
Գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ Արփի համայնքի Շաղիկ բնակավայրում
Լեռնային պայմաններին հարմարեցված ամենագնացի անիվները կպչուն ցեխի արդեն շաղախված հատվածներն անխնա տարածում են շուրջբոլորը՝ ստեղծելով Փարիզ-Դակար ավտոարշավի իմիտացիա: Վարորդը հմտորեն մանևրում է գյուղական ցեխառատ փողոցում՝ վստահ մեքենայի հնարավորությունների վրա: Արփի խոշորացված համայնքի Շաղիկ բնակավայրում ենք: Ձյան հաստ շերտով ծածկված Արփի լճի գեղեցկությունը դեռ անհասանելի է: Գյուղը լճի հյուսիս-արեւմտյան հատվածում է: Ամռանն այստեղ առավել գեղեցիկ է` ալպիական գոտուն բնորոշ բուսատեսակների առկայության շնորհիվ:
Գյուղում, սովորաբար, բնակիչների աշխույժ շարժ է լինում տաքերն ընկնելուն պես: Շատերը ձմռանը հեռանում են՝ տներն օգտագործելով հիմնականում որպես ամառանոց: Ցեխը չի թողնում ազատ տեղաշարժվել գյուղում՝ քայլում ենք օգտագործելով պահպանված ձյան շերտի հատվածները: Անծանոթների տեղաշարժին անտարբեր մի քանի տղամարդ, մեքենայի շուրջ հավաքված, զրուցում են: Նրանցից միայն մեկն է ֆոտոխցիկը տեսնելով` արձագանքում. «Տղե՛ք, մեզի կնկարե»: Տարեց մի կին տուն է հրավիրում՝ պնդելով, որ անպայման պիտի հյուրասիրի մածունով ու թարմ թխած հացով:
Շաղիկցիների հետ զրուցում եմ գյուղական տուրիզմի զարգացումից: Թերահավատ են: Հարցնում են. «Բայց տուրիստն էս ցեխին գյուղ գուքա՞»: Հետո պարզաբանում՝ իրենք էլ են լսել տուրիզմի զարգացման մասին, գյուղում ազատ տներ կան, պատրաստ են հյուրընկալելու, սակայն ճանապարհները, կոմունալ հարմարությունների պակասը կարող են խոչընդոտ լինել: «Չըսինք ասֆալտ էնեն՝ հավատալու բան չէ, բայց էս վիճակն էլ բանի նման չէ: Ըստեղ մենակ ձյան վախտ է հավես, թե չէ գարունը ցեխ կշաղվենք, ամառը՝ թոզ կշնչենք»,- նկատում է բնակիչներից մեկը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ավելի լավատես է: Ասում է՝ փողոցների հարցը կարող են լուծել` խճապատելով: Կոմունալ հարմարությունները շաղիկցիներն իրենք պետք է ապահովեն: Որքան էլ ասեն, թե արտասահմանցի զբոսաշրջիկը խստապահանջ չէ, հասկանալի է, որ փայտե զուգարանով, առանց` լոգանք ընդունելու տարրական հարմարությունների, ոչ ամռանը, ոչ էլ առավել ևս ձմռան խստաշունչ ամիսներին, բարձր լեռնային բնակավայրերում ոչ միայն օտարերկրացի, անգամ տեղացի զբոսաշրջիկին երկու օր չես պահի:
Արթուր Խաչատրյան
«Շիրակի մարզը հարմար է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային զբոսաշրջության զարգացման համար,- ասում է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը,- սա կարեւորագույն հանգամանք է, քանի որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտին բնորոշ է խիստ ընդգծված սեզոնայնությունը, երբ ձմռան ամիսներին զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազում է: Ուղղակի պետք է ունեցած առավելություններն ու ուժեղ կողմերը կարողանանք ներկայանալի դարձնել»:
«Արփի լիճ» ազգային պարկի պոտենցիալի հաշվին շրջակա համայնքների զարգացումը մարզում զբոսաշրջության զարգացման ծրագրերում գերակա ուղղվածություն ունեցող կետերից մեկն է: Տարածաշրջանի առավելությունները թվարկելիս շեշտվում է վայրի բնությունը, լեռնային մաքուր օդը, մարդկանց հյուրընկալությունը, ինչու չէ՝ քաղաքային բնակավայրերից եղած հեռավորությունը:
«Վերցնենք թեկուզ հենց Շաղիկ գյուղը: Մենք պատրաստակամ ենք լուծելու ճանապարհների հարցը, բայց գյուղական տուրիզմը զարգացնելու համար բնակիչներն իրենք պետք է տներում որոշակի մինիմալ պայմաններ ստեղծեն: Գյուղում խանութ չկա: Լավ կլիներ որեւէ մեկը մտածեր այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ տուրիստների հոսք լինի, պահանջարկ լինի` դա էլ կլինի: Գյուղական տուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի գյուղը»,- նշում է մարզպետը:
Հարեւանությամբ գտնվող Արփի լճում արգելված է լողալը, սակայն` ոչ ձկնորսությունը: Զբոսաշրջիկներին հետաքրքիր կլինի նաեւ այս տարածաշրջան հասնել թռչնադիտարկման նպատակով: Մարզպետի համոզմամբ, ձմեռային տուրիզմի զարգացման առումով մարզն ունի մի քանի անվիճելի առավելություններ՝ սեզոնին ձյան մշտական առկայությունը, արեւոտ օրերի առավելագուն քանակը՝ ինչը մեղմում է ցրտի գործոնը, հարմար բնական լանդշաֆտները՝ ձմեռային մարզաձեւերի զարգացման համար եւ այլն: Թվարկած գործոնները վերաբերում են Արփի լճի շուրջ տեղակայված բոլոր բնակավայրերին:
Շաղիկ գյուղը մարզկենտրոն Գյումրիից հեռու է մոտ 41 կմ, Արփի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Բերդաշենից՝ 3 կմ: Գյուղը գազիֆիկացված չէ, ձմռանը ջեռուցման նպատակով օգտագործվում է ավանդական աթարը: Բնակավայրի դրական կողմերից են սարերից եկող սառնորակ ջուրն ու լեռնային մաքուր օդը: Գրող Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններում նկարագրված գյուղերին բնորոշ խաղաղությունն ու լռությունը կարելի է վայելել նաեւ Շաղիկում: Նրանց համար, ովքեր երազում են քաղաքակրթությունից հեռու գոնե մեկ շաբաթ ապրել ու վայելել բնության բարիքները, Շաղիկը, թերեւս, ամենահարմար բնակավայրն է:
Մեկնաբանել