HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարի տոնական այցը` սահմանամերձ գյուղեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համար տարեսկզբին Տավուշի մարզով սկսված և մինչև տարեվերջ շարունակվող մարզային այցելությունների վերջին ակորդը երեկ կրկին Տավուշի մարզում եղավ:

Այս անգամ այցելության նպատակը ոչ միայն ոլորտի անցուդարձին տեղում ծանոթանալն ու օպերատիվ լուծումներ առաջարկելն էր, այլ նաև սահմանամերձ երկու գյուղերի` Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեպարի բնակիչների Ամանորն ու  Սուրբ Ծնունդը տեղում շնորհավորելը, նշված և հարևան գյուղերի շուրջ 300 մանուկներին տոնական միջոցառում նվիրելը: Նրանցից շատերին, ցավոք,  այն ամենը, ինչ այդ օրը նվիրում էր գյուղատնտեսության նախարարը, ճոխ զարդարանքով տոնածառը, Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը, քաղցրեղենով նվերների տոպրակները, տոնական բարձր տրամադրությունն ու ֆանտաստիկ հրավառությունը դեռևս մատչելի չեն:

Նշվածներից բացի, նախարարը հեռավոր գյուղերի դպրոցականների համար անչափ կարևոր մեկ այլ նվեր էլ էր բերել` համակարգչային տեխնիկա:

Իսկ մինչ այդ նախարարը շնորհավորել է այգեպարցիներին և Ներքին կարմիրաղբյուրցիներին Նոր տարվա կապակցությամբ` մաղթելով արգասաբեր տարի: «2011-ը մեզ համար եղավ վստահության վերականգնման տարի, եկող տարին լինելու է զարգացման տար»,- նշել է Սերգո Կարապետյանը` գյուղացիների հետ զրույցում անդրադառնալով 2012–ի ծրագրերին ու անելիքներին:

Նախարարը կարևորել է հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ կառավարության  աջակցության անհրաժեշտությունը` ուշադրությամբ լսելով գյուղացիների կողմից բարձրացվող հարցերն ու խնդիրները և խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը: Նա ընդգծել է, որ 2012 – ին ևս, ինչպես անցնող տարի, ինքը հաճախակի է լինելու մարզերում` տեղում հետևելու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու լսելու գյուղացիներին:

Տոնական միջոցառումները շարունակվեցին մինչև ուշ գիշեր և երկու գյուղերում էլ ավարտվեցին ճոխ հրավառությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter