HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հ. Հակոբյանն առաջարկում է կանխարգելիչ գործողություններ՝ «հաշմանդամություն ունեցող անձանց թիվը պակասեցնելու համար»

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝  հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվելու է ՄԱԿ-ի 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ուենցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա»-ի պահանջներին, որը ԱԺ-ն վավերացրել է։

ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց` արդյոք այս նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքը իրացվելու է։

Նախարարն ասաց, որ առաջարկվող նախագիծը, ի տարբերություն գործող օրենքի, հավասար հնարավորություններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:

«Որոնք են այն հիմնական գործիքները, որոնք տրված են, որպեսզի ավելի լիարժեք դարձնենք այդ ոլորտում քաղաքականությունը, կարգավորիչ ուժը, կարծում եմ, հետևյալն է՝ համալիր տարեկան ծրագիր և մոնիթորինգի մեխանիզմ՝ անկախ ինստիտուտի կողմից՝ ի դեմս մարդու իրավունքների պաշտպանի։ Համալիր հինգ տարվա ծրագրով նախատեսել ենք, որ բոլոր ուղղություններով պետք է նախանշվեն, թե ինչ ենք իրականացնելու, դրանից բխող տարեկան ծրագրերը առարկայական գործողությունները կսահմանվեն, մոնիթորինգն էլ մշտադիտարկելու է, թե որքանով են այդ ծրագրերն իրականացվում»,- ասաց Ասատրյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին հետաքրքրում էր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցը, քանի որ, ըստ պատգամավորի, ոչ բոլոր ընտրատեղամասերն են հարմարեցված նրանց տեղաշարժի համար։

«Այս օրենքի նախագծով հիմքն է դրվում՝ անձի անհատական կարողությունների ապահովման: Մենք շատ անելիքներ ունենք, որովհետև այն շենքերը, որոնք ժամանակի ընթացքում կառուցվել են, այս չափորոշիչներին չեն բավարարել, բայց այս նախագծով դրվել է այն, որ նոր կառուցվողները պետք է չափորոշիչներին համապատասխանեն, իսկ ինչ վերաբերում է գործողներին, պետք է ունենան խելամիտ հարմարեցումներ»,-պատասխանեց Արտեմ Ասատրյանը։

Անդրադառնալով հաշմանդամությունը ճանաչելու գործընթացին՝ բժշկասոցիալական փորձաքննությանը, նախարարն ասաց․ «Մենք նախապատրաստել ենք մեծ փաթեթ, որով այդ գործընթացն ամբողջությամբ վերակառուցում ենք և պայմանավորվել ենք նաև հանձնաժողովի (նկատի ունի Առողջապահության և սոցիալական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովը) հետ, որ հաջորդ փուլում օրենք ենք բերելու, այդ ամենը կարգավորենք»։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև հաշմանդամության կարգ ունեցող անձանց թվի նվազմամբ:

«Նախորդ տարվա ընթացքում իրականացված հստակեցումների արդյունքում, երբ հստակեցրել ենք, թե ինչպիսի փորձաքննությունների արդյունքում են ճանաչում հաշմանդամություն ունեցող անձ, մենք ունեցել ենք նվազում՝ հիմնականում երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, և թվաքանակը կազմել է 193 հազար՝ նախկին 205 հազարից»,- արձագանքեց Արտեմ Ասատրյանը։

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ևս անդրադարձավ հաշմանդամության կարգ ունեցող անձանց թվի նվազմանը: «Ես համոզված եմ, որ դուք տիրապետում եք ՀՀ մշտական բնակչության թվաքանակին, ի՞նչ եք կարծում՝ համապատասխանո՞ւմ է արդյոք հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը միջազգայնորեն ընդունված բնակչության քանակի հետ»,- հարցրեց նա։ Նախարարը հայտնեց, որ տարբեր երկրներում տարբեր մոդելներ են գործում․ «Երբ մենք փորձում ենք մեխանիկորեն համեմատել, օրինակ, մեր երկրի համակարգի ներքո հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակն այլ երկրների հետ, պետք  է համեմատենք նախ` ինչ համակարգեր են գործում, որովհետեւ երկրների մեծ մասում հաշմանդամության խնդիր ունեցող անձ ճանաչում են նաև անձի՝ անհատական լրացված թերթիկի հիման վրա»:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ պետք է համեմատել համեմատելիները. «Այս առումով բնակչության 6%-ի չափով է մոտ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը, և եթե այս բարեփոխումների ներքո իրականացնենք անհրաժեշտ փոփոխությունները, որոնք ենթադրում են գնահատված կարիքին համապատասխան ծառայություններ, ապա այդ թվաքանակը կարող է ավելանալ» ։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ նախագիծը բավական երկար է քննարկվել շահագրգիռ կողմերի հետ․ «Կոնվենցիան, որի համար այս օրենքը ընդունում ենք, բաժանված է հետևյալ սկզբունքով՝ քաղաքացու մինչ հաշմանդամ ճանաչվելը և հաշմանդամ ճանաչվելուց հետո: Այս օրենքը համապատասխանում է կոնվենցիային հաշմանդամ ճանաչվելուց հետո, իսկ մինչև ճանաչվելը ինչպես, ինչ ընթացակարգով պետք է ճանաչենք և ինչ գործողություններ պետք է անենք, որ չունենանք շատ հաշմանդամներ, որ կարողանանք առողջապահության համակարգը ներդնել՝ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը պակասեցնելու համար, դա կլինի հաջորդ օրենքը, որն առաջիկայում կգա ԱԺ»:

Այս խոսքերից հետո վարման կարգով արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ զարմանալով, թե ինչպես են պատրաստվում կրճատել հաշմանդամություն ունեցող անձանց թիվը, քանի որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի ծնվում են որոշ խնդիրներով, ինչն անբուժելի է։

«Ձևակերպումը կոռեկտ չէ, մարդիկ ծնվում են որոշակի հիվանդություններով, խոսքը պետք է լինի ոչ թե նրանց թիվը պակասեցնելու, այլ առավելագույն ձևով հասարակությանն ինտեգրելու մասին»,-նկատեց Միրզոյանը։

Հակոբ Հակոբյանի ասելով` կանխարգելիչ գործողություններն այս օրենքին չեն վերաբերում, այն առաջիկայում է ներկայացվելու խորհրդարան։

 «Մենք երևի իրար լավ չենք հասկանում, պարոն Հակոբյան, կապ չունի` որ օրենքի մասին է խոսքը,  պետք է այնպես անել, որ նման մարդիկ նորմալ ապրեն, այլ ոչ թե թիվը  պակասեցնել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

«Եթե տրանսպորտային միջոցների արագությունը սահմանենք 140, վթարների թիվը կշատանա, հաշմանդամ մարդիկ կավելանան, եթե ՀՀ-ում սեյսմիկ ապահովությունը սարքենք վեց բալ, ապա ցանկացած փոքր ցնցման դեպքում կունենանք ավերածություններ, իմ ասածը սրա մասին է։ Այս օրենքի հետ կապված կանխարգելման տրամաբանություն չի կարող լինել, այստեղ դրված է սոցիալական ներառման հոգեբանությունը»,-ասաց Հակոբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter