HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Նաիրիտ-2»-ը վաճառվեց մեկ շաբաթ առաջ գրանցված ընկերությանը

«Նաիրիտ-2»-ի տեղում կստեղծվի հյուրանոցային համալիր, արտադրամաս, գործարան, բիզնես կենտրոն, բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանատեղի:

Կառավարությունն այսօրվա նիստին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի առաջարկով որոշեց Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեի շենք-շինությունները և դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 10,3 հա հողատարածքը, որը պատկանում է «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ընկերությանը:

Մարտի 1-ի դրությամբ շենք-շինությունների արժեքը, դրանցով զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքը գնահատվել է ավելի քան 626 միլիոն դրամ: Առքուվաճառքի պայմանագրի կնքումից հետո անշարժ գույքի կադաստրային արժեքը ընկերությունը վճարելու է պետական բյուջե, իսկ մնացած մասը` վաճառողի հաշվին, որն այս պարագայում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է:

«Նաիրիտ-2» ՓԲԸ-ի գույքերը օտարվեցին մի ընկերության, որը հիմնադրվել է մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 22-ին: Դրա միակ սեփականատերն ու տնօրենը 25-ամյա Գևորգ Հակոբյանն է: Ընկերությունը գրանցված է հենց Հակոբյանի բնակության հասցեում:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, «Նաիրիտ 2»-ի գույքային համալիրը գտնվում է անմխիթար վիճակում: ՓԲԸ-ն չունի ծրագրեր գույքային համալիրի տարածքում գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

Գույքային համալիրը ձեռք բերելու խնդրանքով «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն փետրվարի 23-ին՝ հիմնադրման հաջորդ օրը, գրությամբ դիմել է վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար: Մասնավորապես ծրագրվել է հիմնել մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով), ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ, երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային և գրասենյակային տարածքներ, բարձրորակ և մատչելի հյուրանոցային համալիր, շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի՝ միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:

Գնորդը երաշխավորել է, որ բոլոր վերը նշված արտադրական և այլ կարողությունները համապատասխանեցնելու է շրջակա միջավայրի պաշտպանության և աշխատանքի կազմակերպմանը, անվտանգության միջազգային չափանիշներին: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել այդ կարողությունների ստեղծման համար մոտակա 7-10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ կամ 15 միլիոն 625 հազար դոլար և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter