ՏԻՄ պաշտոնյաների մեծամասնության գործունեությունը նպաստում է արտագաղթին
Փոքրամասնությունն է փորձում կանխել այդ չարիքը
2011 թվականի ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ես` որպես ժյուրիի անդամ, մասնակցեցի «Քաղաքացի նախագիծ հայաստանյան 3-րդ շնորհանդեսի» հանրապետական փուլին: Այս նախագծի նպատակները կարևոր ու ողջունելի են, քանի որ նպաստում են մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը:
Ծրագիրը լուծում է երեխաների մասնակցության խնդիրը համայնքային հասարակական կյանքին: Ծրագրին մասնակցած երեխաները մեծանում են ոչ որպես սպառողներ: Նրանք ինքնադրսևորման հրաշալի դպրոց են անցնում ու դառնում իրենց համայնքի ու երկրի տերը, ծրագրի շնորհիվ կարևորվորվում և լսելի են դառնում նրանց նախաձեռնությունները, որը շատ է օգնում, որ երեխաները հավատան ու վստահեն իրենց ուժերին:
Հատկապես կարևորելով մեր աշակերտների առաջադրած հիմնախնդիրներին ականջալուր լինելու տեղական ինքնակառավարման մարմինների կամքի տարբեր դրսևորումները` անհրաժեշտ եմ համարում հասարակությանը տեղեկացնել, թե որքան բազմազան ու կարևոր էին աշակերտների բարձրացրած հիմնախնդիրները:
Դրանք վերաբերում էին Հրազդան քաղաքի տարածքում երկաթի հանքերի շահագործման հետ կապված էկոլոգիական և բնակչության տեղահանման խնդիրներին, Դեբետ գետի աղտոտվածությանը, Ստեփանավան համայնքի աղքատության աստիճանին, գյուղական ճանապարհների անանցանելիությանը, աշակերտների անվտանգ երթևեկությանը, համայնքներում աղբահանության, բնությունը խեղելու և չարաշահելու խնդիրներին, համայնքներում նախադպրոցական հիմնարկների բացակայությանը:
Երեխաները հիմնախնդիրներն ընտրելիս հարցազրույցներ էին ունեցել տարբեր պաշտոնյաների հետ` ոչ միայն նրանց կարծիքն իմանալու նպատակով, այլև աջակցություն ստանալու ակնկալիքով: Նրանք անկեղծորեն պատմում էին իրենց հետ հանդիպած պաշտոնյաների դրսևորած թե դրական, թե բացասական վերաբերմունքի մասին:
Այս հրաշալի նախագիծը հնարավորություն է ընձեռում մեր աշակերտներին ոչ միայն մասնակցել համայնքի հանրային կյանքին, այլև ձեռք բերել իրենց համար տեսանելի հանրային խնդիրները առաջադրելու ու լուծման ճանապարհները փնտրելու քաղաքացիական հմտություններ:
Շնորհանդեսի ժամանակ հիմնախնդիրները ներկայացնելիս պարզվեց, որ հարցազրույցներին մասնակցած պաշտոնյաների մեծամասնությունը լավագույն դեպքում լսել, բայց չի աջակցել նրանց, թեև աշակերտների բարձրացրած որոշ հիմնախնդիրներ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արժանացել են որոշակի ուշադրության:
Օրինակ` Երևանի Ազատության պողոտայում գտնվող թ.128 դպրոցի հիմնախնդիրն է եղել աշակերտների անվտանգ երթևեկությունն ապահովող վերգետնյա անցումի կառուցումը, որին արձագանքել է Երևանի քաղաքապետարանը, և գործն արդեն ընթացքի մեջ է: Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գյուղապետը որոշել է աջակցել գյուղում զբոսայգի հիմնելու երեխաների նախաձեռնությանը: Երեխաներն աջակցություն են ստացել նաև նույն մարզի Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ գյուղերի գյուղապետերի և Բյուրեղավանի քաղաքապետից:
Աքսիոմա է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ու տարբեր պաշտոնյաներ, այսօր ընդառաջելով աշակերտների նախաձեռնություններին, վաղը նպաստելու են, որ այդ երիտասարդներն ամուր կապվեն համայնքին, ամրանան այնտեղ, որովհետև նրանց հաջողվել է համայնքում ինչ-որ լավ բան անել, հետևաբար իրենք իրենց համարելու են համայնքի անբաժանելի մասը և չեն արտագաղթելու:
Շնորհակալություն «Քաղաքացի նախագիծ» հայաստանյան կառույցին ու բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հավատում, ընդառաջում են մեր ապագա քաղաքացիներին, որով կանխում են արտագաղթը:
Անահիտ Բախշյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել