Հայ ճանապարհաշինարարներն այսուհետ ասոցիացիա կունենան
Հայաստանի ճանապարհաշինարարարներն այսուհետ կմիավորվեն մեկ ասոցիացիայի ներքո։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնում է, որ Երևանում տեղի է ունեցել «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, ոլորտում հաջողության հասած ճանապարհաշինական մեծ ու փոքր մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը պաշտոնապես ազդարարեց ասոցիացիայի աշխատանքների մեկնարկը' կարևորելով ոլորտի կանոնակարգման մեջ նմանատիպ կազմակերպության դերը։
Նրա խոսքով' ասոցիացիա ստեղծելու գաղափարը վաղուց էր առաջացել, բայց միայն այսօր դա իրականություն դարձավ։
«Մեր նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում
գործող պրոֆեսիոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրեր իրագործելու համար»,- ասաց Էդուարդ Բեզոյանը։
Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նախարար Վահան Մարտիրոսյանի անունից շնորհավորեց բոլոր ճանապարհաշինարարներին կարևոր ձեռքբերման համար' հույս հայտնելով, որ այս կառույցը լավագույնս կներկայացնի ճանապարհաշինական ընկերությունների շահերն ու հետաքրքրությունները։
«Ճանապարհաշինությունը մեր երկրի տնտեսության չափազանց կարևոր և առանցքային բնագավառներից է, ճանապարհները՝ յուրաքանչյուր երկրի արյունատար անոթները: Վստահ եմ, որ այն գործնական նոր կապեր ստեղծելու, դրանք ամրապնդելու և հաստատելու, միջազգային առաջադեմ փորձը կիրառելու լայն հնարավորություններ կտա։
Ակնկալում ենք կազմակերպության ակտիվ մասնակցությունը և աջակցությունը ճանապարհաշինության ոլորտում իրականացվող լայնամասշտաբ, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական ծրագրերին»,- ասաց Գագիկ Գրիգորյանը:
Ասոցիացիայի հիմնադրումը ողջունեց նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը։
Նա նշեց, որ չափազանց կարևոր է ոլորտում դրսի նորարարական փորձի ներդրումը և մասնագետների շփումներն ու փորձի փոխանակումը։
«Ճանապարհաշինության դերակատարումը թերագնահատել, իհարկե, դժվար է: Դա արտահայտվում է նաև մեր կառավարության հաստատած ու շարունակաբար իրականացվող ծրագրերում: Այս իմաստով դուք բոլորդ շահեկան դիրքերում եք և շուկան գնալով մեծանում է: Շուկայում որոշակի կարգավորումների բարելավման, նորամուծությունների կիրառման իմաստով ես շատ կարևորում եմ ասոցիացիայի հիմնումը և բարեհաջող աշխատանքի իրականացումը»,- ընդգծեց Վարդան Կարապետյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել