Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ
64 կողմ, 27 դեմ ձայներով Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:
Քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ Հաչվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի համաձայն՝ ՍԴ անդամի թափուր պաշտոնի քվեարկությունը փակ-գաղտնի ընթացակարգով է ընթանում։
Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Իսկ 27 դեմ ձայները ընկալում եմ այսպես, որ իրենք չէին ուզում, որ ԱԺ-ից գնամ»,- ասաց նա, ապա կատարեց երդման արարողությունը։
«Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ ժողովրդի առաջ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայություն, լինել անաչառ,- ասաց Թովմասյանը, ապա, դիմելով պատգամավորներին, հավելեց,- ես ձեզ կկարոտեմ»։
ՀՀԿ-ականների շարքից արձագանքեցին՝ մենք էլ քեզ: Նիստի վերջում արդեն Թովմասյանին հրաժեշտ էին տալիս, ապա լուսանկարվում։
Հիշեցնենք, որ Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամը չի կարող կուսակցական լինել։ Ինչպես «Հետք»-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, փետրվարի 22-ին Թովմասյանը կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել։
Մեկնաբանել