
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ նախագահ
Իշխող ՀՀԿ-ի և վերջինիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի օգտին կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ՝ 10, ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 101-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց։
Նախագահի ընտրության արդյունքները ներկայացրեց ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորները քվեարկել էին միակ թեկնածուի օգտին փակ-գաղտնի ընթացակարգով։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց Արմեն Սարգսյանին «պատասխանատու պաշտոնում ընտրվելու համար»։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին քվեարկության համար:
«Ինչպես ասել եմ նախկինում՝ իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը, եռանդս ներդնելու եմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին, ակնկալում եմ նաև ձեր աջակցությունը»,-ասաց Սարգսյանը։
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը գումարվում է հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրը լրանում է ապրիլի 9-ին։
Նիստի գումարման օրը և ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ ԱԺ Խորհրդի որոշմամբ։ Ըստ նոր Սահմանադրության՝ նորընտիր նախագահը պաշտոնավարելու է յոթ տարի, և նույն անձը չի կարող առաջադրվել մեկից ավելի անգամ։
Ներկայացնենք հանրապետության նախագահի լիազորություններն ըստ Սահմանադրության․
Արտաքին քաղաքականության բնագավառ․
1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`
ա) Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր։
բ) Վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.
գ) Ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:
2.Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:
Զինված ուժեր
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:
Բարձրագույն դասային աստիճանների շնորհումը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ:
Հանրապետության նախագահն անձեռնմխելի է, իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել