
Աբովյան քաղաքում հրդեհային պատահարներին արագ արձագանքելու նպատակով ԱԻՆ-ին տարածք հատկացվեց
Կոտայքի մարզպետարանին ամրացված Աբովյան քաղաքի Բարեկամության թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից 76.5 քմ մակերեսով անշարժ գույքը հետ կվերցվի և կհատկացվի արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Նման որոշում կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկով։
Ինչպես նշված է գործադիր բերված որոշման նախագծում, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Կոտայքի մարզային ստորաբաժանումը տեղակայված է Հրազդան քաղաքում: Ըստ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի տվյալների՝ Կոտայքի մարզում գտնվող արտադրական վտանգավոր օբյեկտները հիմնականում տեղակայված են Աբովյան քաղաքի հարակից տարածքներում։ Այդ իսկ պաճառով նախարարությունը որոշել է՝ աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու և դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով անհրաժեշտ է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Կոտայքի մարզի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների մի մասի աշխատանքները կազմակերպել Աբովյան քաղաքի Բարեկամության թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկի տարածքում։
Արտակարգ իրավիճակների նախարարության և Կոտայքի մարզպետարանում քննարկվել է այդ տարածքը նախարարությանը տրամադրելու հարցը, և Կոտայքի մարզպետարանը չի առարկել:
Մեկնաբանել