HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ. Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան

Ստորեւ ներկայացնում ենք Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունը «Լիդիան» ընկերության գործունեության դեպքում Ամուլսարում ջրերի հնարավոր աղտոտման վերաբերյալ: 

Գիտությունների դոկտորներ Անն Մաեստի, Անդրեա Գերսոնի և Ռոջեր Սմարթի կողմից 2018թ. փետրվարի 13-ին հրապարակվել են երկու հուշագրեր (1, 2), որոնք պատասխանում են Լիդիանի փորձագետ Լարրի Բրեքենրիջի ս․թ․ հունվարին արված հայտարարություններին:

Հատկապես միջազգայնորեն ճանաչված երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստի հրապարակած անգլերեն հուշագիրը վերջնականապես վկայում և ապացուցում է Ամուլսարում արտադրվող թթվային դրենաժի բարձր մակարդակը: Օգտագործելով «Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցի» (INAP) «Թթվային ապարների դրենաժի համաշխարհային ուղեցույցի» (GARD Guide) առաջարկած մոտեցումները և հիմնվելով Լիդիանի փաստաթղթերի ու տվյալների վրա՝ մեկ անգամ ևս հաստատվում է, որ Ամուլսարում գրեթե ամբողջ հանքաքարը և թափոնների վերլուծված նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են։ Սրանով վերջնականապես ջախջախվում են Լիդիանի փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջի այն պնդումները, թե «հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող», և որ «հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա»։

Ներկայացնում ենք դոկտոր Անն Մաեստի հուշագրի ամփոփման թարգմանությունը․

«Ամփոփում
-
Այս հուշագիրը արձագանքում է Global Resource Engineering (GRE) ընկերության ինժեներ Լարրի Բրեքենրիջի կողմից արված հայտարարություններին` կապված Ամուլսարի ոսկու ծրագրի հետևանքով աղտոտման արտադրողական բնութագրերի հետ:

- Լարրի Բրեքենրիջը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրը թթվագոյացնող չէ, իսկ դատարկ ապարների լցակույտի թափոնների միայն մի մասն է թթու առաջացնող: Այս հայտարարությունները չեն համապատասխանում անգամ Լիդիանի կողմից արված սեփական հետազոտությունների արդյունքներին և անտեսում են այն​​ փաստը, որ բացահանքերի երկրաբանական բարդությունների պատճառով՝ դժվար է թափոնները հաջողությամբ բաժանել հանքաքարից:

- Լիդիանը նշում է, որ պարոն Բրեքենրիջը անկախ փորձագետ է, սակայն նրա ընկերությունը՝ GRE-ն, բազմաթիվ տեխնիկական ուսումնասիրություններ և հաշվետվություններ է ներկայացրել Լիդիանի և Ամուլսարի նախագծի համար։

- Լիդիանը թերագնահատել է Ամուլսարի հանքաքարի և թափոնների թթվագոյացման պոտենցիալի ներուժը, քանի որ կիրառել է հնացած մասնագիտական մոտեցում, որը չի առաջարկվում GARD Guide-ի կողմից, որոնք Լիդիանն իր փաստաթղթերում շարունակաբար մեջբերում է և ասում, որ հետևում է դրանց: Օգտագործելով GARD Guide-ի առաջարկած միջազգային մոտեցումը՝ ստացվում է, որ գրեթե ամբողջ հանքաքարը և վերլուծված թափոնների նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են:

- Լիդիանի մեղմացման միջոցառումները թթվագոյացումը կանխելու կամ նվազեցնելու համար հիմնված են հանքաքարի և թափոնների թթուների արտազատման ու աղտոտման պոտենցիալների վերաբերյալ սեփական սխալ եզրակացությունների վրա:

- Պարոն Բրեքենրիջի հայտարարությունները ցածր թթվագոյացման պոտենցիալի մասին անտեսում կամ չեն հիշատակում հանքավայրի աղտոտող բաղադրիչների ներհոսքը դեպի մոտակա ջրահոսքերն ու ստորերկրյա ջրերը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում թափոնների լցակույտից և բացահանքերից արտահոսող ջրերը պարունակելու են մետաղների, սուլֆատի և նիտրատի ավելի բարձր կոնցենտրացիաներ քան Հայաստանի ջրի որակի չափանիշներն են։ Դա տեղի է ունենալու ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ դրանից շատ տարիներ անց: Ջրային հոսքերի մոտիկությունը ենթադրում է, որ աղտոտող նյութերն արագորեն կհասնեն մակերևութային ջրերին և աղբյուրներին:

- Հաշվի առնելով Ամուլսարի թափոնների և հանքաքարի արտազատման խոշոր ներուժը, աղտոտող նյութերը և այդ փաստի գնահատման բացակայությունը հանքավայրի շահագործման նախագծերի մեջ՝ դատարկ ապարների լցակույտը և կույտային տարրալվացման հարթակը պետք է ամբողջովին վերանախագծվեն` լավագույն փորձի կիրառմամբ: Բացի դրանից, այդ օբյեկտները պետք է ավելի հեռու տեղադրվեն ջրային հոսքերից և ավելի մոտիկ հանքափոսերին»:

Հիշեցնենք, որ 2017թ․ հունիս ամսից առ այսօր չորս միջազգային փորձագետներ Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից ներկայացրել են թվով 11 հաշվետվություններ և հուշագրեր, որոնցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։ Դրանցում նրանք պատասխանել են նաև այս ընթացքում Լիդիանի ներկայացրած բոլոր պատասխան հիմնավորումներին և սխալ եզրահանգումներին։ Պարզվել է, որ Ամուլսարի դեպքում 600-700 միլիոն ԱՄՆ դոլար հարկավոր կլինի միայն հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի հետևանքով աղտոտված ջրերի մաքրման համար։

Պարզվել է նաև, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ և ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար և երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը և թթվային ապարների դրենաժի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին և ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։

Բոլոր չորս գիտնականները եկել էին հետևյալ միասնական եզրահանգմանը

«Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին։ Ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները»։

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ՀՀ նախորդ կառավարությունը թույլատրել այս աղետալի ծրագրի իրագործումը, և ինչո՞ւ է ներկա կառավարությունն անտեսում հայկական և միջազգային գիտնականների անհերքելի փաստարկներն ու շարունակում ամեն կերպ աջակցել Լիդիանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter