
Կառավարությունը լուծարեց գիտահետազոտական, նախագծային աշխատանքներ իրականացնող «Արաքս» ՓԲԸ-ն
Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով որոշեց լուծարել գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքներ իրականացնող «Արաքս» ՓԲԸ-ն։ Պետգույքի վարչության փոխանցմամբ՝ ընկերությունը երկար տարիներ իր հիմնական գործունեությամբ չի զբաղվում: Ընկերության անշարժ գույքի մի մասը տրված է վարձակալության:
Ընկերության բաժնետոմսերի 20%-ը մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում պատկանում է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը: Պետական սեփականություն հանդիսացող 80% բաժնետոմսերի տնօրինումը 2002 թվականին վերապահվել է պետական գույքի կառավարման վարչությանը:
Վարչության փոխանցմամբ՝ ընկերության վարձակալների թիվը պակասել է, ինչի հետևանքով կրճատվել են նաև ֆինանսական մուտքերը։ Այդ պատճառով անհնարին է դարձել ընկերության գույքի պահառությունն ու ընթացիկ պարտավորությունների մարումը և ավելացել է կրեդիտորական պարտավորությունները: Այս ամենի հետևանքով պետգույքի կառավարման վարչությունը որոշել է ընկերությունը լուծարել։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ 2017 թվականի ապրիլին պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել էր իր ենթակայության տակ գնտվող «Արաքս» ՓԲԸ-ի 80% պետական բաժնետոմսը մասնավորեցնել։ Ելնելով նախապատվության իրավունքից՝ ընկերության 20% բաժնեմասի սեփականատերերին առաջարկվել էր 134 միլիոն դրամով ձեռք բերել մնացած բաժնետոմսերը։ Սակայն 20%-ի սեփականատերերը հրաժարվել են 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը գնել։ Դրանից հետո ընկերության 80% բաժնեմասը ներկայացվել է մասնավորեցման՝ դասական աճուրդով, սակայն աճուրդը չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով:
Մեկնաբանել