HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սահմանադրության նախագիծը կարող է հանրաքվեի ներկայացնել առնվազն 200 հազար ընտրական իրավունք ունեցող քաղաքացի

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում է արտահերթ նիստ՝ վաղը արտահերթ նիստ գումարվող քառօրյայում ընդգրկված մի շարք հարցերի քննարկման համար։ Առաջին նիստն է, որն ընթանում է հանձնաժողովի նորընտիր նախագահ Գևորգ Կոստանյանի նախագահությամբ։ Հանձնաժողովը քննարկում է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը։

Ըստ գործող օրենքի՝  հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության՝ 18 տարին լրացած քաղաքացիները: Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները հանրաքվեին մասնակցում են հավասար հիմունքներով։ Հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները: Առաջարկվում է այս հոդվածը փոփոխել այսպես. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Առաջարկվող փոփոխություններից է այն, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ՀՀ կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 հազար քաղաքացի։ Վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության, ինչպես նաև Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը կառավարությունը ներկայացնում է խորհրդարան։ Ազգային ժողովը ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանած կարգով քննարկում է առաջարկությունը և հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Նախագծում նշվում է նաև, որ հանրաքվեի կարող է դրվել քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումը խորհրդարանի կողմից մերժվել է։ Հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, նախարարարությունների ցանկին և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին, ինչպես նաև այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և նույնաբովանդակ են։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համոզմամբ, այս նախագիծը հերթական այն նախագծերից է, որոնք պարզապես «դիզայնի համար են»: Պատգամավորը հղում կատարեց օրենքի այն դրույթին, որով արգելվում է մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց պարտականությունները իրականացնելիս ցանկացած բնույթի քարոզչություն կատարել։

«Մենք շատ լավ գիտենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում այդ խախտումները հիմնականում կատարում են ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերը»,- ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ օրենքի ընդունման պարագայում էլ հնարավոր չէ բացառել մանկավարժական կազմի կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելը։

Պատգամավորը զարմացավ նախագծի նման ձևակերպման համար, որ վերջիններս, իրենց մասնագիտական պարտականություններից դուրս, կարող են քարոզչություն կատարել․

«Ինչ է, օրվա վերջում մենք էլ պատգամավոր չե՞նք»,- հարցրեց նա՝ դիմելով գործընկերներին։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ ասաց, որ եթե պատգամավորն առաջարկում է մանկավարժներին հանել նախընտրական քարոզչության սուբյեկտների ցանկից, ապա այդ դեպքում բուժանձնակազմին էլ պետք է հանել այդ ցանկից։ Գևորգ Պետրոսյանի առաջարկը, ըստ որի բուժանձնակազմը և մանկավարժները պետք է զրկվեն նախընտրական քարոզչություն կատարելու իրավունքից նաև մասնագիտական պարտականությունները կատարելուց հետո, հանձնաժողովի կողմից մերժվեց։

Նախագիծը ներկայացվեց քվեարկության և արժանանալով հանձնաժողովի հավանությանը` ընդգրկվեց քառօրյայի օրակարգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter