HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են մաքսային տեսուչներ՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու կասկածանքով

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։ 

Այսպես, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում` ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր և միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, ինչպես նաև առանց մաքսատուրքի վճարման նրանց թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել և ստացել է կաշառք:

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ավագ տեսուչը` դրան օժանդակելու կասկածանքով:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter