HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անդրիաս Ղուկասյանի փաստաբանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին պաշտպանը դատավոր Վարդան Գրիգորյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքով դրեց դատարանի կողմից կատարած խախտումները։ Փաստաբանը նշեց, որ Եղիշե Պետրոսյանը հրավիրվել է որպես վկա, 3,5 ժամ սպասել իր հարցաքննությանը, սակայն դատարանը ընդմիջում է հայտարարել, որից հետո մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարել է, որ հրաժարվում է վկաների ցուցմունքից։ «Դատարանը թույլ չտվեց, որ Եղիշե Պետրոսյանը եւս ցուցմունք տա։ Նա պաշտպանական կողմի վկա էր, որին դատավորն ընդգրկել էր դատակոչի ցուցակում։ Մենք գտնում ենք, որ դատավորը մեղադրողի հետ է գործել, այդ պատճառով էլ քսան րոպե ընդմիջում տվեց»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը։

Ըստ Կարեն Մեժլումյանի՝ դատարան ներկայացող վկաները պայմանավորված հերթականությամբ են գալիս։ «Մենք սկզբից պայմանավորվել էինք, որ ամեն անգամ հինգ վկա ներկայանա՝ ըստ հերթականության, հետո սկսեցին գալ այնպիսի վկաներ, ովքեր ուղղորդված էին։ Երբ նրանք եկան, ես ասացի՝ ինչպես են նրանք եկել, դատարանն ասաց՝ բոլորին ծանուցել ենք, սակայն մեր կողմից հրավիրված վկաները, այդ թվում եւ լրագրողները չէին ծանուցվել»,- հայտնեց փաստաբանը։

Փաստաբանը հիշեցրեց նաեւ, որ վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները հաճախ չեն համընկնում դատարանում տված ցուցմունքի հետ։ «Նախորդ նիստին անչափահաս վկան, որ նախաքննության ընթացքում գրել էր, թե քաղաքացիները փայտերով հարվածել են ոստիկաններին, դատարանում հայտնեց, որ այդ մարդիկ գնացել են եւ ոստիկանների շարքերի հետեւում թաքնվել, համագործակցել ոստիկանների հետ։ Անդրիաս Ղուկասյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար ապացույց են կեղծել»։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեկ տարի յոթ ամիս գտնվում է կալանքի մեջ։ Մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում  զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբավորման անդամներին միանալու փորձ կատարելու համար։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը այսօրվա նիստին նշեց, որ պաշտպանական կողմը երկու անգամ դատարանին միջնորդել է վերացնել կալանավորումը կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։ Նմանատիպ միջնորդությունները դատավորը երկու անգամ էլ մերժել է՝ պատճառաբանելով, որ Ղուկասյանին վերագրող արարքը պարունակում է բազմաթիվ անձանց ոչ իրավաչափ գործողությունների կազմակերպում, ինչպես նաեւ նշել է, որ կարող է ազդել վկաների եւ տուժողների վրա։ «Դատարանը գրավի կիրառման մերժումը պատճառաբանել է նրանով, որ Ղուկասյանը մեղադրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կարծես նման մեղադրանքի դեպքում մարդը պիտի լինի կալանքի մեջ։ Ինչպես նաեւ այն հավանականությամբ, որ անձը կարող է ազատության մեջ ազդել վկաների վրա եւ գործի քննությանը խոչընդոտել»,- հայտնեց փաստաբանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ դատարանում 51 վկաներից հարցաքննվել են 17-ը, իսկ փետրվարի 27-ի նիստին մեղադրողը հրաժարվել է մնացած վկաներին հարցաքննել՝ նշելով, որ հարցաքննվածները բավարար են մեղադրանքը հիմնավորելու համար. «Տուժողներից մեկն օրինակ նշել է, որ դեպքի օրը իր մեքենան վնասվել է, չորս տուժողները բժիշկներն են, ովքեր պատանդ են պահվել ՊՊԾ գնդում գտնվող Սասնա ծռերի անդամների հետ եւ ցուցմունքներն էլ եղել են ՊՊԾ գնդում կատարվածի մասին։ Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գնդում չի եղել։ Իսկ մնացած տուժողները ոստիկանության աշխատակիցներ են»,- հայտնեց Կարեն Մեժլումյանը, հետո ավելացրեց, որ գործի մեջ չկա մի նյութ, որ Անդրիաս Ղուկասյանն, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել տուժողների՝ այն էլ ոստիկանների գործունեությանը։ «Պետք է գնա, ոստիկաններին ասի՝ գնացեք, ուրիշ ցուցմունք տվեք։ Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի վկաներին, որոնք դեռ չեն հարցաքննվել, ապա դատարանը սա չի դնի գրավի կիրառման մերժման հիմքում, չեք ասի՝ ձեր վկաները չեն հարցաքննվել, ուստի գրավը չի կիրառվի»,- խոսքը շարունակեց փաստաբանը։

Փաստաբանը հավելեց նաեւ, որ գրավի կիրառմամբ իր պաշտպանյալը չի խախտի արդար դատավարության իրավունքը։

«Եթե դատարանը չի կարողանում պատճառաբանել մերժումը, ապա պարտավոր է կալանքը փոխարինել գրավով, վերացնել խափանման միջոց կալանավորումը եւ կիրառել այլընտրանքային խափանման միջոց ՝ գրավ»։

Կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը դատավորը կհրապարակի հաջորդ նիստին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter