Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» անտիպ օրագրից
Լեռ Կամսար
Եթե «գրականությունը կյանքի հայելին է»՝ թքել եմ այդ գրականության վրա։
Ես զզվում եմ կյանքին նայել, չեմ ուզում նրան տեսնել մինչև անգամ մեկ անգամ, վեր կենամ մի անգամ էլ հայելո՞ւմ տեսնեմ նրա անտանելի կերպարանքը։
Ես նույնպես Իսահակյանի «Աբու Լալա Մահարիի» կարծիքն ունեմ աշխարհի մասին ու անապատ դուրս չեմ գալիս, որովհետև կարավանի համար ուղտեր չունեմ։ (Սկի հավ չեն թողնում պահել, ուղտը մեզ ո՞վ է տվել)։
Գրականությունը եթե կյանք լիներ՝ յոթանասունհինգ տարուց ավելի չէր ապրի ու կմեռներ կյանքում ապրողի հետ միասին։
Ջրհեղեղին Նոյը բոլոր կենդանիներից մի-մի զույգ վերցրեց, տեղավորեց իր տապանում, բայց գրականությունից՝ ոչ մի զույգ, ո՛չ արու, ո՛չ էգ։ Բայց ինչպե՞ս է, որ անմահ է մնացել մինչև մեր օրերը։
Եթե գրականության էությունը անպատճառ հայելու միջոցով արտահայտել կամենանք, պիտի ասենք՝ գրականությունը այն անգույն ապակին է, որի ետևը քսված է սև կյանքը, մեր անճոռնի պատկերները դիտելու համար։
Ավելի ճիշտ կլիներ ասել՝ կյանքը խաղողի այն չանչն է, որից մարդիկ քաշում են սպիրտը՝ գրականությունը։
Գրականությունը երևակայությունից ու երազներից կարված մի կախարդական շրջազգեստ է, որ հագնելով մարդիկ՝ գիշերը երազում են, ցերեկը երևակայում։
Հապա՛։ Գրականությունը այսպիսի բան է և ոչ մի կապ չունի կյանքի հետ։ Կյանքը պատերազմ է, սպանություն, կողոպուտ, գողություն, կեղծավորություն, բռնություն, խաբեություն, քծնանք, լիզանք, բոլշևիկություն և այլն, և այլն։ Եթե գրականությունը այս նույն բաները ցոլացներ իր մեջ, մարդիկ առաջին քարին զարկելով, փշուր-փշուր կանեին այդ «հայելին»։
Այո՛, այո՛, հավատացեք ինձ, որ գրականությունը միայն երազ է ու երևակայություն, որոնք մարդուն եթերում ամուր բռնում են, որ հանկարծ չգլորվի կյանք․․․
Ինձ, օրինակ, երբեք կյանում չեք տեսնի։ Ես կա՛մ երազում եմ, կա՛մ երևակայության մեջ։
Պատմեմ, թե այսօր ես ուր էի։
Ամբողջ ցերեկ երևակայությունից հոգնած, երազն ինձ նստեցրեց մի շատ փափուկ ամպի վրա ու քամուն հանձնարարելով, ասաց․
- Սրան տար, ման ածի երկնային տարածություններում։
Անշուշտ այդ տաքսի-ամպ էր, որից կարող էին օգտվել բոլոր երազողները։
Այսպես երանության մեջ, երբ շրջում էի, հանկարծ ինձ մոտիկ մի ժայռակույտ ամպի ետևից լսեցի մի շատ ցավալի տնքոց։ Մտրակեցի քամուն և այնտեղ հասա՝ տեսնեմ ի՞նչ։ Մի ալևոր շատ մաշված ծերունի մտած ամպի ետև վախով չորս կողմն է նայում և ինձ տեսնելով ահաբեկվեց։
Հարցնում եմ․
- Ո՞վ ես, ա՜յ բիձա։
Ասում է՝ ես Աստվածն եմ, հեղաշրջում կատարվեց, սատանաներն ինձ լարեցին։
-Խե՜ղճ մարդ։ Է, հիմա ի՞նչ ես մտադիր անելու։
-Ես էլ չգիտեմ, շվարել մնացել եմ։ Քեզ Աստված պետք չէ՞, ինձ վերցրու տար դիր տունդ պաշտիր, մեղք եմ․․․
-Պաշտեմ՝ աղոթելիս ի՞նչ խնդրեմ։ Արքայությունը քեզ չի պատկանում այլևս, որ «պարգևես»։
-Հանապազօրյա հաց կտամ քեզ։
- Է՛հ, մեզ մոտ հացն հիմա այնքան առատ է, որ ո՞վ կխնդրի։
- Ա՜յ մարդ, ի՞նչ ես դես ու դեն ընկնում, անտեր Աստված է ընկել ձեռքդ, տար պաշտիր, էլի, հալբաթ մի բան կպարգևի։
- Ո՞ւր տանեմ, վտանգավոր է։ Եթե բռնեն գիտե՞ս ինչ կանեն ինձ։ Մեզ մոտ ախր Աստված չկա։
- Ավելի լավ։ Գոյություն չունեցող Աստծուն ինչպե՞ս պիտի բռնեն։
- Բանն այն է, որ մեզ մոտ գոյություն չունեցող բաներն են բռնվում։ Ստալինի ժամանակ մի տեսնեիր զենք չունեցողի տանից ի՜նչ զենքեր հայտնաբերեցին, ոչ մի լեզվով չխոսող մարդկանց բերանին ի՞նչ գերմաներեն լեզուներ դրին ու որպես լրտեսներ գնդակահարեցին։
Հետո ասում եմ․
-Լա՜վ, Աստված, ասենք թե քեզ տարա պահեցի, դու որպես մա՞րդ պիտի ապրես, թե որպես Աստված։
Որպես մարդ, իհարկե։
-Մեռնելիս ինչպե՞ս պիտի բարձրանաս երկինք, որ քեզ չբռնեն։
- Գաբրիել հրեշտակը կխղճա, հոգիս չի առնի։
- Դու դարեր շարունակ պաշտված Աստված, ինչպե՞ս պիտի չոքես սատանայի առաջ ու դժոխք խնդրես։
- Դուք ինչպե՞ս երեսուն տարի շարունակ չոքեցիք Ստալինի առաջ Սովետական դժոխքում։
- Այդ վախից էր։
- Ես էլ կվախենամ։
- Աստվածությունից զատ ուրիշ արհեստ գիտե՞ս։
- Արհեստով ես բրուտ եմ։ Ադամին ես եմ շինել կավից։
Քիչ լռությունից հետո հարցրի․
-Չգիտե՞ս ով էր երկինք խառնողը։
- Սովետական Միությունից էր, կարծեմ Միկոյանը։
- Չի կարող պատահել, Միկոյանը հիմա Աֆրիկան խառնելու է գնացել։ Լա՛վ, ինչևէ, - ասացի վերջում ես ու ավելացրի, - Աստված ջան, կներես, իմ տանը քեզ ապաստան տալ չեմ կարող, դու պատերազմի հանցագործ ես ու անհաշիվ մարդիկ ես մեռցրել․ ուր էլ թաքնվես կբռնեն ու կկախեն․․․
Այդ վիճակում էլ թողի նրան։ Չգիտեմ երկի՞նք գնաց, թե՞ երկիր իջավ։
------
Երբ մի անցորդ ընկել է ճամփա ու չգիտի, թե ո՞ւր է գնում, կարո՞ղ ենք նրան հանդիմանել այն բանի համար, որ նա աջ է խոտորում, ձախ է խոտորում, կամ ճամփին ամեն քայլափոխում նստում հանգստանում, կամ ետ է դառնում ուղղակի։
-Ոչ։
- Եթե ոչ՝ ուրեմն, մարդն իրավունք ունի կյանքում ամեն հիմարություն գործել՝ մինչև խելագարություն։
*******
Ես հաճախ եմ բարկանում մարդկային ցեղի վրա։ Ասում եմ՝ ա՜յ հիմարներ, Աստված ձեզ կյանք է տվել՝ վայելեցեք, էլի՛, ինչո՞ւ եք իրար կոտորում անվերջանալի պատերազմներում։
Բայց չէ, իմ կշտամբանքիս մեջ ես իրավացի չեմ։ Ես ընդունում եմ ժառանգական օրենքը, և տղայի գործած հանցանքի պատճառը միշտ հորն եմ համարում։
Մեր նախահայրը մարդասպան է եղել, մենք իրավունք չունենք մարդասեր լինել։
Գիտեք չէ՞, որ Ադամ-Եվան դրախտից արտաքսվելուց հետո երկու երեխա ունեցան։
Որովհետև արտաքսելիս Աստված հրամայել էր Եվային «ցավով ծնանել»՝ հիմա փորձի համար երկուսը ծնավ, իմանալու համար քաշելիք «ցավի» մեծությունը։
Վերջը ինչևէ՝ երկու որդի ծնեց։ Կայեն ու Աբել։
Կայենը բնավորությամբ չար էր, Աբելը բարի։ Թարսի պես, փոխանակ բարի եղբայրը խփելու չար եղբորն սպանելու՝ չարը խփեց բարուն սպանեց, ու մենք այնուհետև սերվելով այդ չարից, դարձանք այսպես ոճրագործ։
Չար աստղի տակ ենք ծնվել, ի՞նչ կարող ենք անել։
Եթե հակառակը պատահեր, Աբելը զարներ Կայենին սպաներ՝ մենք հիմա շատ խաղաղասեր կլինեինք․․․
------
Մենք հիմա, որ ապրում ենք՝ դա հրաշք է։
Ամենայն օր Ամերիկան Ռուսաստանին է ջնջում աշխարհի քարտեզի վրայից, Ռուսաստանը՝ Ամերիկային։
Այո, ճիշտ է, որ բնաջնջվում ենք խոսքով, բայց նման խոսքերը շուտ են իրականություն դառնում։
Սա սոցիալիզմ չէ, որ անվերջ խոսք մնա․․․
1962թ․
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել