HY RU EN

Արաքս Մամուլյան

Քննիչի և փաստաբանի վերաբերյալ կաշառքի գործով ցուցմունք տվեցին կաշառք տալու մեջ մեղադրվողի որդիները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում փաստաբան Գայանե Գալոյանի, քննիչ Միքայել Զադոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ կաշառքի գործով այսօր  ցուցմունք տվեցին Գասպարյանի երկու որդիները, սակայն նրանցից մեկի հարցաքննությունն ավարտին չհասավ:

Հիշեցնենք, որ Բաբկեն Գասապարյանն, ըստ մեղադրանքի, Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու համար քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: Ըստ գործի նյութերի` Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարք՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:

Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության գալով, նրան ուղարկել են փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, որը ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

 Փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Զադոյանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, իսկ Բաբկեն Գասպարյանն ընդունում է այն: Վերջինս կաշառք տալու մասին Ազգային անվտանգության ծառայությանը հաղորդում տալուց հետո մասնակցել է օպերատիվ-հետախուզական միջոցառման, հանդիպում ունեցել ինչպես Գայանե Գալոյանի, այնպես էլ քննիչ Միքայել Զադոյանի հետ, և վերջիններիս հետ խոսակցությունները օպերատիվ հետախուզական միջացառման շրջանակներում ձայնագրվել են:

 Նշենք, որ այս պահին Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, կալանքի տակ է: Նրան վերագրվող Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով արարքը չի վերաորակվել 116-ի:

 Այսօր դատարանում ցուցմունք տված Հովհաննես Գասպարյանը ՝ Բաբկեն Գասպարյանի որդին, պատմեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 20-ին ինքն ու եղբայրը տուն գնալիս են եղել, երբ չորս անձինք հարձակվել են իրենց վրա: Դրանից հետո, ըստ Հովհաննես Գասպարյանի, եղբայրը ստիպված է եղել ինքնապաշտպանվել ու դանակով հարվածներ է հասցրել իրենց վրա հարձակվող անձանց:

«Եղբայրս ստիպված է հարվածել նրանց, որ փրկի մեզ»,- հայտարարեց Հովհաննես Գասպարյանը:

Վկայի խոսքով՝ շուտով իրենց տուն խուզարկության են եկել և ծանուցագրեր տվել՝ իրեն ու եղբորը հարցաքննության հրավիրելու մասին. իրեն՝ որպես վկա, եղբորը՝ որպես կասկածյալ:

 Ըստ Հովհաննես Գասպարյանի, երբ  իրենք գնացել են հարցաքննության, հայրը բարձրացել է քննչական բաժին և վերադառնալով՝ հայտնել, որ  քննչականից  տվել են  փաստաբան Գայանե Գալոյանի հեռախոսահամարը, որպեսզի կապ հաստատի նրա հետ, ինչպես նաև` 3000 ԱՄՆ դոլար գումար ուզել:

 Դրանից հետո, ըստ Հովհաննես Գասպարյանի, իրենք գնացել են Գայանե Գալոյանի գրասենյակ, շուրջ 30 րոպե զրուցել նրա հետ, ապա փաստաբանը գնացել է քննչական՝ ասելով, թե գնում է, որպեսզի տեսնի, թե ինչ կարող է անել: Մոտ 20 րոպե անց վերադառնալով՝ Գալոյանն, ըստ վկայի ցուցմունքի, ասել է, որ 3000 ԱՄՆ դոլար գումար են պահանջում Սոս Գասպարյանին չկալանավորելու ու նրան վերագրվող արարքը վերաորակելու համար: Հովհաննես Գասպարյանի խոսքով՝ հայրն այդ գումարը տվել է փաստաբանին, ապա մոտ տասը րոպե անց իրենք գնացել են քննչական:

Գայանե Գալոյանն, ըստ վկայի խոսքի, ասել է, որ Սոս Գասպարյանն այդ օրը՝ դեկտեմբերի 29-ին չհարցաքննվի, քանի որ եթե բարձրանա, կձերբակալեն, ուստի ցուցմունք է տվել միայն ինքը՝ Հովհաննես Գասպարյանը:

Վերջինս դատարանում հայտնեց, որ հարցաքննության ժամանակ Գայանե Գալոյանը ասել է. «Մի հատ էսի տանեմ, գամ»: Եվ ինքը կարծել է, թե խոսքը գումարի մասին է: Վկան, սակայն, դատարանում հստակ չպնդեց, թե Գայանե Գալոյանն իրենց տված գումարն է տարել՝ ինչ- որ մեկին տալու:

Տևական ժամանակ պաշտպանական կողմը հարցեր էր տալիս վկային՝ պարզելու, թե արդյոք Գայանե Գալոյանը քննչական գնալիս իր հետ վերցրել է ենթադրյալ կաշառքի գումարը, սակայն այս առնչությամբ ևս Հովհաննես Գասպարյանը հստակ որևէ պնդում չարեց: Վերջինս պնդեց միայն, որ հայրն իր և եղբոր ներկայությամբ է փաստաբանին տվել գումարը, իսկ թե Գալոյանը որտե՞ղ է դրել այն կամ առհասարակ դրե՞լ է ինչ-որ տեղ, թե՞ վերցրել իր հետ, վկան չգիտի. ասում է՝ այդ հանգամանքին ուշադրություն չի դարձրել:

Գասպարյանը նշեց, որ կաշառքի առաջարկն արել է հայրը, բայց թե կոնկրետ ում է առաջարկել, հստակ չգիտի: Հստակ չնշեց նաև, թե կոնկրետ ով է հորն ուղղորդել, որպեսզի դիմի Գայանե Գալոյանին.  ենթադրում է, որ Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը կամ քննիչ Միքայել Զադոյանն են ուղղորդել, քանի որ հայրը վերջիններիս հետ է զրուցել:

Մեղադրող, ինչպես նաև պաշտպանական կողմը բազմաթիվ հարցերի միջոցով փորձում էին պարզել նաև, թե արդյոք հոր կաշառք տալու առաջարկն ընդունվել է, ի՞նչ պատասխան է տրվել այդ առաջարկին, ո՞ւմ կողմից, սակայն այս հարցի պատասխանը վկան չուներ: Հովհաննես Գասպարյանը պարբերաբար նշում էր, որ ինքը գումարի մասին բոլոր խոսակցությունները հորից է իմացել, և եթե ինչ-որ հարցի պատասխան չգիտի, ապա դրա նրանից է, որ հորից չի հարցրել:

Նշենք, որ, ըստ կաշառքի վերաբերյալ գործի հանգամանքների,  ենթադրյալ կաշառքը Գայանե Գալոյանի միջոցով տրվել է Բունիաթ Եղիազարյանին և Միքայել Զադոյանին՝ ինչպես արդեն նշել ենք՝ Սոս Գասպարյանի արարքը վերաորակելու և նրան ազատությունից չզրկելու համար, սակայն փաստը մեկն է, որ Սոս Գասպարյանը կալանավորվել է:

Մասնավորապես՝ վերջինս 2017 թվականի սկզբին ձերբակավել, ապա գրավի դիմաց ազատ է արձակվել, որից որոշ ժամանակ անց կալանավորվել ու կալանքի տակ է գտնվում առ այսօր:

Դատավարության կողմերը Հովհաննես Գասպարյանին ուղղված հարցերի միջոցով փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ նրա ընտանիքը ետ չի պահանջել ենթադրյալ կաշառքի գումարը, այն դեպքում, երբ եղբոր գործը չի ընթացել այն ուղղությամբ, որով պիտի ընթանար՝ ըստ պայմանավորվածության: Գասպարյանը հայտնեց, որ իրենց մշտապես ասվել է, որ լավ կլինի, որ գործն ընթացքի մեջ է:

Պաշտպանական կողմը հարցրեց, թե ինչո՞ւ Գասպարյանի ընտանիքը գումարը ետ չի պահանջել անգամ այն բանից հետո, երբ եղբոր՝ Սոս Գասպարյանի գործը Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով ուղարկվել է դատարան: Ի պատասխան` Գասպարյանը հայտնեց, որ իրենց հայտնի չէր, թե քննիչն ինչպիսի ազդեցություն ունի գործի դատավարական փուլի վրա: Բացի այդ՝ վկան շեշտեց, որ ինքը քննիչ Զադոյանին անձամբ գումար չէր տվել, հետևաբար չէր կարող նրանից գումարը ետ պահանջել:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Գայանե Գալոյանի նկատմամբ դատավորը նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց: Վերջինս Հովհաննես Գասպարյանի ցուցմունքի ընթացքում մի քանի անգամ ռեպլիկներ արեց, առանց դատարանի թույլտվության հայտարարեց, որ վկան ստում  է, ու թեև դատարանի դիտողությունն ընդունեց ու համաձայնեց, որ առանց թույլտվության միջամտելու իրավունք չունի, ցածրաձայն շարունակեց խոսել:

«Գետինը մտնեք»,- ասաց կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փատաբանը: Քիչ անց՝ հերթական ռեպլիկից հետո, դատավորը նկատողության տեսքով սանկցիա կիրառեց նրա նկատմամբ:

Վկայի հարցաքննությունից հետո Գայանե Գալոյանը հայտարարեց, որ քննչական բաժնում Հովհաննես Գասպարյանի հարցաքննության ժամանակ ինքն իսկապես ասել է` մի հատ էսի տանեմ, գամ», բայց դա որևէ գումարի հետ առնչություն չի ունեցել: Գալոյանի խոսքով՝ ինքը դիմում է գրել այն մասին, որ հարցաքննության օրը Սոս Գասպարյանն առողջական խնդիր է ունեցել, չի կարող ներկայանալ, և դիմումն է նկատի ունեցել՝ ասելով «մի հատ էսի տանեմ, գամ»:

Դատարանում սկսվեց նաև Սոս Գասպարյանի հարցաքննությունը: Վերջինս հայտնեց, որ այն ժամանակ, երբ իրենք գնացել են հարցաքննության, Գալոյանի հեռախոսահամարը հորը տվել է քննիչ Միքայել Զադոյանը: Գալոյանն ու Զադոյանն, ըստ Սոս Գասպարյանի խոսքի, երբեմն իրեն կալանավայրում այցելել ու ասել, որ լավ կլինի, շուտով՝ հինգ օրից, տասը օրից ինքն ազատ կարձակվի, ինչը, սակայն, չի արվել:

Գասպարյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ՝ մարտի 6-ի դատական նիստում:

Գլխավոր լուսանկարում դատավոր Մեսրոպ Մակյանն է