HY RU EN

«Մոսակ Ֆոնսեկա» ընկերությունը, որից արտահոսել էին պանամական փաստաթղթերը, դադարեցնում է գործունեությունը

Համաշխարհային ճանաչում ունեցող «Մոսակ Ֆոնսեկա» (Mossack Fonseca) իրավաբանական ընկերությունը, որն օֆշորային ընկերություններ գրանցող միջազգային ընկերություն էր և գաղտնազերծված պանամյան փաստաթղթերի հիմնական դերակատարը, դադարեցնում է իր գործունեությունը: Այդ մասին ընկերությունը հայտարարել է հինգշաբթի` որպես հիմնական պատճառ նշելով արտահոսած փաստաթղթերի հետևանքով ընկերության արատավորված համբավը:

Հիշեցնենք` պանամյան սկանդալը 11,5 մլն փաստաթղթերի արտահոսք էր, որը մանրամասն տեղեկատվություն էր պարունակում հաճախորդ-հավատարմագրային կառավարող փոխհարաբերությունների, օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների, դրանց ֆինանսական շրջանառության, ինչպես նաև` այդ օֆշորային ընկերություններին և գումարային փոխանցումներին մի շարք պաշտոնյաների փոխկապակցվածության մասին:

Հայ պաշտոնյաներից օֆշորային Պանաման «նվաճել» էր ԴԱՀԿԾ նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որին պատկանող ընկերությունների և դրանց գործունեության մասին «Հետք»-ի հրապարակումից հետո պաշտոնյան հրաժարական տվեց: Քրեական գործ հարուցվեց, որը, սակայն, ՀՔԾ-ն կարճեց Միհրան Պողոսղյանի` ՀՀ խորհրդարանի պատգամավորի թեկնածությունն առաջադրելու նախօրյակին: ԴԱՀԿԾ նախկին պետն այժմ ԱԺ պատգամավոր է:

««Mossack Fonseca»- ն գլոբալ մասշտաբով կիբեր հարձակման զոհ է դարձել,- հայտարարել է ընկերությունը: - Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), օգտագործելով գողացված տեղեկատվությունը, ստեղծել է մոլորեցնող մթնոլորտ` ներկայացնելով մեր ծառայությունները որպես ֆինանսական ոլորտն աղավաղող ու խեղաթյուրող…և հրապարակել է հոդվածների շարք, որոնք կոնտեքստից դուրս շահարկումներ էին պարունակում` դրանով իսկ ամբողջացնելով մի քանի միջազգային կազմակերպությունների նախօրոք մտածված օրակարգը»:

Այդուհանդրեձ, «Mossack Fonseca»-ն պնդում է, որ գործել է օրենքի համաձայն` բոլոր իրավահարթություններում և համագործակցել է իշխանությունների հետ քրեական գործի շրջանակներում, որը հաջորդել էր արտահոսքին: