HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կայացել են Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի բանակցությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել, որի շրջանակում գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական համագործակցության մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի զարգացումը: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Շատ ուրախ եմ և սիրով ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Մենք իմ ընկերոջ հետ առանձնազրույց ենք ունեցել, որի ժամանակ արձանագրել ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և պետք է փաստենք, որ վերջին տարիներին այդ հարաբերություններում առաջընթաց ունենք: Մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը և քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը չափազանց ամուր հենք են հետագա զարգացման համար: Շատ ուրախալի են վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումները և մեր գործընկերների միջև հորիզոնական հարաբերությունները: Ես վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը լինելու է շատ կոնստրուկտիվ և հեռանկարային: Շատ բան ունենք անելու, շատ ուրախ ենք ձեզ ողջունելու, բարով եք եկել Հայաստան»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ: Մեզ համար մեծ պատիվ է լինել երկրում, որը մեր բազմադարյա բարեկամն է: Մեր երկու հանրապետությունների համար էլ այս տարին հոբելյանական է և, համոզված եմ, որ մեր երկու երկրները՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, պատշաճ մակարդակով կնշեն իրենց առաջին հանրապետությունների հռչակման հոբելյանը: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների պատմական, ավանդական բարեկամությունը մեզ հնարավորություն է տալիս բարձր մակարդակի վրա պահել մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական բնագավառում մեր հարաբերությունները: Ուրախ եմ, որ մեր տնտեսական հարաբերությունները ևս առաջընթաց ունեն. անցած տարվա ընթացքում արձանագրվել է երրկողմ ապրանքաշրջանառության 33 տոկոսանոց աճ: Եվ, ինչպես իմ գործընկերը նշեց, ներուժը մեծ է, կարող ենք այդ տնտեսական ներուժն օգտագործել և կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումը կնպաստի դրան»: 

Անդրադառնալով երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը զարգացման լավ թրենդի վրա է, ինչի մասին վկայում են 2017 թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2017 թ. Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 7.5 տոկոս, արտահանման աճը՝ 25.2 տոկոս, ներմուծման աճը շուրջ 28 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ շուրջ 29 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, ծառայությունների աճը՝ շուրջ 15 տոկոս: Կարևորելով անցած տարում Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է ակտիվ աշխատել և´ երկկողմ, և´ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, և դա կարող է հետաքրքիր լինել նաև Վրաստանի բիզնես հանրության համար: 

Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների և տնտեսական աճի համար՝ նշելով, որ Վրաստանի համար կարևոր է հարևան և բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը: Նրա խոսքով՝ ապրանաքաշրջանառության ծավալներն ավելացնելու հնարավորությունները պետք է դիտարկել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով համագործակցության խթանման համատեքստում, և Վրաստանը հետաքրքրված է վարչապետ Կարապետյանի նշած արտոնյալ ռեժիմների ուսումնասիրության և առկա հնարավորությունների վերաբերյալ վրաց գործարարներին իրազեկելու հարցում: Վրաստանի վարչապետը ողջունել է նաև ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա կիրարկմանը: 

Երկու երկրների վարչապետները քննարկել են էներգետիկայի, զբոսաշրջության, պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով էներգետիկ գործակցության զարգացումը: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համակարծիք էին, որ մեծ ներուժ կա զբոսաշրջության ոլորտում, և պայմանավորվածություն ձեռք բերել՝ ակտիվացնել շփումը այդ ոլորտը կարգավորող պետական մարմինների միջև: Կողմերը մտքեր են փոխանակել նաև առողջապահության, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների մշակման, կիբերանվտանգության ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և նշված հարցերի մանրամասն քննարկումը հաջորդ նիստի շրջանակում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայկական մշակութային ժառանգության, մասնավորապես, Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի ամրացման ու վերանորոգման աշխատանքերի համար: Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ հայրենակիցների հետ առկա բարեկամության և համագործակցության պատմությամբ, ովքեր դարերի ընթացքում հսկայական ներդրում են ունեցել Վրաստանի զարգացման գործում: 

Վարչապետներ Կարապետյանը և Կվիրիկաշվիլին պայմանավորվել են նաև ծրագրեր իրականացնել՝ հումանիտար կապերի սերտացման, մասնավորապես, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և բարեկամության ամրապնդման ուղղությամբ:

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին  բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է ֆիքսեմ, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կոնստրուկտիվ մթոնոլորտում: Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային հարցեր: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին. դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին: Խոսել և պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվացնենք: Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականագնման հարցերի վերաբերյալ: Պետք է ֆիքսենք, որ բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից: Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է: Նորից ողջունում եմ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»: 

Գիորգի Կվիրիկաշվիլի. «Շնորհակալություն պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար: Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները. սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել, և մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով: Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև:

Անցած 2017 թվականին անցկացվել են երկկողմ բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ, նախորդ տարվա սկզբին Վրաստան է այցելել Հայաստանի վարչապետը և մենք այսօր պատասխան այցով Հայաստանում ենք:

Նաև անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Հայաստանի նախագահը, և ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն իրապես բարձր մակարդակի վրա են գտնվում: Այցի նշանակության և հարցերի բազմազանության մասին են խոսում մեր դիվանագիտական հարաբերությունները, և ուզում եմ նշել, որ մեր պատվիարկության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առևտրատնտեսական հարաբերություններում:

Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ ևս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարևան պետություն: Մենք քննարկել ենք այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը և, իհարկե, ինչպես նշվեց՝ աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը:

Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջև նոր հարաբերություններին և այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարևոր է նաև նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը, և ուրախ եմ, որ այս շրջանակում կայցելեմ Հայաստանի կրթական զարգացման «Թումո» կենտրոն, հուսով եմ, որ համագործակցությունն այս բնագավառում ավելի կխորանա: 

Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն: 
Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը:

Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի: 

Արձագանքում եմ այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, որը նույնպես Վրաստանի բարեկամն է: Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են և իմ բարեկամ երկրին ցանկանում եմ, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում: 
Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այսօրվա բանակցությունների արդյունքներից, մենք այսօր ամբողջ օրվա ընթացքում կշարունակենք բանակցությունները տարբեր ուղղություններով, կանցկացվեն շատ անհրաժեշտ հանդիպումներ: Շնորհակալություն իմ բարեկամին՝ ջերմ ընդունելության համար և հաջողություն եմ ցանկանում մեր բարեկամ, եղբայր պետությանը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter