

Օ. Վաթյանը Ս.Մաղաքյանին համարում է վատ մանկավարժ' վկայակոչելով նրա մասին աշակերտների եւ ծնողների գրավոր կարծիքը' թեեւ խոստովանեց, որ դրանք ինքը անձամբ չի կարդացել: Բայց արդարացավ, որ ծնողները նաեւ իր մոտ էին եկել' բողոքելու Ս. Մաղաքյանից: Իսկ գրավոր կարծիքները, Ս. Մաղաքյանի պնդմամբ, գրվել են տնօրենի պարտադրանքով: Ի դեպ, այս մասին վկայեց նաեւ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Ռենա Մուրադյանը, որը քառասուներեք տարի աշխատել է այդ դպրոցում եւ այս ուստարում ազատվել աշխատանքից, քանի որ տնօրենի պարտադրանքով իր գործընկերը գրել է, թե ֆինանսական կարիքի պատճառով տիկին Մուրադյանի դասաժամերը խնդրում է իրեն հատկացնել: Ռ. Մուրադյանի հավաստմամբ, Ս. Մաղաքյանը միակ ուսուցիչը չէ, որի դեմ տնօրենը նման նամակներ է պարտադրում գրել: Հենց այս նամակներն էլ վկայակոչելով' դպրոցի տնօրեն Գ. Ամիրյանը Ս. Մաղաքյանին այս տարվա հուլիսին ազատել է աշխատանքից' հիմնավորմամբ, որ աշակերտների թիվը կրճատվել է, քիմիայի մեկ ուսուցիչը իրենց բավարար է:

Աշխատանքից ազատվելու օրինականությունը դատարանում վիճարկելու Ս. Մաղաքյանի ջանքերը հաջողության չեն հասել: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները մերժել են նրա հայցը: Ս. Մաղաքյանն այժմ դիմել է վճռաբեկ դատարան: Նրա փաստաբանի' Ժորա Խաչատրյանի պնդմամբ, աշխատողների թվի կրճատման ժամանակ առաջին հերթին պետք է կրճատվեր մյուս քիմիայի ուսուցիչը, քանի որ նա կենսաթոշակային տարիքի է:

Վերաքննիչ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը չի էլ բացառում մեր այն վարկածը, որ Ս. Մաղաքյանին Գ. Ամիրյանը գուցե անձնական պատճառներով է աշխատանքից ազատել: Սակայն օրենքի առումով ամեն ինչ օրինական է եւ նրան աշխատանքից ազատելը համապատասխանում է աշխատանքային օրենսգրքին: Ըստ դրա, քանի որ ոչ թե հաստիքի, այլ մանկավարժների թվի կրճատում է եղել, գործում է «աշխատանքում թողնելու նախապատվության իրավունքը»: Այսինքն, միայն տնօրենն է իրավասու որոշել, թե որ ուսուցչին է ինքը նպատակահարմար գտնում կրճատել: Իսկ կենսաթոշակային տարիքի ուսուցչուհին' Ասյա Խանանյանը, ըստ դպրոցի տնօրենի, հանրապետության լավագույն ուսուցչուհիներից է: Օնիկ Վաթյանը եւս փաստում է «փոխտնօրենից մինչեւ պահակ աշխատանքի է ընդունում ու ազատում տնօրենը, միանձնյա է որոշում, ցավոք այդպես է»: Իսկ Ս. Մաղաքյանին առաջարկվել է աշխատանք այլ դպրոցում, սակայն նա հրաժարվում է:

Թիվ 25 դպրոցի տնօրեն Գայանե Ամիրյանը հրաժարվեց իր փաստարկները ներկայացնելու մեր ընձեռած հնարավորությունից: Դժկամությամբ համաձայնվելով հարցազրույցի, պահանջեց ցույց տալ այն օրենքը, ըստ որի, ինքը պարտավոր է խոսել ձայնագրիչի առջեւ, հետո էլ ընդհանրապես հրաժարվեց հարցազրույցից' հիմնավորմամբ, թե կսպասի վճռաբեկի որոշմանը' թեեւ անընդհատ բացատրում էինք, որ զրույցի թեման միայն Ս. Մաղաքյանին աշխատանքից ազատելու շուրջ չի լինելու: Փոխարենը տիկին Ամիրյանը մեծ արտիստականությամբ կարդաց, ըստ իրեն' աշակերտների գրած կարծիքները Ս. Մաղաքյանի մասին: Խիստ կասկածում ենք, որ նման բան ինքնուրույն կարող էին գրել աշակերտները: Ափսոս, որ մեջբերել չենք կարող, դրանք մեզ չտրամադրվեցին: Մինչեւ օրս Ս. Մաղաքյանին չի հաջողվում այդ նամակներին ծանոթանալ: Իսկ դատախազությանը գրած բազմաթիվ դիմումների այն պնդումը, որ իրեն զրպարտում են, անհիմն է որակվել, քանի որ «Ս. Մաղաքյանը իրեն զրպարտելու վերաբերյալ կոնկրետ փաստեր չի նշել»: Այդ կոնկրետ փաստերը պահվում են տնօրենի մոտ, սակայն դատախազությունը դրանք չի պահանջել ու չի ստուգել դրանց հավաստիությունը:

Դատախազությունը հաստատել է գնահատականի անօրինականությունը

Ս. Մաղաքյանը դժգոհ է նաեւ իր դիմումներում նշված մյուս փաստերի առիթով անցկացված ուսումնասիրություններից: Դա է վկայում նաեւ դատախազության հետ նամակագրությունը: Երեւան քաղաքի դատախազին 2001թ.-ի մարտին գրած նամակին պատասխանել է Երեւան քաղաքի դատախազի օգնական Ա. Հարությունյանը' անհիմն որակելով Ս. Մաղաքյանի բերած փաստերը եւ հանցակազմի բացակայության պատճառով մերժել քրեական գործի հարուցումը: Ս. Մաղաքյանը «ձեւական գործողություններ» որակելով դատախազության ստուգումները' արդեն ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին գրած դիմումում պահանջում է նոր ստուգումներ անել եւ նշում նոր մեղադրանքներ: Սակայն նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Ա. Մանուկյանի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի դատախազի օգնականի' Ա. Հարությունյանի պատասխաններում նշվում է, որ կրկնակի ստուգումներով հաստատվում են նախորդ ստուգման արդյունքները: Դրանցով հաստատվում են նախորդ ստուգման արդյունքները: Դրանցով հաստատվում է միայն Գոռ Հարությունյանի գնահատական նշանակելու անօրինականությունը: Ֆինանսական խախտումների մասին մնացած բոլոր մեղադրանքները քննությամբ չեն հաստատավել: Ս. Մաղաքյանը պնդում է, որ ինքը փաստերով կարող է դրանք ապացուցել ու խնդրել է ծանոթանալ քննության նյութերին: Ի պատասխան Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Ա. Զախարյանը պատասխանել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ ծանոթանալ նախապատրաստված նյութերում գտնվող փաստաթղթերին»: Ս.Մաղաքյանը այժմ դիմել է վերաքննիչ դատարան' բողոքարկելու դատախազության ստուգումներով կայացված որոշումները:

«Եթե զրպարտում եմ, ինչու դատի չեք տալիս»,-ասում է Սոնա Մաղաքյանը

Ուսուչուհին բողոքելով, որ դատախազությունը լուրջ ուսումնասիրություններ չի կատարել, նկատում է. «եթե իմ բերած փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինձ դատի տվեք զրպարտության համար»: Այս մասին նա ասել է նաեւ դատախազության պաշտոնյաներին' պարտավորելով դատարանում ապացուցել իր պնդումների ճշմարտացիությունը: Ի դեպ, մեր զրույցի ընթացքում Օնիկ Վաթյանն էլ գրեթե սպառնաց. «Մաղաքյանի պատճառով կարո՞ղ է մեր ամբողջ վարչությունը պարալիզացնեմ, քանի անգամ է մեր տեսուչը բոլոր մեղադրանքներն ուսումնասիրել ու պարզել, որ ուսուցչուհին նեղ անձնական դժգոհություններից ելնելով է տնօրենի դեմ ինչ-որ բաներ գրում, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը: Դրա համար ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում, բայց կարծում եմ այս անգամ տնօրինությունը պատիվ կպահանջի»:

Մենք փորձեցինք խոսել նաեւ դպրոցի մի քանի աշակերտների ծնողների հետ: Վերջիններս գոհ են դպրոցի ուսուցիչներից, այդ թվում' Ս.Մաղաքյանից: Որոշակի դժգոհություններ կային ադմինստրատիվ կազմից, սակայն հրապարակման համար համաձայնվում էին, որ գրվի միայն այն, որ մանկավարժներից իրենք շատ գոհ են: Իսկ Ս. Մաղաքյանը պնդում է, որ շատ ծնողներ կան, որ կարող են հաստատել դպրոցում կատարվողը, սակայն դատարանում ցուցմունք տալու եւ այլ պրոբլեմների հետ գլուխ դնելու «հավես չունեն»: Ս. Մաղաքյանի գնահատմամբ. «Ծնողների չափից դուրս լոյալությունը հանցագործություն է: Դա կարող է բումերանգի պես հետո իրենց հարվածել»:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter