Փոխնախարարն ընդունել է «Էկոսերվ» ծրագրի նախնական ուսումնասիրության առաքելության ներկայացուցիչներին
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում բնապահպանության ոլորտում տեխնիկական համագործակցության նոր ծրագրի պլանավորման գործընթացով զբաղվող ԳՄՀԸ համապատասխան մասնագետներին և անկախ խորհրդատուներին։
Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, ծրագիրը նախաձեռնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և ուղղված է Հարավային Կովկասում բնապահպանության ոլորտում տեխնիկական համագործակցության նոր ծրագրի պլանավորմանը։ Նոր ծրագիրը միտված է Հայաստանի գյուղական համայնքներում էներգիայի արդյունավետության և բնական պաշարների կառավարման հարցերին:
Առաքելության ղեկավար Շտեֆան Էլզինգը իր և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ )կողմից պատվիրակված հանձնաժողովի անունից շնորհակալություն է հայտնել Վ. Տերտերյանին ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ հանձնաժողովի նպատակն է գնահատել Հարավային Կովկասում բնական պաշարների կառավարման ու էներգաարդյունավետության նոր ծրագիրը:
«Ես և իմ գործընկերներն այստեղ ենք գնահատման առաքելությամբ: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին և տևելու է 3 տարի: Մեզ համար շատ կարևոր է լսել էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանում արդեն գործող ծրագրերի վերաբերյալ Ձեր գնահատականը և կցանկանայինք այս ուղղությամբ գրանցած Ձեր ձեռքբերումները, ինչպես նաև ստացված արդյունքները կիրառել նոր գործարկվող ծրագրի մեջ»,- ասել է պարոն Շտեֆան Էլզինգը:
Իր հերթին Վ. Տերտերյանը, ողջունելով ԳՄՀԸ համապատասխան մասնագետներին և անկախ խորհրդատուներին, նշել է, որ այս նոր ծրագիրը՝ իր դիզայնով, լիովին տեղավորվում է նախարարության և GIZ –ի երկարատև համագործակցության ավանդույթի մեջ։ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագիրը, որը հիմա գործում է, նույնպես այս ճանապարհն է անցել: Այն երկու գերակայությունները, որոնք նշել եք` էներգաարդյունավետություն և բնական պաշարների կառավարում, գործող ծրագրի և շարունակությունն է, և որոշ չափով` զարգացումը: Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի իրականացվող ծրագրերն իրար տրամաբանորեն շարունակեն»,- ասել է Տերտերյանը։ Փոխնախարարը նաև առաջարկել է երկու բաղադրիչների (բնական պաշարների կառավարում և էներգաարդյունավետություն) մեջ նշել նաև համայնքների տնտեսական զարգացման հրամայականը, քանզի դրանք երկուսն էլ բովանդակային իմաստով հատվում են համայնքների տնտեսական զարգացման հետ: «Մենք հատկապես էներգախնայողության ուղղությամբ շատ ծրագրեր ունենք, լուրջ ջանքեր են գործադրվում այլընտրանքային էներգիայի օգտագործման, էներգախնայողության ուղղությամբ, մասնավորապես ֆոտովոլտային կայաններ են մասսայական կառուցվում, հողմային էլեկտրաէներգիան է փորձ արվում օգտագործել և այս ամենը իրականացվում է համայնքների տնտեսական կարողությունների զարգացման միտմանը համահունչ»,-եզրափակել է փոխնախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորման, հնարավոր ռիսկերի կառավարման, ինչպես նաև ծրագրի անխափան ընթացքն ապահովելուն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել