HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապացուցելու ենք, որ մենք ենք մեր երկրի տերը». բնապահպանները դիմում են նաև վարչապետին

Հարգելի պարոն վարչապետ,

Ինչպես Ձեզ հայտնի է 2011թ. ապրիլի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 627-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտել 01.08.2011թ.:

Սույն որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի 6 համայնքի 608 հա հողատարածք «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը (ԶՊՄԿ): Նույն որոշմամբ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2012թ. հունվարի 1-ը:

ՀՀ Կառավարության այս որոշումը հանքանյութի արդյունահանման ընդլայնման անհրաժեշտության, հումքի արտահանման մեծացման, ԶՊՄԿ-ի ամրապնդման մասին ընդհանուր արտահայտություններից բացի ոչ մի տեսակի հիմնավորում, այդ թվում նաև սոցիալական և իրավական, չի պարունակում:

Բացակայում է նման աննախադեպ ընդլայնման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, մասնագիտական հիմնավորումներն ու փորձագիտական եզրակացությունները: Եվ ամենակարևորը, որ այդ ազդակիր համայնքների բնակիչները, որոնց վրա այս որոշումն անմիջականորեն ազդում է, նախապես տեղեկացված չեն եղել, որ իրենց տներն ու գյուղատնտեսական նշանակության հողերը, իրենց ընտանեկան գերեզմանոցները պետք է օտարվեն հանուն մասնավոր բիզնեսի շահի: Զարմանալի է, որ Հայաստանի վեց համայնքի լայնամասշտաբ հողատարածքներ «բացառիկ` գերակա հանրային շահ» անվամբ ձեւակերպվում են, բայց օտարվում են մասնավոր ընկերությանը: Ակնհայտ է նաև այն, որ այդ համայնքների բնակիչները, համայնքի ղեկավարներն ու ավագանինները դեմ են և չեն տալիս իրենց համաձայնությունը: Այսօր նրանց միակ պահանջը` որպեսզի այդ հակապետական և հակամարդկային որոշումն ուժը կորցրած ճանաչվի:

Եթե տվյալ որոշումն իրականացվի, ապա ՀՀ Սյունիքի մարզի վեց համայնքները, մասնավորապես Քաջարանը, ոչ միայն կկորցնեն իրենց հողերը, այլեւ իրենց բնակչությանը, այն միանշանակ նպաստելու է արտագաղթին: Երբ գյուղացու ձեռքից հողը վերցնում ես`  նրան զրկելով գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելուց, ապա այդ դեպքում գյուղում բնակվելն անիմաստ է դառնում գյուղացու համար:

Քաջարան գյուղի բնակիչները հաստատակամ են իրենց սեփական հողերն ու հարազատների գերեզմանոցները պաշտպանելու հարցում: Մենք վեց համայնքների բնակիչների, այդ թվում համառ քաջարանցիների կողքին ենք և դեմ ենք ներկայիս բնաքանդ քաղաքականությանը եւ թույլ չենք տալու մեր գյուղերի փոխարեն տեսնել միայն պոչամբարներ ու լցակույտեր: Մեր պահանջը մեկն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 28.04.2011թ. «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բավառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» 627-Ն որոշումը:

Միահամուռ կերպով, մեկ անգամ ևս մենք ապացուցելու ենք, որ մենք ենք մեր երկրի տերը, եւ որ մենք պետք է որոշենք, թե որտեղ եւ երբ պետք է բացվեն նոր հանքավայրեր: Հասարակության ձայնը վճռորոշ է միայն իրավական և ժողովրդավարական պետություններում: ՀՀ իշխանությունները պարտավոր են մեզ հետ հաշվի նստել և լսել մեր կարծիքը:կովենցիայի ՀՀ կողմից վավերացնելուց հետո այդ կոնվենցիայի պահանջներն այդպես էլ չկիրառվեցին մեր հանրապետությունում, միայն ջանասիրաբար խախտվում են ՀՀ իշխանությունների կողմից:

Ի վերջո, ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի uկզբունքներին ու նորմերին համապատաuխան: Պետությունը uահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպեu անմիջականորեն գործող իրավունք:

Ինչպես տեսնում ենք վերը նշված որոշմամբ «Մարդու» ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները հաշվի չեն առնվել, «Մարդը» դուրս է մնացել ՀՀ կառավարության տեսադաշտից: Փոխարենը գյուղերի զարգացման, գյուղացիների համար սոցիալական և գյուղատնտեսական ծրագրեր իրականացնի, ՀՀ կառավարությունը հանուն բիզնեսի` ազատվում է թվով 6 համայնքների բնակիչներից, շատ պարզ և տեսանելի բանաձև է, դրանով, նա ազատվում է մի շարք հիմնախնդիրների լուծումներից, որոնք այսօր ծառացած են այդ գյուղացիների առջև:

Մենք գտնում ենք, որ սա նաև ազգային անվտանգության հարց է: Միայն Քաջարան գյուղը գտնվում է Նախիջևանի սահմանից 3-4 կմ հեռավորության վրա, հանուն մասնավոր /բիզնեսի/ շահի չի կարելի գյուղերը դատարկել, առանց այն էլ` գյուղերից հեռացել են երիտասարդները` աշխատող ուժը, և գումար վաստակելու, իր և իր ընտանիքի գոյությունը պահպանելու նպատակով մեկնել է արտագնա աշխատանքի, որտեղ էլ շատ հաճախ սպիտակ ստրկության զոհ է դառնում:

Ավելին, ՀՀ սահմանադրության 110-րդ հոդ. համաձայն` «Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են oրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատաuխան oրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչեւ oրենuդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատաuխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են oրենuդրական նախաձեռնությանը: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից: Համայնքների միավորման կամ բաժանման uկզբունքները, կարգը, ինչպեu նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները uահմանվում են oրենքով»:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդ. 2-րդ մասի համաձայն` համայնքները, դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են օրենքով:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդ. համաձայն` «Հայաuտանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների փոփոխումը, նոր համայնքների uտեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դաuակարգման փոփոխումը, ինչպեu նաեւ մարզերի, բնակավայրերի, թաղամաuերի, համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` uույն oրենքի մեջ համապատաuխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով: Մարզերի, Երեւան քաղաքի եւ համայնքների uահմանների նկարագրությունը եւ uահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ uահմանվում են uույն oրենքով»:

Նույն օրենքի պահանջների համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներում:

Ինչպես տեսնում ենք ՀՀ կառավարությունը ոչ միայն ընդունել է հակապետական և հակամարդկային որոշում, այլ նաև բացահայտ խախտել է ՀՀ սահամանդրության, ՀՀ մի շարք օրենքների պահանջներ, այդ որոշմամբ նա փոխում է համայնքների վարչական սահմանների նկարագրությունը, որն ինչպես նշել ենք կատարվում է բացառապես օրենքով: ՀՀ կառավարությունն իր վրա է վերցրել օրենսդրի լիազորությունները, որը կարելի է կոչել իշխանազանցություն:

Այսպիսով, որպես ՀՀ քաղաքացիներ և մեր հանրապետությունում բնապահպանական առկա հիմնախնդիրներով մտահոգ հայ երիտասարդներ, ավելորդ չենք համարում ևս մեկ անգամ հայտնել մեր կարծիքը այսօր հանրապետությունում տարվող բնապահպանական անորակ քաղաքականության մասին:

ՀՀ իշխանությունների կողմից վարած բնաքանդ ու ընդերքախժռման մոլուցքով տառապող քաղաքականության արդյունքում վերացնում ենք մեր բնությունն ու բնական ռեսուրսները: Հիմա էլ արդեն կորցնում ենք սահմանամերձ գյուղերը… Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին եւ իր գերմանացի սեփականատերերին չի բավարարում աշխարհի ամենահարուստ հանքավայրերից մեկը հանդիսացող եւ խորհրդային տարիներից շահագործվող մոլիբդենի հանքավայրը: Ըստ մասնագետների կարծիքների, այս հանքավայրը կարող է ծառայել դեռեւս  հարյուր հիսուն տարի… սակայն, սա բավարար չէ. «գերակա հանրային շահի» անվան տակ ցանկանում են խժռել նաեւ թվով վեց համայնքներ` իրենց բնակելի տներով, հողակտորներով, գերեզմանոցներով եւ եկեղեցիով հանդերձ… սա առնվազն կարող ենք որակել որպես վանդալիզմ սեփական բնակչության նկատմամբ:

Մեր հանրապետության վեց համայնքների ոչնչացման և բնակչության դժբախտության հաշվին թույլ ենք տալիս, որ օտար պետություններն իրենց երկրում կառուցեն իրենց բնակչության բարեկեցությունը:

Ելնելով վերոշարադրյալից ՀՀ կառավարությունից պահանջում ենք անհապաղ ուժը կորցրած ճանաչել իր իսկ կողմից 28.04.2011թ. ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով ընդունված «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 627-Ն որոշումը:

Մենք պահանջում ենք նաեւ, անհապաղ կազմել բնապահպանական կառավարման պլան՝ գործող հանքավայրի բացասական բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունները գնահատելու, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով, այդ աշխատանքներին մասնակից դարձնել նաև շահագրգիռ հասարակությանս:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր դրական արձագանքը:

Հարգանքով և մեծ ակնկալիքով`

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Karen
Haysatanum bnapahpanutiun chi ayl xaytarak vichaka. Ayt mi chuxi hamar aboxch karavarutian anunn e @nknum! El inch huisov eq gnalu @ntrutiunner, te da el xaytarakutiune linelu?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter