
ՍԴ-ն տարիներ շարունակ պայմանագրեր է կնքում դատարանի աշխատակազմի ղեկավարին փոխկապակցված ընկերության հետ
Պետական մարմինները շարունակում են իրենց աշխատակիցների կամ փոխկապակցված ընկերությունների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել։
Փետրվարի 7-ին Սահմանադրական դատարանը մեկ անձից գնման ընթացակարգով «Շշուկ» ՍՊԸ-ից ձեռք է բերել Սահմանադրական դատարանի դատավորի երկու համազգեստ։ Յուրաքանչյուր համազգեստի համար դատարանը վճարել է 100 հազար դրամ։ Պայմանագրի արժեքը կազմել է 200 000 դրամ՝ դատավորի երկու համազգեստի համար։
Սահմանադրական դատարանը դատավորների համազգեստները գնել է դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյան ընկերությունից։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության սեփականատերը «Տերյան Մշակութային կենտրոն» ՀԿ-ն է, որի նախագահը հենց Առուշան Հակոբյան է, գործադիր տնօրենը՝ Լիլիթ Մելիքյանը։ Ընկերությունը գրանցված է Տերյան մշակույթի կենտրոնի գործունեության հասցեում՝ Տերյան 72-ում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և կառավարության կայքում հրապարակված պայմանագրերից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում հիմնադրման հաջորդ տարվանից՝ 2013-ից։
2017 թ․ հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետարանը «Շշուկ» ՍՊԸ-ից 228 000 դրամով գնել է երևանյան էսքիզներով, կիսամետաքսե կտորից 19 շարֆ։ Յուրաքանչյուր շարֆի համար վճարել է 12 000 դրամ։
2015 թվականի դեկտեմբերի 1-ին ընկերությունը Սահմանադրական դատարանի համար 84 վարագույր է պատրաստել՝ ընդհանուր առմամբ վճարելով 985 000 դրամ։
Սահմանադրական դատարանը 2013 թվականին ևս այս ընկերությունից կրկին մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով գնումներ է կատարել։ Այդ տարվա սեպտեմբերի 24-ին հուշանվերներ ձեռք բերելու համար ընկերությանը վճարել է 80 000 դրամ։ Սակայն թե ինչ հուշանվերներ և որքան է գնել, անհայտ է։ Կառավարության կայքում բացակայում է ընկերության հետ կնքված պայմանագիրը։
2013-ի նոյեմբերին ևս դատարանը ընկերությունից 90 000 դրամով նկար է ձեռք բերել։ Սակայն թե ինչ նկար է եղել և ինչ նպատակով է դատարանը գնել նկարը, կրկին անհայտ է. գործադիրի մեկ անձից կատարված գնումների բաժնում ընկերության հետ կնքված պայմանագիրը տեղադրված չէ։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը ՍԴ-ի և իր հետ փոխկապակցված «Շշուկ» ընկերության հետ կնքվող պայմանագրերը շահերի բախում չի համարում իր հետ։ Ասում է՝ ինքը ոչ թե ընկերության, այլ ՀԿ-ի խորհրդի նախագահն է, և որ ընկերության հետ կնքվող պայմանագրերից ինքը տեղեկություն չունի, այդ հարցից լրիվ անտեղյակ է։ Նրա փոխանցմամբ՝ գործադիր գործընթացները իրականացնում է Լիլիթ Մելիքյանը։
«Ո՛չ տեղում եղել եմ, ո՛չ գիտեմ գործընթացը, որովհետև խորհրդի նախագահը կարող է հետագայում ինչ-որ բան քննարկի, նայի, տեսնի, այս պահին ես ոչ մի բան, ոչ շահերի...գիտեմ ինչ է արվել...»,- մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը՝ անդրադառնալով իր հետ փոխկապակցված ընկերության հետ կնքվող պայմանագրերին։
Լուսանկարը՝ Panorama.am-ի
Մեկնաբանել