Սահմանվել են 2012 թ. հիմնական կենսաթոշակի և պետական նպաստների չափերը
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և 2012 թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 13 հազար դրամ (աճը` շուրջ 24 տոկոս)։ Դրա շնորհիվ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 հազար 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 հազար 300 դրամ (աճը` շուրջ 9 տոկոս), սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 հազար 200 դրամի փոխարեն` շուրջ 16 հազար 500 դրամ (աճը` շուրջ 20 տոկոս), շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 20 հազար 900 դրամ (աճը` շուրջ 22 տոկոս), շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 15 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 19 հազար 500 դրամ (աճը` շուրջ 25 տոկոս)։
Հաջորդ որոշմամբ հաստատվել են ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2012 թ. պետբյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները։ Այնուհետև գործադիրը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգերը, ինչպես նաև այդ նպաստների անկանխիկ վճարման կարգը։
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ 2012 թ. սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի կամ մեկ դրույքի համար սահմանել է 132 հազար դրամ։ Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատակիցներին առաջարկվող սոցիալական փաթեթը ներառում է բժշկական ապահովագրությունը, հիփոթեկային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարը, պետական բոլոր ծառայողների, ինչպես նաև որոշ ոլորտների ՊՈԱԿ-ների վարչական և մասնագիտական աշխատողների համար ներդրվում է սոցիալական երաշխիքների միասնական համակարգ, որը կնպաստի աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Հաջորդ որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում 2012 թ. հունվարի 1-ից, սահմանվել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը։
Նշելով, որ սոցիալական փաթեթից կարող է օգտվել մոտ 120 հազար մարդ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանել այս որոշման մանրամասները և շահառուներին ներկայացնել սոցիալական փաթեթի ներդրման առավելությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել