
Նորամարգցի ձկնորս եղբայրները
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
Արտաշը եկել է հորեղբոր որդու՝ Վանի հետևից, որ միասին ձուկ բռնելու գնան։ Վանը նստում է իր հեծանիվը, դրա առաջնամասին տեղավորվում է Արտաշն ու գնում են Արտաշենց տուն։ Արտաշենց տան դիմացով հոսում է ոռոգելի ջրանցքը, որտեղ երեխաներն ազատ ժամանակ ձուկ են որսում։ Նորամարգցի փոքր ձկնորսները հպարտանում են, որ գյուղի երեխաներից միայն իրենք՝ հորեղբոր երեխաներով են ձուկ բռնում։
Արտաշը 9 տարեկան է, սովորում է չորրորդ դասարանում։ 8 տարեկանից ձուկ է բռնում։ Առաջին անգամ ձկնորսության քեռու հետ է գնացել։ Ամենաշատ ձուկն էլ նրա հետ է որսացել` 4 կգ։ Երազում է շախմատիստ դառնալ։ Շախմատի դասերը կվերսկսի մեկ ամսից։ Տղայի ամենասիրելի զբաղմունքը հոր հետ զբոսնելն է։ Երբ հայրը ժամանակ է ունենում, աշխատանքի չի լինում, փորձում է օրը միայն նրա հետ անցկացնել։ Արտաշն ամեն օր, դասերն ավարտելուց հետո էկրանը գցում է ոռոգելի ջրանցքը, հաջորդ օրը հանում։ Բռնած ձկները բերում է տուն, գցում սառը ջրի մեջ, որ ողջ մնան։ Մի քանի օր հավաքում է բռնած ձկները, հետո մայրիկի օգնությամբ տապակում։
Վանը Արտաշի հորեղբոր տղան է։ Սովորում է իններորդ դասարանում։ Երազում է ֆուտբոլիստ դառնալ։ Ձկնորսությունը նրա սիրելի զբաղմունքներից է, սովորել է հորից։ Արդեն 3 տարի է գյուղի ոռոգելի ջրանցքներից ձուկ է որսում։ Ասում է՝ ձկնորսություն անելիս պետք է լուռ մնալ, ձկները աղմուկ չեն սիրում, իմանում են, որ տարածքում մարդ կա, էկրանը չեն ընկնում։
Երեխաների ձկնորսության գործիքները հարազատներն են սարքել։ Վանի էկրանը պապն է պատրաստել, իսկ Արտաշինը՝ հայրը։ Ինքնաշեն էկրաններն այս պահին երեխաներին բավարարում են, ծնողներից պրոֆեսիոնալ ձկնորսական պարագաներ դեռևս չեն պահանջում։
Գյուղով անցնող ջրանցքները կեղտոտ և ճահճանման են։ Երեխաներն ասում են, որ եղանակները բացվելուն պես ջուրը սկսում է հոսել և այսքան կեղտոտ չի լինում։ Իսկ հիմա բռնած ձկները գցում են մաքուր ջրի մեջ, որպեսզի ուտելու համար անվտանգ դառնա և նոր տապակում են։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել