HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իրավապահները փաստաբանին թույլ չեն տվել մասնակցել Արուճ գյուղում հայտնաբերված զենք-զինամթերքի գործով խուզարկությանը

Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերված զենք-զինամթերքի գործով մեղադրյալ Գնել Հովհաննիսյանի փաստաբան Կարմեն Պողոսյանին իրավապահները թույլ չեն տվել մասնակցել այն տան խուզարկությանը, որտեղից հայտնաբերվել է զենք-զինամթերքը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ոստիկանությունը լուր տարարծեց այն մասին, որ Արուճ գյուղի տներից մեկում հայտնաբերել է զենք-զինամթերք: Ըստ տարածած հաղորդագրության՝  տան խուզարկությամբ հայտնաբերված տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորները, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսեակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտ ու զինամթերքի այլ տեսակները թաքցված են եղել գազաբալոնում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերը նշված իրերը հայտնաբերվել են Արուճ գյուղի բնակիչ Գնել Հովհաննիսյանի հայրական տանից:

Փաստաբանը դեպքի մասին իմացել է Գնել Հովհաննիսյանի կնոջից, ով հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ ամուսնուն չի գտնում, և գյուղից իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս հայրական տանը խուզարկություն է կատարվում:

Երբ փաստաբանը հասել է Արուճ գյուղ, Հովհաննիսյանի հայրական տունը դեռևս շրջափակված է եղել ոստիկաններով, ովքեր հրաժարվել են թույլատրել, որպեսզի փաստաբանը մասնակցի այնտեղ տեղի ունեցող քննչական գործողություններին:

«Ինձ հայտնեցին, որ քննիչը չի թույլատրում: Իմ հարցին, թե ո՞ր օրենքով, ասացին, որ այն ժամանակ, երբ Գնել Հովհաննիսյանը կտարվի բաժին, նրա հետ առանձնատեսակցություն կունենաք»,-պատմեց Կարմեն Պողոսյանը:

Փաստաբանը մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Արագածոտնի մարզի ոստիկանություն, ինչպես նաև վերը նշվածի կապակցությամբ դիմումներ ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Փաստաբանների պալատ:

«Քննիչը պարզաբանում է, որ տվյալ պահին Գնել Հովհաննիսյանը դատավարական կարգավիճակ չուներ, սակայն այս պատճառաբանությունն ընդունելի չէ: Այն ժամանակ, երբ ես  հասել եմ Արուճ գյուղ ու ներկայացել որպես Հովհաննիսյանի փաստաբան, զենք-զինամթերքն արդեն իսկ հայտնաբերված է եղել, այսինքն՝ միանշանակ կարելի է պնդել, որ արդեն իսկ առկա էր պաշտպան ունենալու անհրաժեշտություն»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ երբ քննչական գործողությունն ավարտվել է, ինքն ընթերականերին հարցրել է, թե արդյոք Գնել Հովհաննիսյանը փաստաբան պահանջե՞լ է, որին ի պատասխան՝ վերջիններս հայտնել են, որ այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը հասկացել է, որ Պողոսյանն իր հայրական տան մոտ է, այդ մասին հայտնել է դեպքի վայրում գտնվող իրավապահներին և պահանջել, որպեսզի վերջիններս իրեն  թույլ տան տեսակցել փաստաբանի հետ, խոսել հետը:

Փաստաբանը նշեց, որ ընթերակայի վերը նշված հայտարարությունը ևս արձանագրել է և ներկայացրել է Արագածոտնի ոստիկանության բաժին:

Նշենք, որ Գնել Հովհաննիսյանն այս պահին գործով մեղադրյալի կարգավիճչակ ունի: Վերջինիս խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չէր բավարարել և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս որոշումը, սակայն, Դատախազության կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, և Վերաքննիչը երեկ` մարտի 5-ին, որոշել է Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Մեզ հետ զրույցում փաստաբան Պողոսյանը նշեց, որ Դատախազությունը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը հիմնավորում է նրանով, որ, իբր, Հովհաննիսյանն ազատության մեջ մնալու դեպքում, կխոչընդոտի գործի քննությանը, ինչը, սակայն փաստաբանն անհնարին է համարում:

Պողոսյանը ընդգծեց, որ իր պաշտպանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նշել, թե երբ և ինչ պայմաններում  է հայտնաբերված զենք-զինամթերքը ձեռք բերել, քանի տարի է պահում: Մասնավորապես` Հովհաննիսյանն ասում է, որ զենքը ձեռք է բերել 1991-1994 թթ-ին` ԼՂՀ-ից, չի հանձնել, քանի որ մտածել է, որ դա քաշքշուքի պատճառ կհանդիսանա, իրեն չեն հավատա: Պաշտպանի խոսքով՝ հայտնաբերված զենք-զինամթերքը երբեք չի օգտագործվել, ավելին, պահվել է ոչ թե ամբողջական ու հավաքված վիճակում, այլ մաս-մաս:

Որպես կալանավորման հիմք  Դատախազությունը նշել է նաև, թե ազատության մեջ մնալու դեպքում Հովհաննիսյանը կարող է անօրինական ազդեցություն  ունենալ գործով անցնող այլ անձանց վրա: Սակայն գործով անցնող այլ անձ, ըստ փաստաբանի, չկան:

«Ո՛չ վկա կա, ո՛չ տուժող, ինքն է և իր ցուցմունքները»,- նշեց Կարմեն Պողոսյանը:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է կալանքի հիմքերը, վերաշարադրվել է, և փետրվարի 10-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն` քննությանը խոչընդոտելը օրենքով սահմանված կարգով չի համարվում կալանավորման հիմք: Նման պայմաններում առհասարակ անհասկանալի է, թե ինչպես է քննությանը որևէ կերպ խոչընոտելու հանգամանքը նախաքննություն իրականացնողն մարմնի կողմից դիտարկվել որպես կալանքի հիմք:

Նշենք նաև, որ Գնել Հովհաննիսյանը նախկինում մեկ անգամ դատապարտվել է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող հանցագործության կատարման համար (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս գործի քննության ընթացքում փորձ է արել այն կապել Նորքի «զինված խմբի» գործի հետ, սակայն կապը  հերքվել է, և Գնել Հովհաննիսյանը դատապարտվել  է ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:

Այս պահին քրեական գործը դարձյալ հարուցվել է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս անգամ ևս փորձ  արվո՞ւմ է գործը որևէ կերպ կապել «զինված խմբի» գործի հետ, ինչին ի պատասխան՝ Կարմեն Պողոսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն անգամ չի էլ հարցաքննվել նման հանգամանքի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter