21-րդ դարի «հայկական միջնադարը»
Արտակ Ս․ Խաչատրյան
Վերջին շրջանում հատկապես շատ է քննարկվում Հայաստանի ներքաղաքական կյանքի մեռյալ վիճակը։ Բարձր պետական պաշտոնների նշանակվում են մեկ մարդու կամքով և որոշումով։ Հասարակության մի մասի մոտ սա կամ վրդովմունք, կամ էլ լիակատար անտարբերություն է հարուցում։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման միտումն ամենևին էլ նորություն չի հայոց պատմության մեջ։ Մեր երկրի քաղաքական միջավայրում պետության և ժողովրդի համար կարևորագույն որոշումներ կատարվել են «վերևից»։ «Վերևից» ՝ վերնախավի մանիպուլյացիաների կամ ուղղակի ներգործության արդյունքում։ Նմանատիպ մանիպուլայցիան և անցյալում, և ներկայում ունի իր թեր ու դեմ կողմերը։ Սա գանահատելու համար պետք է հիշենք այն դերի մասին, որ խաղում է տպագիր խոսքը և զանգվածային լրատվության միջոցը էլիտաների մանիպուլացիաների իրականացման գործում։
Միջնադարում հասարակությունը մեծամասամբ անգրագետ էր, ուստի և ավելի դյուրին էր ենթարկվում մանիպուլյացիաների։ Սակայն ԶԼՄ-ների չգոյության պայմաններում մանիպուլյացիաների աշխարհագրական ընդգրկվածությունը նեղ էր։ Որոշումները կատարվում էին պալատներում, դղյակներում։ Թերևս այս միտումը զուտ հայկական երևույթ չէր, այն կայուն օրինաչափություն էր այլ պետություններում ևս։ Բայց առավել ցցուն դա շարունակաբար առկա է եղել հայոց միջավայրում։
Ո՞վ էր հարցնում արդյոք հանրության կարծիքը, երբ 428 թվականին հայկական վերնախավը որոշեց հրաժարվել Արշակունիների արքայատոհմին հպատակությունից և ենթարկվել պարսից արքունիքի ուղղակի կառավարմանը։ Նոր ժամանակներում շատերը սրբացնում են Ավարայրը։ Իհարկե, այն հայոց պատմության արժանանշելի դրվագներից է, բայց այն հետևանք է։ Պատմական պրոցեսը սիրում է անընդհատականություն, որը ենթադրում է պատճառի և հետևանքի անբաժան զարգացում։
Ավարայրը 428 թվականի որոշման տրամաբանական հանգույցներից է, հայ քաղաքական-պետական կյանքի անկարողունակության ցուցիչը։ Մեր պատմաքաղաքագիտական միտքը գայթակղվում է նման դրվագներով և այն ներկայացնում կոնտեքստից ու միջավայրից կտրված՝ իբր հայերը հանգիստ ապրում էին, պարսիկներն էլ մի օրում որոշեցին հարձակվել ու իրենց ենթարկել Հայաստանը։ Ինչ հոգ, որ սա պատմագիտական մոտեցում չէ, այլ ավելի շատ տիպական է առասպելների և հեքիաթի ժանրերին։
Պատմությունը սիրում է դեպքերն ու իրադարձությունները դիտարկել կոնկրետ շարունակական պրոցեսի և ներհատուկ միջավայրի մեջ։ Իսկ դա նշանակում է, որ Ավարայրը ներկայացնելուց այն պետք է տեղակայվի 428 թվականի որոշումից հետո ընթացող զարգացումների ընդհանրական ծիրում։ Բայց սա կարծես թե ձեռնտու չի «հայգենական» պատմաբաններին, ովքեր , ըստ բարեխիղճ պատմագիտական մոտեցման, պետք է նշեին, որ Ավարայրը նախորդ սխալների հետևանքներից է։ Եվ «հայգենի» նվիրական զգացումները չվիրավորելու համար ընդգծվում է այն խիզախությունը և անձնվիրությունը, որով կռվում էին հայերը։ Կռվում էին լավ, սակայն միթե դա է գլխավոր արժանիքը։ Եվ ամենևին էլ դա չէր այդ ճակատամարտի գլխավոր արժանիքը, այլ այն արդյունքը, որը ապահովեց այն։ Պակաս խիզախ չէին կռվում նույն ժամանակամիջոցում Սետիոսի գլխավորած Արևմտահռոմեական կայսրության և Թուլուզի թագավորության միացյալ զորքի մարտիկները Գալլիայի Կատալաունյան դաշտերում ընդդեմ Աթթիլայի առաջնորդած հոների։ Սակայն այդ ճակատամարտի գլխավոր շեշտադրումն այն է, որ դրա արդյունքում Եվրոպան և եվրոպական քաղաքակրթությունը ազատվեց հոնացումից, որ, հաղթանակի դեպքում, ծավալվելու էր դեպի Առաջավոր Ասիա և ուղղակի վտանգելու էր նաև Հայաստանը։
Հաջորդ դրվագը քրիստոնեության մուտքն է Հայաստանում, որը նույնպես կատարվեց իշխող վերնախավի որոշումով։ Այստեղ հակասությունների մի ողջ կծիկ է առկա։ Նախ, դարեր շարունակ պատմիչները և պատմաբանները․ խոսելով հին հայկական հեթանոսական դիցարանի մասին, նշում են այն սերն ու հավատարմությունը, որ ունեին հայերը իրենց դիցարանի աստվածների նկատմամբ՝ մասնավորապես Անահիտի և Վահագնի։ Սակայն այդ նույն պատմաբանները նշում են, որ Ավարայրը հավատքի համար ճակատամարտ էր ընդդեմ ոչ քրիստոնյա տիրակալի։
Այդ դեպքում այդ ինչպես եղավ, որ հազարամյակներ շարունակ Անահիտին և Վահագնին պաշտող ժողովուրդը ընդամենը 154 տարվա ընթացքում այնքան մերվեց քրիստոնեական գաղափարաբանության հետ, որ հանուն նրա պատրաստ էր մեռնել այն դեպքում, որ ողջ ժողովուրդը որոշեց չմեռնել հանուն հազարամյակներով իր պաշտած ու փայփայած աստվածների և ընդունեց դրսից բերված հավատքը՝ 154 տարի անց հանուն նրա մեռնելու պատրաստակամությամբ։ Եզրակացությունը բարդ չէ․ տվյալ դեպքերը ներկայացնող պատմաբանները ուզում են «լավամարդ» լինել և հին հայկական դիցարանի, և քրիստոնեության նկատմամբ։ Եվ նաև փորձում են այդպիսով թաքցնել այն, որ Ավարայրը հանուն կրոնի ճակատամարտ չէր, այլ 428-ի սխալները շտկելու փորձ։
Նույն միտումը շարունակվեց զարգացած միջնադարում, երբ 1021 թվականին կաթողիկոսը Հովհաննես-Սմբատի անունից Անիի թագավորությունը կտակեց Բյուզանդական կայսրությանը։ Նման վերնախավային խաղերը հանգեցրեցին 24 տարի անց պետականության կորստին, որը վերականգնվեց միայն 1918 թվականին։
Եվ այսքանից հետո ժամանակակից հայկական քաղաքական դաշտում առկա միանձնյա որոշումներ կայացնելու ավանդույթի արմատները առավել քան ակներև են։ Թվարկված նախորդ իրադարձությունների տրամաբանությունը տեղավորվում են միջնադարյան ընկալումների սահմաններում, ինչը ժամանակավրեպ է ներկայումս։ 21-րդ դարի Հայաստանում կենդանի են միջնադարյան ավանդույթները։ Եվ 2009 թվականին հայ-թուրքական ճանապարհային քարտեզի մասին հայտարարությունը, որի գոյության մասին տեղյակ չէին անգամ իշխանական վերնախավի շատ ներկայացուցիչներ, և 2013 թվականի սեպտեմբերի 3-ի «գիշերային որոշումը» Մաքսային միությանը միանալու մասին, և 2015 թվականին սահմանադրական փոփոխություններ ձեռնարկելու որոշումը, և 2018 թվականին Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ «կարգելու» որոշումները շարունակությունն են միջնադարյան միապետական միանձնյա վճիռներ կայացնելու ավանդույթների։
Իրավիճակի անբնականությունը երևում է նրանում, որ ի տարբերությունը միջնադարի, երբ առկա չէին զանգվածային լրատվության միջոցներ, ներկայումս մամուլի, հեռուստատեսության և ինտերնետի առկայության պարագայում միջնադարյան ավանդույթի նման կենսունակությունը միայն զարմանք է հարուցում։ Զարմանք առ այն, թե անցած հարյուրամյակները ինչպես են շրջանցել հայկական հանրային-քաղաքական գիտակցությունը՝ այն ընկղմված թողնելով միջնադարյան թաղային-համայնքային գիտակցության լճափոսում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել