HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ունենալ երկկողմանի հայմորիտ և չկարողանալ դեղ գնել

Սեդա Բադալյանը կիրակի օրը աչքի և ականջի ցավով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի հայմորիտ, գլխի ձախ կիսագունդն ամբողջությամբ բորբոքված է, լսողությունը վատ է, սակայն դեռևս չի կարողացել գնել իրեն անհրաժեշտ դեղամիջոցները։ Այս պահին էլ Սեդան ականջի և աչքի ցավ ունի։ 

Կիրակի օրը հիվանդանոցում զննություն է անցել, և ականջի բժիշկը դեղատոմս է գրել՝ համապատասխան դեղերը ձեռք բերելու համար։

Նրա փոխանցմամբ՝ այդ դեղատոմսով մտել է մոտ մեկ տասնյակ դեղատներ, սակայն որևէ տեղ նրան նշանակած դեղերը չեն տվել։ Անգամ բժշիկը, դեղերը գնելու համար, Սեդայի հետ գնացել է դեղատուն, խնդրել տրամադրել դեղերը, սակայն դեղատանն ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող։

Սեդան կրկին վերադարձել է  հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ այլ տարբերակ չկա, հարկավոր է հիվանդանոցային բուժում անցնել՝ հետագա բուժումը տանը ստանալու պայմանով։ Այլ տարբերակ չունենալով՝ Սեդան համաձայնել է։

«Քանի որ հնարավոր չեղավ դեղ գնել, միակ տարբերակն էր պառկելը, հիվանդանոցային բուժում ստանալ շտապ կարգով, որպեսզի հետո էպիկրիզի հիման վրա կարողանայի պոլիկլինիկայից դեղատոմսը ստանալ, սակայն ապարդյուն»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Սեդան։

Հիվանդը մեկ օր հիվանդանոցային բուժում է ստացել։ Հիվանդանոցում նրան հայտնել են, որ իրենց համապատասխան բլանկ-թերթիկներ չեն տրամադրել, թերթիկներ կան միայն պոլիկլինիկայում։ Բժշիկների պարզաբանմամբ՝ Սեդան հետազոտության էպիկրիզը պետք է տանի տեղամասային պոլիկլինիկա, որովհետև միայն իրենք են ստանում համապատասխան բլանկ-թերթիկները։ Պոլիկլինիկայում էպիկրիզի մեջ գրված-նշանակված դեղերը պետք է գրեին այդ թերթիկի վրա, կնքեին, և միայն այդ դեպքում Սեդան հնարավորություն կունենար դեղատնից անհրաժեշտ դեղերը գնել:

Վերցնելով էպիկրիզը՝ Սեդան գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա։ Նրա փոխանցմամբ՝ պոլիկլինիկայում դռնից դուռ են ուղարկել, հազար ու մի հարցուփորձ արել, վերջում հորդորել մոտենալ այլ բժշկի սենյակ. «Նախ ասեցին՝ ճշտի գրանցված ես, թե` ոչ, ուղարկեցին իբր մեզ սպասարկող բժշկի մոտ, հետո ասեցին, որ դա չի, մեկ ուրիշն է, այդ մեկ ուրիշը հերթն ավարտել, գնացել էր, ասեցին դիմի այլ սենյակ, եթե ոչ` մնացած բժիշկները այդ սենյակում իրավասու են հաստատ։ Այդ սենյակում մի կին էր, սկզբում չիմացա ով է, մոտեցա համակարգչով կինո էր նայում, կամ նման մի բան, ձայնը բարձրացրած, մի կերպ կտրվեց, խնդրանքիս այսպես պատասխանեց՝ աղջիկ ջան, կարո՞ղ ա գիտես մեր բժիշկները քո համար գրագիր են, արի մեր բժիշկների մոտ հետազոտվի, համապատասխան դեղատոմսը կտան, կգնաս, կառնես»։

Միջադեպից հետո Սեդան փորձել է բողոքել պոլիկլինիկայի տնօրենին, սակայն միջանցքում կանգնած բուժքույրերից պարզել է, որ իրեն այդպես պատասխանած կինը՝ Թերեզա Գրիգորյանը, պոլիկլինիկայի տնօրենն է։

Հիշեցնենք՝ մարտի 1-ից Հայաստանում գրանցված հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը վաճառվում են դեղատոմսով։

Լուսանկարում՝ Սեդա Բադալյանը, աղբյուրը՝ Ս․ Բադալյանի ֆբ էջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter