HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկում են նախարարի տեղակալների պաշտոնները դիտարկել որպես քաղաքական

ԱԺ Պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթը։ Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունը մամուլի քարտուղարների պաշտոններում ևս որոշակի սահմանափակումներ է նախատեսում։ Օրենսդրական փաթեթը ներկայացրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Մենք երկար ժամանակ ունեցել ենք պետական պաշտոնավարման համակարգ, որը, ըստ տարբեր գնահատականների, բավական ֆրագմենտացված է: Մենք ունեինք շատ ծառայություններ, որոնք հաճախ ունեին իրար կրկնող կարգավորումներ, այժմ միասնականացնում ենք այդ կարգավորումները՝ միևնույն ժամանակ ապակենտրոնացնելով քաղաքացիական ծառայության կառավարումը։ Մրցույթների իրականացման, քաղաքացիական ծառայողների խրախուսման համակարգերի իրականացումն արդեն տեղի է ունենում տվյալ գերատեսչությունում, միակ ընդհանուր գործառույթն ընդհանուր մեթոդաբանական դաշտի ապահովումն է, վարչապետի աշխատակազմում մենք ունենում ենք գրասենյակ, որը տալիս է այդ կարգավորումները»,- ասաց Գաբրիելյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ տպավորություն է, որ «ինքնանպատակ օրենքներ են ընդունում»․

«Բացարձակ հիմնավորում չկա, թե ինչու պետք է ընդունենք քաղաքացիական ծառայության մասին նոր օրենք, եթե նույնաբովանդակ, նույն վերտառությամբ օրենք ենք ընդունում, իմ խորին համոզմամբ՝ այդտեղ կարգավորվող հասարակական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունն ու ռազմավարությունը փոխվի, սկզբունքները փոխվեն, բայց էստեղ ամբողջությամբ նույն սկզբունքներն են։ Իմ կարծիքով՝ մանր-մունր փոփոխություններ են՝ գլխավոր քարտուղար է ավելացել։ Ո՞րն է նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունը»,- հարցրեց նա։

Փոխվարչապետն արձագանքեց, որ փաթեթի սահմանադրական հիմքերն արտացոլվում են այնքանով, որքանով օրենքը համակցվում է մնացած օրենքների հետ, որոնք ենթադրում են պետական կառավարչական համակարգի որոշակի փոփոխություններ:

«Մյուս տեսակետից ես կրկին նշեցի, որ մենք փիլիսոփայությունը փոխում ենք, որովհետև այն համակարգը, որ մենք ունենք, իրապես կատարել է այն դերը, որը նշված է, կայունացրել և կայացրել է քաղաքացիական ծառայության համակարգը, սակայն դա չի նշանակում, որ այն եղել է խիստ արդյունավետ։ Բազմաթիվ երկրներում մրցույթները, սկզբունքները, ընդգրկումը` տարբեր ծառայությունների շատ ավելի լայն են և ավելի քիչ փուլերով»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

Գաբրիելյանը խորհուրդ տվեց պատգամավորին ավելի ուշադիր լինել և նկատել, որ օրենքների բավականաչափ հոդվածներ, որոնք կրկնվել են, բարեփոխվել են այն տեսանկյունից, որ մնացել են մեկ օրենքի նախագծում։

«Բացի դրանից, էական փոփոխություններ են կատարվել պաշտոնների դասակարգման մեջ, եթե նախկինում նախարարների տեղակալներին համարում էինք հայեցողական պաշտոն, հիմա առաջարկում ենք դիտարկել քաղաքական պաշտոն, որովհետև նրանք նույն քաղաքական թիմի մի մասն են։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք պետք է լինեն կուսակցական, նման դրույթ չկա, ուղղակի նրանք իրականացնում են քաղաքական պաշտոնավարում, ինչպես աշխարհի երկրների տոտալ մեծամասնությունում»,- ասաց նա։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի խոսքով՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում գործում է այն սխեման, որ հանրային ծառայության պաշտոնները դասակարգվում են երկու խմբի՝ պետական և համայնքային:

«Պետական պաշտոններն իրենց մեջ ներառում են չորս խմբեր՝ քաղաքական, ինքնավար, վարչական և հայեցողական: Համայնքային պաշտոնների մեջ ներառված են քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոնները։ Այս օրենքների նախագծերով պայմանավորված՝ հսկայական ծավալով փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Նաև երևի թե որպես հարց ձևակերպեմ սա՝ այն բոլոր դեպքերում, որտեղ ներկայումս գործող պաշտոնների համար որոշ սահմանափակումներ կան, օրինակ՝ նախարարի խորհրդականի համար սահմանվել է նվազագույնը 30 տարեկանի շեմ, մենք մեր իրավակիրառ պրակտիկայում կարող ենք ունենալ 25, 26 տարեկան խորհրդական, կարծում եմ՝ անցումային դրույթներով պետք է անդրադառնանք դրան, հակառակ պարագայում՝ նրանց կարգավիճակը կարող է փոփոխվել։ Պարոն Գաբրիելյան, խնդրում եմ ձեր ուշադրությունն այս հանգամանքի վրա, որպեսզի մենք այսօր պաշտոն զբաղեցնող անձանց իրավիճակը չվատթարացնենք»,- ասաց Մախմուդյանը։

Վաչե Գաբրիելյանն արձագանքեց՝ կառավարության ցանկությունը եղել է այն, որ սահունություն ապահովվի:

«Այն բոլոր նկատառումները, որոնք պարոն Մախմուդյանը բարձրացրեց, մանրամասն կքննարկենք ու կարտացոլենք»,- ասաց նա։

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը և ընդգրկվեց մարտի վեցին գումարվող արտահերթ նիստի օրակարգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter