HY RU EN

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավումից հետո «Սասնա ծռերի» գործողությունները գաղտնի տեսագրվել են. հրապարակվեց տեսանյութերի բովանդակությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր հրապարակվեց գրավման օրերին իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված տեսանյութերի բովանդակությունը:

ՊՊԾ գնդի գրավումից հետո Ազգային անվտանգության ծառայությունը մինչև վերջին օրը, երբ «Սասնա ծռերը» հանձնվեցին, վերահսկել է գնդի և դրան հարակից տարածքներն ու ամբաստանյալների գործողությունները:

ՊՊԾ  գնդի գրավումից հետո ներսում եղած վիրավորներին օգնություն ցույց տալու համար Շտապօգնության բժիշկներ էին գնացել այնտեղ: Դրանից հետո լուր տարածվեց, որ  «Սասնա ծռերը» պատանդ են վերցրել բժիշկներին:

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են բժշկական հագուստով մի կին և տղամարդ քայլում ՊՊԾ գնդի տարածքում, և նրանց հսկում է Արամ Մանուկյանը՝ Պավել Մանուկյանի որդին: Մեկ այլ դրվագում էլ երևում է, թե ինչպես են բժիշկները Պավել Մանուկյանի ուղեկցությամբ  դուրս գալիս գնդի տարածքից:

Մեկ այլ տեսանյութում ոստիկանական մեքենաներն այրելու դրվագն է: Դրանում նկարագրվում է թե ինչպես են ամբաստանյալներից ոմանք ինչ-որ լաթի կտորներ դնում անվադողների մեջ, մեկն էլ դրանցում ինչ-որ  փոքր առարկաներ է դնում, անվադողերը բոցավառվում են: Առկա է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մեղադրյալ Հովհաննես Հարությունյանն աստիճանի օգնությամբ պոկում Խորենացի փողոցի օդային մալուխները, և նրան օգնում է մեղադրյալ Աշոտ Պետրոսյանը:

Տեսանյութերում կան նաև բարձրաստիճան ոստիկաններ, ոմանք պատանդառված են եղել: Մասնավորապես՝ խոսքը Վալերի Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի մասին է: Վերջիններս գնդի տարածքում շրջում են «Սասնա ծռերի» ուղեկցությամբ և կրում ճիշտ նույնպիսի մարտաբաճկոններ, ինչպիսին եղել են նաև «Սասնա ծռերի» հագին: Խորենացիում ֆիքսվել է նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Երևան քաղաքի ոստիկանապետ եղած Աշոտ Կարապետյանը:

Տեսանյութերում երևում է նաև լրագրողների մուտքը ՊՊԾ գնդի տարածք, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի անցուդարձը: Ֆիքսվել է նաև, թե ինչպես է մեղադրյալ Աշոտ Պետրոսյանը լրագրողների ներկայությամբ կրակոց արձակում, որից հետո Բալասանյանը լրագրողներին խնդրում է գնդի տարածքից դուրս գալ:

Դրվագներից մեկում էլ «Սասնա ծռերի» կոչն է ոստիկանության աշխատակիցներին: Վերջիններս, մասնավորապես, նշում են, որ իրենք ոստիկանների հետ խնդիր չունեն, որ նրանց խնդիրն իշխանությունների հետ է, և ոստիկաներին կոչ են անում վայր դնել զենքերը: «Սասնա ծռերը» համոզմունք են հայտնում, որ եթե ոստիկանները վայր դնեն զենքերը, իշխանությունը կհանձնվի:

Ժամեր տևած դատական նիստին հետազոտվեցին տեսանյութեր, որոնց բովանդակության դեմ «Սասնա ծռերի» անդամներն, ըստ էության, չեն էլ առարկում: Վերջիններս չեն նշում, թե չեն գրավել ՊՊԾ գունդը, պարզապես պնդում են, որ իրենք դիմել են օրենքով թույլատրելի ծայրահեղ միջոցի` ապստամբության:

Դատական նիստի ավարտին  Պավել Մանուկյանը ելույթ ունեցավ ու նշեց, թե տպավորություն է, որ այս նյութերը հրապարակելով՝ փորձում են ձանձրացնել, հոգնեցնել ժողովրդին:

Մանուկյանը հիշեցրեց, որ որ մարտի 16-ին լրանում է «Հաց բերողի»՝  Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին:

Վերջինս, հիշեցնենք, գնդի գրավման օրերին իր՝  սնունդով բեռնված մեքենայով, ճեղքելով ոստիկանական պատը, մուտք էր գործել ՊՊԾ-ի տարածք:

«Արթուրը մնաց պատմության մեջ ոչ թե Հաց բերող այլ՝ լույս բերող, Արթուրը կտրեց խավարի լույսը և շող բերեց հայ ժողովրդին... եթե մենք որոտն էինք, ապա Արթուր Սարգսյանը փայլն էր»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 21-ը: