HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կստեղծվի «Ինժեներական քաղաք», որտեղ կհամախմբվեն ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները

Կառավարությունն այսօրվա նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի առաջարկով հաստատեց «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգը:

Այս ծրագրով ստեղծվելու է «Ինժեներական քաղաք», որը նպաստելու է Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Ինժեներական քաղաքում՝ մեկ վայրում, տեղակայվելու և կենտրոնացվելու են ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները: Ինչպես գրված է գործադիր բերված որոշման նախագծում՝ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը:

««Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար»,- նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն դոլարի ներդրում: Ընդհանուր ծախսերի 50%-ը նախատեսվում է համաֆինանսավորել կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50%-ը` «Նեյշնլ Ինսթրումենթս ԷՅԷՄ»-ի կողմից: Նախքան ծրագրի ինքնածախսածածկ դառնալը նախատեսվում է, որ ծրագրի հետ կապված ծախսերը ֆինանսավորվելու են «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով՝ 10.5 մլն դոլարի շրջանակներում: Ի դեպ, «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի վերաբերյալ շնորհանդեսն առաջին անգամ «Նեյշնլ Ինսթրումենթս ԷՅԷՄ» ընկերությունը 2013 թվականին ներկայացրել է էկոնոմիկայի նախարարություն` որպես պետական-մասնավոր գործընկերության նախաձեռնություն:

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Ընկերությունները կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3 հա մակերեսով հողամասը: Տեղանքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու գտնվող տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում հիմնել «Ինժեներական քաղաք» հիմնադրամ, որը հանդիսանալով շահույթ չհետապնդող իրավաբանական անձ` պատասխանատու կլինի Ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների, կրթական ծրագրերի, ռեզիդենտների կողմից Ինժեներական քաղաքի պայմանների և կանոնների պահպանության համար: Նախատեսվում է նաև ձևավորել հավաստագրման հանձնաժողով, որը կքննարկի Ինժեներական քաղաքում հողակտորների հատկացման, ռեզիդենտի կարգավիճակ ստանալու նպատակով ներկայացված հայտերը և կկայացնի որոշումներ` հայտերը բավարարելու կամ մերժելու մասին:  

լուսանկարը http://businessdirectoriesonline.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter