HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դավո՛, արի՛, ցիրկն ի՞նչ ա, որ լացում ես. մեր կյանքը իսկը ցիրկ ա»,- ասում է Սպիտակի բնակիչ Սվետա Ղազարյանը (վիդեո)

Լուսինե Ստեփանյան

Բեռնատար մեքենայի խցիկի նման փոքր ու անդուր վագոն-տնակի մարդաշատությունն Արամին շփոթեցնում է: Անօգնական շարժումներ է անում, թրխկալով կպչում է վագոնի փայտե պատին: Մոլորված փորձում է գլխի ընկնել` ինչո՞ւ են անծանոթ մարդկանց ձայներ արձագանքում: 11-ամյա տղան լսողությունն այնպես է լարել, որ կորցրել է տնակի դռան տեղը, որին շոշափելով վարժվելու համար տասնյակ տարի պայքարել է: «Արա՛մ ջան, մի վախեցի, ես ուղղակի ձեզ հյուր եմ եկել»,- անհանգստացած տղային հորդորում եմ: Արամի վախը թափառում է վագոնի մեջ ու անցնում բոլորիս միջով: Լուսանկարելիս խնդրում եմ, որ գլուխը բարձրացնի, բայց մայրը, միջամտելով, ասում է, որ չի կարող: Գլխացավերից երբեմն «ոռնում» է ու գլուխը չի կարողանում բարձր պահել: Հետո փորձում եմ նրա հետ խոսել, որ ինձնից չվախենա: Արամն սկսում է ինձ վստահել, որովհետև ձայնիս ելևէջները համոզում են, որ իրեն չեմ վնասի:

Ասում է` «Կյանքում ամենաշատը հեքիաթներ եմ սիրում: Ես ինչքան մեծանում եմ, էնքան զգում եմ, որ հեքիաթներին հավատում եմ: Հեքիաթ կարդալիս չեմ վախենում, էդ ժամանակ ուրիշ աշխարհներում եմ ապրում: Էդ ուրիշ աշխարհներում մեջս հույսեր են արթնանում, ու ես ինձ ուժեղ եմ զգում: Կուզեի հեքիաթում ծնվել»: Արամի ծնողների գլխին կարծես վագոն-տնակը ցնցվում է: Ճիշտ այնպես, ինչպես սոսկալի ցնցումը զգացել են 1988-ի երկրաշարժին, երբ Սպիտակում գտնվող իրենց տունն անցել է հողի տակ:

Հետագայում հողի տակ անցած տան մակերեսի վրա տեղադրել են այս վագոն-տնակը: Արամի ամեն մի խոսքից հետո հայրը վազում է դուրս` ծխելու, իսկ մայրը` թաց աչքերով, նրան շոյում է: Արամ Ղազարյանը մեկ էլ երազում է երբևէ հասկանալ` լույսն ինչ բան է և տեսնել, թե ինչպիսին են մարդիկ: Մարդկանց ճանաչում է ձայներից, իսկ իրերին տարիների ընթացքում վարժվում է: Ատում է փոփոխությունը, որովհետև երբ ինչ-որ բան փոփոխվում է` ինքն աննկարագրելի մոլորվում, տառապում է անօգնական վիճակից:

Սպիտակ քաղաքի Լենինականի խճուղի թիվ 58 վագոն-տնակի բնակիչ Արամի մայրը` Սվետան, պատմում է, որ որդու մոտ գլաուկոմա հիվանդությունն են ախտորոշել, որի պատճառով նա ընդհանրապես չի տեսնում: «Պարզվեց` ի ծնե է եղել, մեծանալու հետ հասկացանք, որ չի տեսնում: Շատ մասնագետների մոտ ենք տարել, բայց... անհնար են համարում ինչ-որ բան փոխելը: Եթե այսպես էլ մնա` Աստծուց շնորհակալ ենք: Ճնշումն ահավոր բարձրանում ա, մշտական երևույթ ա, գլխացավերից գալարվում ա երեխես»,- ասում է 31-ամյա Սվետան, ով խոսում է հոգնած ու տառապած ծեր կնոջ պես:

Արամի աչքերի կառուցվածքը շատ անսովոր է` բացակայում են աչքերի բիբերը, ու կարծես սպիտակ գնդեր տեղադրված լինեն երեսին: Սվետան ասում է, որ ճնշումը կարգավորելու համար բժիշկը «Տրուսոպտ» դեղամիջոցն է նշանակել և տեղեկացրել է, որ մինչև կյանքի վերջ Արամը պետք է այն օգտագործի, հակառակ դեպքում... Մայրը պահարանի դարակից մի ցելոֆան է հանում ու ցույց է տալիս դեղերի տուփերը: Ասում է` «Ինքը շատ թանկ ա, մի տուփը` 7.000 դրամ ($ 18), բայց մեկ ամսվա համար անհրաժեշտ է երկու տուփ: Պիտի կաթացնեմ աչքերին, որ ճնշումը չբարձրանա: Հիմա, քանի որ փող չկար, տատիկն ա թոշակով առել, բայց այդ դեղի փոխարինողը: Հասկանո՞ւմ ես, երեխուս դեղը չեմ կարողանում առնեմ, դա ահավոր, դա մահացու բան ա ծնողի համար: Ոչ կարողանում ես երեխուդ գլխացավը մեղմել, ոչ էլ` դեղ առնել: Որպես մայր` ուզում ես մեռնել»:

Տատիկի գնած «Տորսոպտ» դեղամիջոցի ավելի էժան փոխարինողը չի օգնում Արամին, ու նա խավարի, ցավերի մեջ խեղդվում է: Պետության տրամադրած ցմահ հաշմանդամության 10.000 դրամ ($ 26) թոշակով Արամի համար անգամ երկու տուփ դեղ չեն կարողանում գնել:

Հայրը` Սերոբ Հովակիմյանն, ամբողջ խոսակցության ընթացքում դուրս է գալիս բակ ու անխնա ծխում է: Խնդրում եմ, որ ներս գա, բայց մի տեսակ անտարբեր հայացքով` չի արձագանքում հարցերիս: Սվետան սկսում է երկար-բարակ նկարագրել, թե ծնողի համար ինչ դժբախտություն է կույր երեխա ունենալն ու նրան օգնել չկարողանալը: Հետո ասում է, որ ամուսինը` Սերոբը, երկու տարի առաջ խելագարվել է: 38-ամյա այս տղամարդու մոտ բժիշկներն ախտորոշել են շիզոֆրենիա հիվանդությունը: «Չգիտեմ, պատճառներ ման գալ պետք էլ չի, որովհետև նման հիվանդության համար Սպիտակում պատճառների պակաս չկա: Կանայք ավելի պինդ են, իսկ տղամարդիկ տառապանքին չեն դիմանում: Հիմա դուք Արամի վիճակից ազդված եք, վստահ եմ, երկար կտանջվեք, դե՛ պատկերացրեք, թե ոնց կարող են տանջվել հայրն ու մայրը: Էլ չեմ ասում, որ մեր մեջ երկրաշարժը նստած է, ու ամեն մի մանրուքից վախը արթնանում ա»,- պատմում է Սվետան, ով ամեն վայրկյան սպասում է, որ հարազատները Սերոբի հոգեմետ դեղորայքը հասցնեն: Արամի ամենօրյա, մշտական հոգսը Սվետային ստիպում է ամուսնու խնամքի հարցում դիմել հարազատներին: Ասում է` «Կհավատա՞ք, չգիտեմ` ո’ր հիվանդիս հարցերով զբաղվեմ: Խնդրել եմ, որ Սերոբի դեղերը մեր բարեկամները վերցնեն: Եթե դեղորայք չխմի` կվատանա, իսկ հոգեկան հիվանդներին զսպել, գիտեք, էլի, չի լինում: Ինքը լավ տղա ա, բայց չգիտեմ... Էս ինչ ա` դժբախտություն դժբախտության հետևից...»:

Հարևանուհին` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Վալյան է ինձ խնդրել, որ Արամենց տուն այցելեմ: «Մի օր տեսա, թե հայրը ոնց ա կույր տղայի հետ թոշակի համար հերթ կանգնել, որ երկու կոպեկ ստանա, դեղ առնի: Կհավատա՞ս, էդ տեսարանից գիշերները քուն չունեմ, եկել եմ տուն ու տեղս չեմ գտնում, տանջվում եմ: Ասում եմ` ի՞նչ անեմ, որ մի բանով էս մարդկանց օգնենք: Սիրտս կտոր-կտոր ա լինում, չեմ կարում հանգիստ քնեմ»,- ասում է:

Սվետան հիվանդների խնամքի պատճառով չի կարող աշխատել, դրա համար էլ` ապրում են 26.000 դրամ ($ 67) նպաստի և տան երկու հաշմանդամություն ունեցող անձանց 25.000 դրամով ($ 65): Հաճախ նախընտրում են չուտել և ունեցած գումարով Արամի գլխացավերը հանգստացնող դեղորայք գնել: Սվետան ընդհանրապես չի բողոքում, չի դժգոհում, բայց ներսում փոթորիկ է: 6-րդ դասարանցի Արամը հինգ գովասանագիր ունի: Սովորում է Երևանի թիվ 14 կույրերի դպրոցում: Թեև գերազանցիկ է, այդուհանդերձ ատում է դպրոցը: Հարցնում եմ` «Ինչո՞ւ...»: Պատասխանում է` «Որովհետև դու չես հասկանա, թե ինչ բան ա ամիսներով մամայիդ ու պապայիդ չտեսնելը: Ինձ Սպիտակից տանում են Երևան ու թողնում են էնտեղ: Ուզում եմ սովորել, իրավաբան դառնալ, բայց էդ զգացումը, որ ծնողներս մոտս չեն... Երբ ինձ տանում են Երևան ու թողում են դպրոցում` ես վախենում եմ, որովհետև գիտեմ, որ մամաս ու պապաս ինձնից շատ հեռու են: Ես չգիտեմ` Սպիտակը ինչ քաղաք ա, Երևանը որտե՞ղ ա, բայց գիտեմ, որ ծնողներս շատ հեռու են»: Արամի մշտապես դեպի հատակ նայող աչքերից կլոր-կլոր թաց գնդեր են թափվում: Խոշոր-խոշոր... անսովոր, որոնք սովորական արցունքի պես չեն: Ծնողներին տեսնում է ամանորյա տոներին, մեկ էլ` ամառային արձակուրդներին:

Մեկ-մեկ Արամը զղջում է, որ ինքը խելացի ու ընդունակ աշակերտի համբավ է ձեռք բերել, որովհետև ուզում է սովորելը փոխել ծնողների հետ լինելու թանկ զգացումով: Սվետան խեղդվում է, ասում է` «Սպիտակում համապատասխան դպրոց չկա: Ստիպված եմ, ի՞նչ անեմ: Երևանի դպրոցն էլ շատ լավն ա, դասատուներն էլ, բայց երեխաս շատ ա կարոտում»: Ներս է մտնում Արամի եղբայրը` 9-ամյա Դավիթը, ու հեկեկալով լաց լինելով` բոլորին կշտամբում է: «Ցիրկ ա եկել Էրևանից, սաղ գնացին, բացի ինձնից»,- ասում է վագոն-տնակի երկայնքով մեկ նյարդային վազելով ու լաց լինելով: Մայրը սաստում է` «Ոչի՛նչ, առանց ցիրկի կդիմանաս»: «Չեմ դիմանա, սաղ գնում են, բացի ինձնից: Գնում եմ ցիրկ, դե կտեսնես, մենակովս գնալու եմ...»,- հեկեկալով բղավում է Դավիթը: Սվետան բարկանում է ու դուրս վազող Դավիթի ետևից կանչում է` «Դավո՛, արի՛, ցիրկն ի՞նչ ա, շատ գիտե՞ս: Ցիրկ ա, էլի, մեր օրից չի տարբերվում, արի տղաս, որ տեսնես` կհասկանաս, որ ցիրկը հատուկ բան չի, կյանքն էլ իսկը ցիրկ ա»: Տեսողությունից զուրկ փոքրիկ Արամը լարել է լսողությունն ու փորձում է երևակայել «ցիրկի» էությունը, որի համար եղբայրը «կոտորում» է իրեն:

Մեկնաբանություններ (3)

Gohar
hargeli Lusine shnorakalutyaun, vor aycelecik ays entaniqe u grecik nranc d*var kyanki masin. es arajarkum em vor dzer ognutaymb hashve hamar bacvi bankum ays erexeyin deghorayq arnelu hamar ognutyan hamar. Es im hamest hnaravorutyunneric patrast em amsakan mi vorosh gumar hatkacnel, toshaki pes mi ban da klini. Es hamozvac em vor shat shater@ kcankanan ognel.
Andranik
enchu Hayastanum ayskan sarsapele kyank ka? enchkan djbakhten mer hay azgen yev enchu hamar? enchkan petke tarape hay azgen? er vor mekhke hamar, ay avazakner duk vor talanumek hay azge unecvacken gone ognek naman tshvar untanekneren, vor mekech tser mekhkerec tetevanak.
yan
senc vor sharunakvi Loru marzum mard araracin petq e grancen karmir grqum ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter