HY RU EN

Արաքս Մամուլյան

«Հենց քուչի մեջն էլ մորթեք», «կիսատ- պռատ չծեծեք»,- հրապարակվեցին Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի հեռախոսային խոսակցությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով հետազոտվեցին ամբաստանյալների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:

Նշենք, որ ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունները օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ձայնագրվել են, և դրանք գործի հիմքում դրված ամենաէական ապացույցներն են:

Գործում  հանցագործությունից և՛ առաջ, և՛ հետո գաղտնալսված խոսակցություններ կան ինչպես Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի, այնպես էլ այլ քրեական հեղինակություների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Կոնֆլիկտի պատճառն, ըստ գործի նյութերի եղել է Արա Վարդանյանի գումարը: Այս գործով վկաներից մեկը, ըստ նյութերի, Արա Վարդանյանին 2000 դոլար գումար է պարտք եղել, և խնդիրը ծագել է հենց դրանից:

Պետրոս Իսրայելյանին մոտ կանգնած մարդիկ դատարանում հայտնել են, թե Մուշեղ Մուշեղյանը ցանկացել է 2000-ի փոխարեն 20 000 դոլար գումար ստանա:

Այսպես. հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Նախ ցանկացել են գտնել Մուշեղ Մուշեղյանի տան տեղը, ապա ենթադրյալ հանցագործության վայրը դարձել է Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկը:

Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի:

«Հենց քուչի մեջն էլ մորթեք», «Գեղա՛մ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան», «նենց են ծեծում, որ հիվանդանոց էթա էլի այսինքն», «թշնամու նման ծեծեք» «ընգեր, պա բրատսկի մորթում եք», «ես քու ցավը տանեմ, վժժունը հանելու ենք, ընգեր, դրա էլ, Ճվճվի էլ ախպեր»,- խոսակցությունների ընթացքում պարբերաբար Պետրոս Իսրայելյանին դիմելով` ասում է Ալիկ Բանդուրյանը, և Պետրոս Իսրայելյանը հավաստիացնում է, որ հենց այդպես էլ ծեծելու են:

«Որդեղ տենամ, լխկելու եմ ախպեր, համ իմ տեղը, համ քո տեղը, համ սաղի տեղը»,- ասում է Պետրոս Իսրայելյանն ու հավաստիացնում, որ Մուշեղ Մուշեղյանին ցանկացած դեպքում ծեծի են ենթարկելու, և զրուցակիցներով համաձայնության են գալիս, որ իրենց՝ բոլորի համար են ծեծում Մուշեղյանին:

Ալիկ Բանդուրյանը խոսակցության ժամանակ անգամ խորհուրդ է տալիս, թե ինչ գործիքների միջոցով կատարվեն վերը նշված գործողությունները:

«Բիտեքով ոտերը ջարդեք»,- ասում է Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը հավաստիացնում է, որ ամեն ինչ էլ ունեն` «դուբինկա», լապատկի կոթ»:

Դեպքի օրը` 2016 թվականի նոյեմբերի 13-ին, ինչպես խոսակցություններից պարզ է դառնում, Մուշեղ Մուշեղյանը մի քանի կողմնակիցների հետ եղել է Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում: Վերջինիս հրավիրել էին հանգիստ խոսելու: Գեղեցկության սրահ է եկել նաև քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանը:

Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող Վիրաբ Գասպարյանին, և Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաև քրեական հեղինակություն «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը:

Գաղտնալսումներում  երբեմն Ալիկ Բանդուրյանը տալիս է նաև Արմեն Գասպարյանի անունը, նրանից ինչ-որ բան հարցնում, որոշ դեպքերում էլ ինքը՝ Գասպարյանն է զանգահարում Պետրոս Իսրայելյանին, ներկայանում որպես Բդո ու ինչ-որ բան հարցնում, որից ելնելով էլ՝ նախաքննական մարմինը եկել է եզրահանգման, որ վերջինս տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին:

Գործում առկա է ձայնագրություն, որում Արմեն Գասպարյանն ինչ-որ տղամարդուց փորձում է հետաքրքրվել,  թե ինչ է կատարվում, որին ի պատասխան` այդ տղամարդն ասում է, որ Գասպարյանն  այդ համարով էլ չզանգի:

«Ցավդ տանեմ, մի զանգի էլ էս համարին, խբին սաղիս, մեզի խբին, մարդ մեռավ զենքով»,- ասում է տղամարդը, որի ձայնը նույնացված չէ որևէ անձի հետ:

Ապա Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի միջև խոսակցության ժամանակ վերջինս ասում է, որ իրենց կողմնակիցներից մեկը մահացել է: Խոսքը, նշենք, դեպքի ժամանակ մահացած Գևորգ Ավետիսյանի մասին է:

Դեպքից հետո Ալիկ Բանդուրյանի և Պետրոս Իսրայելյանի միջև խոսակցություններից մեկում Իսրայելյանն ասում է, որ նախ Մուշեղ Մուշեղյանին ծեծի են ենթարկել, ապա նոր հրազենով վիրավորել, և Բանդուրյանը Իսրայելյանին հորդորում է այդ մասին ոչ ոքի չասել:

 «Շնական տասովկա ա լինելու, չասե՛ք, որ դեմից ծեծել եք»,- ասում է Ալիկ Բանդուրյանը:

Բանդուրյանի և Իսրայելյանի միջև առկա է նաև խոսակցություն այն մասին,  թե արդյոք դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխված Մուշեղյանը մահացե՞լ է:

«Եթե մեռած ա, դուխով կարան վրեն գրեն»,- ասում է Ալիկ Բանդուրյանը:

Նշենք, որ հիվանդանոցում մահացած Մուշեղյանի դեմ Պետրոս  Իսրայելյանի կողմնակիցները, ընկերները մի շարք ցուցմունքներ են տվել` նշելով, թե միջադեպի ժամանակ Մուշեղյանն է նախահարձակ եղել:

Այսօր դատարանում շարունակվեց նաև գործում առկա իրեղեն ապացույցների հետազոտումը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստն ընդհատվել էր, քանի որ այդ ապացույցներից որոշների գտնվելու վայրը հայտնի չէր: Դրանք, ինչպես պարզվեց, դատարանում են եղել:  Իրեղեն ապացույցների մեջ էին հրազեն, պարկուճներ, երկու դանակ,  հեռախոսներ:  Այս ապացույցներից չի հետազոտվել միայն Պետրոս Իսրայելյանի կնոջը պատկանող մեքենան: Այն պետք է բերվեր դատարան, սակայն Ճանապարհային ոստիկանությունից բանավոր կերպով հայտնել էին, թե մեքենան տեղափոխելու համար անհրաժեշտ է դրա բանալին, իսկ բանալին, նշենք, այս գործով իրեղեն ապացույց է, որը միայն այսօր է հետազոտվել:

Դատական նիստն այսօր ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին: