HY RU EN

Գայանե Սարգսյան

Լեռնավանցի ֆերմերը բազմաթիվ ձախողումներից հետո կարողացել է հավաբուծությունը վերածել շահութաբեր բիզնեսի

Լոռու մարզի Լեռնավան համայնքի բնակիչ, 27-ամյա Համլետ Մազմանյանը մեկ տարի է` զբաղվում է հավաբուծությամբ: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդը որոշել է՝ պետք է մնա գյուղում՝ ընտանիքի կողքին, ու սկսի սեփական գործը: Չնայած դժվարություններին, Համլետը վստահ է՝ գյուղում աշխատելով էլ հնարավոր է հաջողության հասնել:

Լեռնավանի գյուղամիջում մեծ թվով տղամարդիկ են հավաքված: Մի քանի մետր այն կողմ տղամարդկանց մեկ այլ խումբ է կանգնած: Առաջին միտքը, որ ծագում է, հարցի տեսքով է. գյուղում անելու գործ չկա՞:

Րոպեներ անց, գյուղի ակտիվ ֆերմերներից Համլետ Մազմանյանի տուն ուղեկցող երիտասարդը մեր հարցին ի պատասխան, ասում է. «Ի՞նչ գործ, էստեղ անելու բան չկա: Գյուղի բոլոր տղամարդիկ պատրաստվում են խոպան գնան»:

Բակում արդեն լսվում է հավերի կչկչոցը: Րոպեներ անց հավանոցից դուրս են գալիս Համլետն ու մայրը՝ աշխատանքից հոգնած, կարմրած, քրտինքը երեսներին:

Հավաբուծարանում շուրջ 1000 թռչուն կա: Հավի ձվի ինկուբացիայից մինչև վաճառքի հանելու ողջ գործընթացն անում են ընտանիքի անդամներով՝ Համլետը, կինը և ծնողները:

 Հավաբուծարան հիմնելու որոշումը 27-ամյա երիտասարդը կայացրել է մեկ տարի առաջ:

«Չորս տարի ես էլ բոլորի նման Ռուսաստան էի գնում-գալիս: Արդեն զզվել էի գնալուց: Չորս տարին բավարար էր, որ հասկանայի՝ ապագա չկա էնտեղ, հեռանկար չկա»,- ասում է Համլետը:

Գյուղում մնալու որոշումը կայացնելուն նպաստել է նաև հոր փորձառությունը, որը 30 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի, ու երեխաները հորը տեսնելու բերկրանքը վայելել են տարվա մեջ մի քանի ամիս միայն:

«Ես ինչ հիշում եմ, ինքը գնացել է: Մինչև ամուսնանալը գնացել ա, ամուսնանալուց հետո գնացել ա: Մենակ ինքը չէ, մեր գյուղում ոնց որ ավանդույթ է դարձել, որ երեխեն դպրոցն ավարտեց, պիտի գնա Ռուսաստան»,- պատմում է Համլետը:

Արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը չեն վերադարձել, մի մասն էլ ժամանակի ընթացքում տարել է ընտանիքներին:

«Հիմի որ դուրս գանք, դատարկ տները հերթով ցույց տամ, կսարսափեք: Մեր տնից էն կողմ` բոլոր տները դատարկ են»,- ասում է զրուցակիցս ու թվում գյուղից հեռացածների անունները:
Թռչնաբուծությամբ զբաղվելու որոշումը կայացրել է տարիներ շարունակ ոլորտը ուսումնասիրելուց հետո: Չնայած տեսական գիտելիքներին` պրակտիկայում բազմաթիվ ձախողումներ է ունեցել:

«Սկզբից մենակ ձախողում էինք: Առաջին ձախողման պրոբլեմներն էի փորձում հասկանալ, վերլուծել, երկրորդ փորձն էի անում, հիմա էլ մի ուրիշ սխալ էի թույլ տալիս: Սկզբնական շրջանում հավերս համատարած սատկում էին»,- կատակում է Համլետը:

Ասում է՝ հավաբուծության նրբություններին ծանոթանալու համար դիմել է  հավաբույծների օգնությանը: Կարևորագույն  նրբությունների մասին, սակայն, իմացել է միայն սեփական ձախողումների ու փորձառության արդյունքում:

«Հայաստանում մարդը, որ մի բան կարողանում է անի, չի ուզում կիսվի: Մենք գիտենք, ուրիշին չենք ուզում ասենք: Դիմում էի հավ պահողներին, ասում էին էնպիսի բաներ, որ բոլորը գիտեն, բայց էն ամենակարևոր նրբությունները, որ պետք է իմանայիր, լրիվ գաղտնի էին պահում»,- ասում է նա ու վստահեցնում՝ հիմա ինքը պատրաստ է օգնել հավաբուծությամբ զբաղվող ցանկացած մարդու:

Գյուղատնտեսության տարբեր ճյուղերում առաջընթացի բացակայության կամ դանդաղ տեմպերի կարևորագույն պատճառն, ըստ Համլետի, գյուղացու գիտելիքների պակասն է:

«Գյուղերում շատ քիչ գիտելիք ունեն գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ճիշտ զբաղվելու հետ կապված: Ով ոնց գիտի, ոնց կարում ա, էդպես էլ անում ա: Գյուղացին կրթվելու կարիք ունի: Շատ երիտասարդներ կան, որ իրանց պատեպատ են տալիս, չգիտեն ի՞նչ անեն, ո՞ր կողմից սկսեն: Մի պետական ծրագիր կամ աջակցություն չկա, որ դրա շրջանակներում գյուղի երիտասարդներին ուղղորդեն, թե որ ուղղությամբ առաջ շարժվեն»,- նշում է երիտասարդը:

Հարցնում եմ՝ իսկ պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութը, սերմացուն աջակցություն չէ՞:

«Ես չեմ կարծում, որ էդ գները սուբսիդավորված են: Թանկացնում են, հետո իջացնում նորմալ գնի, անունը դնում սուբսիդավորում: 7000 դրամ մեկ պարկ ազոտական պարարտանյութը սուբսիդավորված է՞: Եթե դա է սուբսիդավորելը, ուրեմն ես չգիտեմ սուբսիդավորելն ինչ է,- ասում է Համլետն ու անդրադառնում գյուղատնտեսական վարկերին,- գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են, ու շատ կարճ ժամանակում գյուղացին պարտավոր է հետ վերադարձնել: Շատ փոքր է սուբսիդավորված վարկերի ծավալը: Մինչև իմանում ես դրա մասին, պրծնում է»:

Սպառողին որակյալ հավ մատակարելու համար Համլետն անընդհատ զբաղվում է ինքնակրթությամբ, փորձում պահպանել անհրաժեշտ բոլոր պայմաններն ու կերացանկը՝ լավագույն արդյունք ստանալու համար:

«Եգիպտացորեն, ցորեն, գարի, գարոխ (կանաչ ոլոռ), սոյա, ձեթի մնացուկներ, արևածաղկի կճեպ, ձկնալյուր, մսալյուր, մածուն, կեֆիր. իմ հավերի հիմնական կերացանկը սա է: Միակ թերությունը, որ գնորդները նշում են, հավի փոքր քաշն է՝ 1,0-1,3 կգ: Դրա պատճառն էլ այն է, որ ուղղակի չեն հասցնում պատվերները կատարել, իսկ արհեստականորեն խոշորացնել չեմ ուզում»,- նշում է Համլետը:

Վստահ է՝ կգա ժամանակն ու սպառողը կսկսի գնահատել տեղական, առանց հավելումների որակյալ արտադրանքը:

«Հասարակությունն ինչքան շուտ սկսի գիտակցել, որ պետք է առողջ սննդով սնվի, այնքան գյուղատնտեսության վիճակը երկրում կլավանա: Ինչքան շուտ գիտակցենք, որ խթանելով տեղական արտադրողին` նպաստում ենք նոր աշխատատեղեր բացվելուն, այնքան լավ»,- ասում է Համլետը: