
Ծիածան գյուղում Քասախ գետի տարածքը դարձել է աղբավայր
Լուսանկարում պատկերված աղբավայրը տասնամյակների պատմություն ունի: Քասախ գետի ափին արհեստական ձևավորված աղբավայրը գտնվում է Արմավիրի մարզի Ծիածան գյուղի վարչական տարածքում: Տարիներ շարունակ այնտեղ աղբ է հավաքվում, սակայն համայնքապետարանը պատշաճ ուշադրության չի դարձնում: Լավագույն դեպքում տարին 1-2 անգամ մաքրում են, սակայն պատկերը նույնն է դրանից օրեր անց: Աղբի մի մասը թափվում է գետը, մնացած մասը քամին տարածում է հարևանությամբ գտնվող դաշտերում:
Աղբով են լցնում նաև տարածքի դաշտային ճանապարհները: Այդ տարածքով եմ ամեն օր աշխատանքի գնում և օր-օրի նկատելի է դառնում աղբի ավելացումը և համայնքապետարանի անտարբերությունը:
Ծիածան համայնքի ավագանին այս տարվա փետրվարի 12-ին հաստատել է գյուղի սանիտարական մաքրման 2018թ. սխեման: Համայնքն ունի 232 տնտեսություն՝ 1320 բնակչով: Ծիածանում աղբահանվում է 5 կմ ընդհանուր երկարությամբ 5 փողոց, որը ներառում է ամբողջ գյուղի տարածքը:
Աղբահանությունն իրականացվում է ամիսը 4 անգամ՝ անհատ ձեռնարկատեր Աղասի Թորոսյանի կողմից: Նրա հետ կնքվել է պայմանագիր:
Սանիտարական մաքրման սխեմայի համաձայն՝ համայնքում առաջացող կենցաղային աղբի ծավալը մոտավոր հաշվարկներով կազմում է տարեկան 250 խմ: Սանիտարական մաքրման տարածքը կազմում է 38,8 հեկտար:
Համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքային բյուջեից: Այդ նպատակով 2018թ. համար նախատեսված է 996,000 դրամ:
Ծիածանի ավագանին 2017թ. վերջին հաստատել է աղբահանության վճարի չափը, որի համաձայն՝ գյուղի տարածքում հաշվառված և բնակվող մեկ բնակչի համար կազմում է ամսական 50 դրամ: Վարչական բյուջեի եկամտային մասում 2018թ. համար նախատեսված է հավաքագրել 150,000 դրամ աղբահանության վճար:
Ծիածանի համայնքապետ Վաչիկ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ աղբով լցված տարածքը ճանապարհի հարևանությամբ է գտնվում, և մարդիկ աղբը բերում լցնում են այդտեղ: Համայնքապետը նշեց, թե ամսվա կտրվածքով մի քանի անգամ իրականացնում են մաքրման աշխատանքներ, սակայն, իրականությանը չի համապատասխանում:
«Ամսվա մեջ 1-2 անգամ մաքրում ենք: Աղբը համայնքի բնակիչները չեն լցնում, բոլորին զգուշացրել ենք: Ասել եմ, որ գրություն կպցնենք՝ աղբ չթափել, բայց դե չի օգնում: Ուրիշ բաներ ենք մտածում, տեսնենք ինչ անենք»,- ասում է Վաչիկ Գրիգորյանը: Համայնքապետի խոսքերով՝ հիմնականում աղբը լցնում են գիշերը և չեն կարողանում «բռնացնել»:
Նշենք, որ 2017թ. փետրվար ամսին կազմվել է Արմավիրի մարզի սանիտարական մաքրման սխեման: Մարզպետարանի փոխանցմամբ՝ մարզի բոլոր 97 համայնքներում իրականացվում է աղբահանություն: 45 համայնքներում աղբահանությունը կատարվում է պայմանագրային հիմունքներով, իսկ 52-ում աղբահանության պայմանագրերը կնքվում են համայնքների ավագանիների որոշումների հիման վրա:
Մարզպետարանի տեղեկատվության համաձայն՝ մարզի տարածքում կոշտ կենցաղային թափոնները հավաքվում են հիմնականում դրա համար չնախատեսված բեռնատար մեքենաներով: Մասնագիտացված մեքենաներով է իրականացվում միայն 3 քաղաքային համայնքներում (10 մեքենա)՝ Էջմիածին, Արմավիր և Մեծամոր: Մարզի Շահումյան համայնքի վարչական տարածքից 80 հա հատկացվել է Էջմիածին քաղաքին որպես աղբավայր, որից օգտվում են մարզի 58 համայնքներ, իսկ մնացած 39 համայնքներն ունեն իրենց վարչական տարածքներում ավագանու որոշմամբ հատկացված աղբավայրեր՝ 31.8 հա ընդհանուր մակերեսով: Աղբավայրերում իրականացվում են միայն աղբի գրունտի շերտով ծածկման աշխատանքներ: Ցանկապատված է միայն Գեղակերտ համայնքի աղբավայրը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել