HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Անդրիաս Ղուկասյանի գործով տուժողը նշում է. «Զարուհի Փոստանջյանը ուզում էր միանալ ՊՊԾ գնդին»

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ տուժող Փայլակ Մնացականյանին հանել դատակոչի ցուցակից, քանի որ նա որպես տուժող ներառված է մեկ այլ քրեական գործի մեջ։ Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժեց միջնորդությունը եւ սկսեց տուժող, ոստիկանության աշխատակից Փ. Մնացականյանի հարցաքննությունը։ Նիստի սկզբին դատարանը հրապարակեց դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը, որը նախորդ նիստին ներկայացրել էր փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Հարցաքննության ընթացքում տուժող Փայլակ Մնացականյանը նշեց, որ ՊՊԾ գունդը գրավելուց հետո, ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացրել գնդի հարակից տարածքում, իսկ Խորենացի փողոցին հարակից տարածքում զանգվածային միջոցառումների ժամանակ անցկացրել են ուժեղացված հսկողություն։ Տուժողը հայտնեց, որ Սարի թաղում ժողովրդի առաջ գալը կանխելու համար ոստիկանության կողմից կիրառվել են հատուկ միջոցներ։

Ոստիկանության աշխատակիցը չհիշեց՝ արդյոք Անդրիաս Ղուկասյանը ներկա՞ է գտվել հավաքին։ Վկան պնդում էր, որ կրակոցներ լսել է ՊՊԾ գնդի կողմից, եւ նաեւ վիրավորում է ստացել ձախ կողմից, որտեղ եւ գտնվել է գունդը։

«Այս հարցերը որեւէ կապ չունեն Անդրիաս Ղուկասյանի հետ, ես առարկում եմ, վկան նույնիսկ ասաց, որ Անդրիաս Ղուկասյանին տեսել է միայն դատարանում»,- առարկեց Ինեսսա Պետրոսյանը, սակայն դատավոր Գրիգորյանն առարկությունը չընդունեց։

Հարցաքննվեց նաեւ տուժող Գարիկ Պետրոսյանը, նա նույնպես ոստիկանության աշխատակից է։ Հայտնեց, որ ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, սակայն հուլինսի 29-ին բարձրացել է Սարի թաղ։

«Բարձրացանք վերեւ, սպաները սկսեցին բանակցություններ վարել»,- հայտնեց տուժողը։ Ըստ Գարիկ Պետրոսյանի՝ ոստիկանների ուղղությամբ քաղաքացիները քարեր, շշեր են նետել, քարերից մեկի հարվածից ինքը եւս վիրավորվել է։

Այսօրվա նիստին հարցաքննվեց նաեւ տուժող Արամ Հովհաննիսյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից է։ Ըստ վկայի՝ Սարի թաղում հավաքված քաղաքացիները ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ, որին հաջորդել են քարերով, շշերով հարվածները։

«Ուզում էին առաջ անցնել, միանալ ՊՊԾ գնդում գտնվողներին։ Քարեր, շշեր, բենզինով շշեր, ապակե շշեր, ավազով լցված պլաստմասե շշեր էին նետում, իմ ուղղությամբ քար են նետել», - ասաց տուժողը եւ նաեւ ցույց տվեց աջ կողային հատվածը, որտեղ էլ ըստ իրեն՝ ստացել էր վնասվածք։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հարց ուղղեց.

-Դուք կրծքավանդակի շրջանում վնասվածք ստացե՞լ եք, եթե այո, ապա ցույց տվեք։

Տուժողը կրկին ցույց տվեց կողոսկրերի հատվածը, որին հաջորդեց դատախազի հաջորդ հարցադրումը։

-Կարո՞ղ ա ձեր գլխին էլ ա քար կպել։

Ոստիկանության աշխատակիցը բացասական պատասխան տվեց։

Տուժողը հայտնեց, որ չի տեսել Անդրիաս Ղուկասյանին, ըստ նրա՝ ցուցարարները փորձել են միանալ ՊՊԾ գնդին.

«Զարուհի Փոստանջյանը ուզում էր միանալ ՊՊԾ գնդին, դե, ինքն էր ղեկավարում, ինքն ու Արմեն Մարտիրոսյանը։ Ցուցարարները չգիտեմ՝ ինչու էին ուզում միանալ ՊՊԾ գնդին։ Բանակցում էին, որ շղթան բացենք, որ միանան ՊՊԾ գնդին»։

Տուժողը նշեց, որ խոսակցությունները ինքն է լսել, իսկ երբ Ղուկասյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նորից հարց հնչեցրեց՝ ինչպես կարող է այդքան հեռավորության վրա լսել խոսակցությունը, տուժողը ասաց, որ լսել է ռադիոկապի միջոցով։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի գործով տուժող է ճանաչվել 36 հոգի։ Մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՊՊԾ գունդը գրավվածներին միանալու փորձ կատարելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter