HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անասնաբույժ․ «Պետությունը պետք է ֆերմերների համար կազմակերպի դասընթացներ»

Դեբետ գյուղի մուտքի մոտ` Դեբեդ գետի Չիչխան վտակի ափին, վանաձորցի Մհեր Մատինյանը զբաղվում է խոզաբուծությամբ: Ասում է անցած 8 տարիներին խոզաբուծությամբ է պահել ընտանիքը: Մեկ մայր խոզով է սկսել իր բիզնեսը: Հիմա ֆերմայում 120 խոզ ունի:  

«Ես խոզաբուծությամբ զբաղվելուց դժգոհ չեմ: Ուրիշից հացի փող չեմ ուզել: Ընտանիքս նորմալ պահել եմ: Ունեմ երկու ավտոմեքենա, կառուցել եմ նաև սեփական տուն: Վարկերն են շատ, այս պահին՝ 10 մլն դրամ վարկ ունեմ»,- պատմում է Մհերը:

Մհերը նաև գոճիներ է վաճառում: Ընտանիքով ապրում է Վանաձորում, խոզերին խնամելու համար ամեն առավոտ գալիս է Դեբետ գյուղ, իրիկունը վերադառնում է Վանաձոր:

Նա չի ցանկանում խոսել իր տարեկան եկամուտների մասին։ «Չեմ կարող ասել: Մեր պետությունում կայուն ոչ մի բան չկա: Խոզի գինը կայուն չի, կերի գինը կայուն չի: Ես անցած տարի էս ժամանակ խոզի մսի կգ-ը ծախել եմ 1800 դրամով: Այսօր ծախում եմ 2700 դրամով: Սա ինձ համար լավ  է»,- ասաց նա:

Մհեր Մատինյանը իր տնտեսության վրա զգացել է աֆրիկյան ժանտախտի հասցրած ծանր վնասները: Երկու տարի առաջ 80 խոզի կորուստ է ունեցել: Իր ասելով` խոզերը ժանտախտով վարակվել են, ինքն էլ հիվանդ խոզերը մորթել է, միսը թափել: Ասում է` այսօր պայքարում է խոզերի առողջության համար: Նա անցել է խոզաբուծության փակ եղանակին: Մեր այցելության պահին Մհերի խոզանոցում կեղտահոտն ու գազերը անտանելի զգացողություն առաջացրին, թեև գոմի վերևի և ներքևի երկու դռներն էլ բաց էին: Գոմում օդափոխությունը վատ էր կատարվում:

Լոռու մարզի ճանաչված անասնաբույժ Սեյրան Պետրոսյանի խոսքով՝ մեծաքանակ խոզեր պահելու դեպքում ֆերմերը խոզերին վարակիչ հիվանդություններից, այդ թվում ժանտախտի վարակից զերծ պահելու համար ամեն ինչ պետք է անի անասնագոմում սանիտարական զոոհիգենիկ պայմաններ ապահովելու համար:  Անասնաբույժն ասում է, որ դա անասնագոմի պատշաճ խոնավությունն է, ջերմաստիճանի պահպանումը, նաև խոզերի նստելատեղի մաքրությունը:

«Ֆերմերին հիշեցնեմ, եթե անասնագոմում սանիտարական նորմերը չեն պահպանվում, խոզերի իմունիտետը ընկնում է: Այդտեղի գազերը շատանում են, որից կենդանու օրգանիզմում ընկճվածություն է առաջանում, դիմադրողականությունը ընկնում է, և այդ ժամանակ խոզը ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությունների, այդ թվում նաև աֆրիկական ժանտախտի նկատմամբ», - բացատրեց մասնագետը: Վերջինիս խոսքով՝ եթե ֆերմերը աֆրիկյան ժանտախտից 80 խոզի կորուստ է ունեցել, դա նշանակում է՝ նրան չի հաջողվել իր խոզերի օրգանիզմը նախապատրաստել այդ հիվանդության դեմ պայքարելուն: «Հակասանիտարական գոմերում կենդանու մեզից ամյակ է արտադրվում, որից օրգանիզմում թթվածնային անբավարարություն է առաջանում, դա նույնպես նպաստում է իմունիտետի անկմանը»,- ասաց անասնաբույժը:

Ս. Պետրոսյանը կարևորեց նաև խոզերի ծնարանի սանիտարական վիճակը։ «Գոմը պետք է երկու մասի բաժանվի: Բտման կենդանիների տարածքը և ծնարանը պետք է առանձին լինեն: Սա շատ կարևոր է հատկապես 120 խոզ ունեցող ֆերմերի դեպքում: Ես կարծում եմ` կենդանիների խոշոր անկումներից խուսափելու համար պետությունը նաև պետք է ֆերմերների համար կազմակերպի ուսուցողական դասընթացներ»,- ասաց Ս. Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ խոզաբույծները պետք է հիշեն, որ խոզի իմունիտետը բարձր պահելու համար անհրաժեշտ է խոզին պահել մաքուր միջավայրում: «Ես` որպես մասնագետ, ֆերմերին նաև խորհուրդ կտամ շաբաթական գոնե 1-2 անգամ իր գոմերում, իհարկե գոմը լավ մաքրելուց հետո, խունկ ծխեցնի, այսինքն խունկով ախտահանի գոմը»:

Ս. Պետրոսյանը հայտնեց, որ այս տարի պետության կողմից կենդանիների դասական վակցինա կտրամադրվիՖերմերը պետք է իր խոզերին անպայման պատվաստի:

«Խոզը, ճիշտ է, փնթի կենդանու համբավ ունիբայց շատ նուրբ և զգայուն կենդանի է: Շատ շուտ վարակվում է վարակիչ հիվանդություններով: Եվ նրա պատվաստումները պետք է կատարվեն ժամանակին»,- ասաց անասնաբույժը:  

Մհեր Մատինյանը ոգևորված պատմում էր, որ խոզաբուծության իր գործից դժգոհ չէ: Ասում է՝ եթե դժգոհ լինի, չի զբաղվի այդ գործով: Մհերը իր խոզերի կերը Վանաձորից է առնում: Գարի ու թեփ է տալիս խոզերին: Իր արտադրած միսը վաճառում է Վանաձորի մսավաճառների միջոցով: Նրա խոսքով՝ մինչև միսը մսավաճառներին հանձնելն անպայման ենթարկում է բժշկական ստուգման:

«Վանաձորում շատերը գիտեն, որ Մհերի արտադրած միսը, որ մտավ մսի խանութ, առանց պրոբլեմի ծախվում էՄեզ մոտ մսի որակ կա: Իմ արտադրած միսը իմ տուն էլ եմ տանում, իմ երեխան ուտում է: Ես չեմ կարող խաբել, ում երեխայի մեղքի տակ ընկնեմ: Ես ձեր աչքերի մեջ նայելով՝ պարզ խոսում եմ, ես սուտ ոչ մի բան չեմ ասում: Ես էլ եմ խոզերիս հորմոններ տալիս, բայց չափով: Ես 100 տոկոսանոց չեմ, բայց գարու հետ եմ տալիս: Հորմոնը շատ թանկ է»,- անկեղծացավ խոզաբույծը:

Մհերի ասելով՝ շուկայում հորմոնի մեկ պարկը 10-12 հազար դրամ է, իսկ մեկ պարկ թեփը արժե 3 հազար դրամ, մեկ պարկ գարին՝ 4-5 հազար դրամ: «Հիմա իմ խոզերը, որ վաճառքի եմ տանում, 7 ամսական են, հորմոնով սնված 4 ամսական խոզերը էդ նույն քաշի են: Ես խաբելու բան չունեմ: Ես էլի եմ կրկնում, դերասանություն չեմ անում: Ես 43 տարեկան եմ, պարզ նայում եմ աչքերիդ մեջ և ասում եմ՝ ինչ կա»,- ասաց Մհերը:

Անասնաբույժ Սեյրան Պետրոսյանը բացատրեց, որ ֆերմերն իր արտադրած մսի ավելի մեծ պահանջարկ կունենա, եթե արտադրի ընդհանրապես էկոլոգիապես մաքուր միս: Անասնաբույժի խոսքով՝ ցանկացած քանակությամբ հորմոններով կերակրվող խոզի միսը վտանգավոր է բնակչության առողջության համար: Վերադառնալով իր շահույթների մասին իմ հարցին՝ Մհերը բացատրեց, որ ամեն ամիս խոզի վաճառք չի ունենում: Ձմեռվա սեզոնին խոզը մրսած է, լավ չի աճում:

«Հիմա էլ` էս պահին, պասի ամիսն էչի վաճառվում: Ամեն ամիս իր պրոբլեմն ունի»,- բացատրեց նա:

Մհեր Մատինյանը փառք է տալիս Աստծուն, որ կարողանում է իր հացը վաստակել: Հրաժեշտին էլ ասաց. «Ես նախկինում խանութներ եմ ունեցել: Դա իմ քրտինքով եմ ունեցել: Խանութներս փակել եմ, դրանց փողով ներդրում եմ արել խոզաբուծության գործում: Գիտեմ այն, որ այսօր իմ երեխան ոչ մի բանի կարիք չունի»:

Խոզաբույծին մնում է կրկին խոզերի մեծաքանակ կորուստեր չունենալու համար հետևել անասնաբույժի խորհուրդներին՝ մաքուր պահել գոմը, հորմոններ չտալ խոզերին և ամեն ինչ անել իր 120 խոզերի իմունիտետը բարձր պահելու համար:

Մեկնաբանություններ (1)

ԱՐՄԵՆ
Կխնդրեի անդրադառնալ նաև անասնաբուժության խայտառակ վիճակին:Անասնաբույժներին տալիս են չնչին աշխատավարձ, այն էլ մի քանի ամիսը մեկ: Դրա պատճառով ոչ մի բժիշկ չի կատարում իր պարտականությունները:Բարձիթողի վիճակ է:Փարեմուզյան ջան խնդրում եմ էտ թեմային էլ անդրադարձեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter