HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փաստարկներն առ այն, որ կառավարության նիստերը փակ դարձնելը հետադիմական մոտեցում է, ամբողջովին անտեսվեցին»

Լրագրողական մի շարք կազմակերպություններ ԱԺ առաջիկա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն են ներկայացրել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փաստաթղթով նախատեսվում է Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել այդ նիստերում ընդգրկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին։ Ընդ որում՝ նախագծի հեղինակները այդ գործելաոճին անցնելը փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության դրսևորում և արդյունավետ աշխատանքի երաշխիք։

Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Փակ դռների ետևում, հասարակությունից գաղտնի աշխատող որևէ իշխանություն ժողովրդավարության և շուկայական տնտեսության զարգացում չի ապահովել, ավելին՝ այդ պայմանները նպաստել են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության նվազմանը։ Դռնփակ նիստերի անցկացումը անհիմն սահմանափակում է լրագրողների՝ կառավարության աշխատանքը համակողմանի լուսաբանելու հնարավորությունները։

Փաստորեն, վերջին մեկ ամսվա ընթացքում լրատվամիջոցների հրապարակումներում և տարբեր հանրային քննարկումների ընթացքում հնչեցված բոլոր փաստարկներն առ այն, որ կառավարության նիստերը փակ դարձնելը հետադիմական մոտեցում է, ամբողջովին անտեսվեցին։ Եվ իշխանական վերնախավը, արհամարհելով քաղաքացիական հասարակության քննադատությունը, ամեն գնով ձգտում է ընդունել օրինագծի ԱԺ ներկայացված տարբերակը։

Հաշվի առնելով վերը նշվածը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

  • ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական կոալիցիայից՝ վերանայել հիշյալ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերը՝ նախատեսելով ՀՀ կառավարության նիստերի դռնբաց և միայն պետական կամ այլ գաղտնիք պարունակող հարցերի դեպքում՝ դռնփակ ընթացակարգ, եւ չկաշկանդելով նախարարների հրապարակային ելույթները վարչապետի թույլտվության առկայությամբ կամ բացակայությամբ,

  • ԱԺ ընդդիմադիր ուժերից՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվորեն պայքարել վերոհիշյալ դրույթների ներկա ձևակերպմամբ ընդունման դեմ և նախաձեռնել դրանց վերանայման գործընթաց,

  • միջազգային կազմակերպություններից՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը և տրամադրվող աջակցությունը պայմանավորել երկրի կառավարման թափանցիկությամբ եւ հանրային հաշվետվողականությամբ, կոռուպցիոն ռիսկերին դիմակայելու պատրաստակամությամբ, կարևոր  որոշումներ մշակելիս և իրականացնելիս՝ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ   

Հայտարարությունը բաց է միանալու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter