HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հանձնարարականը տրվել է, ֆինանսավորումը՝ ոչ. Հայաստանը «մաքրելու» չկատարված հանձնարարականը

«Հետքն» ուսումնասիրում է, թե որքանով են ճշգրիտ և ժամանակին կատարվել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017թ-ին տրված թվով 264   հանձնարարականները։

Երբ ուսումնասիրում էի Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելու նպատակով վարչապետի՝ «Մաքուր Հայաստան» հայեցակարգի վերաբերյալ հանձնարարականը, խմբագրություն զանգեց պարսկահայ գործարար Էդվին Խոդավերդին։ Նա Արմավիրի մարզում ցանկացել էր զբաղվել ձկնաբուծությամբ։ Պատմեց, որ ընկերը Ջրարբի գյուղի հարևանությամբ ձկնաբուծարան է հիմնել, ինչն ինքը փորձել է զարգացնել, սակայն ներդրումների կարիք է եղել։ Նա մի քանի անգամ արտասահմանցի ներդրողների է տարել` ձկնաբուծարանը ցույց տալու, սակայն, տեսնելով ճանապարհի եզրով ձգվող աղբանոցը, նրանք հրաժարվել են այնտեղ ներդրում կատարելուց։

Էդվին Խոդավերդին 2003թ.-ին տեղափոխվել է Հայաստան՝ բիզնես գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Խոդավերդին նշում է, որ ընկերը մի քանի անգամ սեփական միջոցներով մաքրել է աղբանոցը, սակայն մի քանի օր անց կրկին աղբակույտեր են հայտնվել տարածքում։

«Աղբանոցին խառնվում են արտեզյան և անձրևաջրերը, հետո լցվում լիճը, որտեղ ձուկ են աճեցնում։ Այդ ձուկն ուտում ենք մենք, մեր երեխաները, ամոթ է ուղղակի։ Աղտոտված ձուկն արտահանման ենթակա էլ չէ արդեն»,- ասում է Էդվին Խոդավերդին։


Նշյալ աղբանոցը մոտ կես կիլոմետր երկարություն ունի, սկսվում է «Արաքս» թռչնաֆաբրիկայի պարիսպների մոտից և ձգվում հարակից լճերի երկարությամբ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում գույքագրել է այդ աղբանոցը՝ «Ջրարբի 1» անվամբ, սակայն իրականում այն գտնվում է Ջրառատ համայնքի վարչական տարածքում։ Աղբանոցից մինչև մոտակա ձկնաբուծարան մոտ 50 մ է։ Ըստ նախարարության տվյալների՝ այս աղբանոցում կազմակերպված աղբահանություն չի իրականացվում ո´չ համայնքի, ո´չ էլ որևէ մասնավոր ընկերության կողմից, բայց քաղաքացիները շարունակում են աղբ թափել այնտեղ։ Աղբի բարձրությունը 1,5 մետր է, հեռավորությունը մոտակա բնակելի շինությունից՝ մոտ 300 մետր։ Մոտավոր մակերեսը կազմում է 0,8 հա։ Ցանկապատված չէ, հասանելի է ընտանի կենդանիներին, չի այրվում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը աղբավայրի՝ շրջակա միջավայրին հասցվող վնասների աստիճանը գնահատել է բարձր։

Սեղմեք քարտեզի վրա, եթե ցանկանում եք մանրամասն ծանոթանալ տեղանքին՝ մոտեցնելու հնարավորությամբ։

2017թ.-ի ապրիլի 20-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է մինչև 2017-ի մայիսի 18-ը՝ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում նախատեսել աղբահանության և սանիտարական մաքրման միջոցառումներ՝ սահմանելով խիստ հսկողություն դրանց կատարման նկատմամբ։

Ավելին՝ նույն թվականի օգոստոսի 4-ին Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզում, որի շրջանակներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ  «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզի համայնքներում արձանագրվել է 171 աղբավայր, որից պետք է մաքրվեր 130-ը։ «Մայիսի 27-ին ու հուլիսի 29-ին կայացած համապետական շաբաթօրյակների ընթացքում 130 աղբավայրից մաքրվել ու փակվել են 125-ը: Այժմ քննարկվում են համայնքներում աղբահանության կազմակերպման սուբյեկտների ցանկի ընդլայնման, ֆիքսված դրույքաչափի սահմանման և բյուջե մուտքագրվող գումարների հավաքագրման մակարդակի բարձրացման տարբերակները»,- նշված է կառավարության կայքում:

Ստորև ծանոթացեք «Մաքուր Հայաստան» հայեցակարգի բոլոր հանձնարարականներին։ Մկնիկի սեղմումով կարող եք բացել յուրաքանչյուր ոլորտի յուրաքանչյուր հանձնարարական։ Ամբողջ պատկերին վերադառնալու համար՝ սեղմեք esc կոճակը։

Եթե Արմավիրի մարզում 125 աղբավայր են մաքրել, ապա ինչու՞ է մարզպետարանն աչքաթող արել Ջրառատ վարչական տարածքի բարձր ռիսկայնությամբ այս աղբավայրը։

Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը պարզաբանեց, որ սա մեկն է մարզում գտնվող այն երկու աղբավայրերից, որոնք տարիներ շարունակ կուտակվել են և մեծ ծավալների հասել։ Ջրառատի աղբավայրն, ըստ Դանիելյանի, համայնքի միջոցներով հնարավոր չէ վերացնել, իսկ կառավարությունը խոստացել է հավելյալ ֆինանսավորում տրամադրել՝ այդ աղբավայրի մաքրման համար։

Կարդացեք նաև՝

Կոյուղաջրի սկանդալը՝ «Մաքուր Հայաստանում»․
վարչապետը հանձնարարում է, բայց չի պարտադրում


Կառավարության որոշմամբ` 2017թ.-ի բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 10 մլն 905 հազար դրամ է հատկացվել 9 մարզերի՝  առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար։ Նույն որոշման շրջանակներում 60 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզպետարանին՝  Ջրառատ համայնքի փակման ենթակա աղբավայրի մաքրման նախագծահետազոտական աշխատանքների համար։ Աշխատանքներն արվել են, աղբավայրի մաքրման նախագիծը կազմվել է, սակայն կառավարության կողմից խոստացված գումարը դեռևս չի տրամադրվել այն մաքրելու համար։  

«Կանխատեսում ենք 2018թ.-ի առաջին կեսին ֆինանսավորել այդ նախագիծը, բայց դեռևս հստակ ժամկետներ չենք կարող նշել»,- այս մասին «Հետք»-ին նախնական տեղեկություն տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանը։ 

Այսպիսով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է «մաքրել» Հայաստանը, բայց ծախսատար և բարձր ռիսկայնության աղբավայրը մնում է չմաքրված՝ ֆինանսավորում չլինելու պատճառով։   

Տեսանյութերն ու լուսանկարը՝  Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Տ. Մարգարյան
Մարզպետարանի էս կնոջը տեսա, իսկապես լասց եկավ... էս ինչ անճարություն է, բյուրոկրատիա, տափակաբանություն. «ծրագիրը հաստատվի, բյուջեն հատկացվի, օրերը տաքանան...»: Միգուցե NASA-ին դիմեք, որ զիբիլը հավաքեն, ու նորը չլցնեն? Վերջում բայց լավ ելք առաջարկեց՝ հողով ծածկենք: Չի մտածում, որ նույն աղբի հետևանքները ջրի մեջ է անցնում, հետո սննդի, հետո իրա թոռներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter