HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հրապարակվել են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման չափորոշիչները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին խորհրդարանն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին», և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս նախագծով, որը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am  կայքում, նախարարությունն առաջարկում է ստեղծել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ, ինչը լինելու է հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին: Նախագծում նշվում է, որ խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու է համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին, սակայն խորհրդի անհատական կազմը հաստատում է վարչապետը: Խորհուրդը կազմված է լինելու 25 անդամից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցելու են հասարակական հիմունքներով:

Խորհրդի կազմում ընդգրկվում են՝ մեկական ներկայացուցիչ՝ լիազոր մարմնից, առողջապահության նախարարությունից, կրթության և գիտության նախարարությունից, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, արդարադատության նախարարությունից, կառավարությանն առընթեր ոստիկանությունից, քննչական կոմիտեից, գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ութ ներկայացուցիչ՝ ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ընտրությամբ՝ երեք տարի ժամկետով: Այդ ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում առնվազն հինգ տարվա գործունեության փորձ ունեցող կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենան բարձրագույն կրթություն, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործունեության ոլորտում ունենան առնվազն հինգ տարվա, իսկ տվյալ կազմակերպությունում առնվազն երեք տարվա գործունեության փորձ:

Խորհրդի խնդիրներն են՝ ընտանիքում բռնության կանխարգելումը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և ընտանիքում համերաշխության վերականգնումը, ինչպես նաև դրանց ուղղված աշխատանքների համակարգումը:

Նախագծում նշվում է նաև, որ խորհրդի նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների, Հայաստանյաց Առաքելական  եկեղեցու և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter