Քաղաքապետարանն ուսումնասիրում է միկրոավտոբուսների աշխատանքը
Երևանի մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ. 53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են սահմանված պլանային քանակներից, ինչի արդյունքում մեծ են շարժման միջակայքերը, և չի ապահովվել երթուղիների կանոնավոր սպասարկումը: Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ. 4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50%-ի արտաքին տեսքն անբավարար է:
Այսպիսի պատկեր է ստացվել Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվող մոնիտորինգի ապրիլ ամսվա արդյունքների վերլուծությունից:
Սահմանված ուղեվարձից բարձր' 200 դրամով փոխադրումներ իրականացնելու (միկրոավտոբուսային հ.հ. 69 և 76 երթուղիներ), երթուղում սահմանված քանակի շարժակազմ չապահովելու և ուղևորների սպասարկումը ձախողելու (հ. 53 երթուղի) համար մրցութային հանձնաժողով են ներկայացվել համապատասխան հիմքեր' նշված երթուղիները սպասարկող կազմակերպությունների հարցը քննարկելու և նրանց սպասարկման իրավունքից զրկելու համար:
Ներքաղաքային երթուղիներում շահագործվող թվով 34 տրանսպորտային միջոցի դեպքում արձանագրվել են հասարակական տրանսպորտի կանգառներից օգտվելու կանոնները խախտելու դեպքեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ' այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել մոնիտորինգը և երթուղիները սպասարկելու պայմանագրային կետերը խախտած անբարեխիղճ տնտեսվարողներին ենթարկել խիստ պատասխանատվության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել