
Սերժ Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը
Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում:
Մրցաշարի բացման կապակցությամբ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը:
Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները:
Մեկնաբանել