Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Լիբանանի աջակցությանը նվիրված միջազգային համաժողովին
Մարտի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում մասնակցեց Լիբանանի աջակցությանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ էլ Ղեյտը, չորս տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Լիբանանի՝ մեկ պետության սահմանների ներքո գրեթե ողջ տարածաշրջանն արտացոլող բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքին՝ ընդգծելով, որ մի կողմից դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում կարող է արձագանք գտնել այդ երկրում, իսկ մյուս կողմից հնարավորություն է, որն ընձեռում են բազմազանության առավելությունները:
«Այդ նույն պատճառներից ելնելով իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, և թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ, որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից և վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ այս առումով ներկա համաժողովը կկարողանա իր ուրույն նպաստը բերել, և դրան կհետևեն նաև համապատասխան գործնական քայլեր», նշեց Հայաստանի արտգործնախարարն իր խոսքում:
Խոսելով Հայաստանի համար Լիբանանի կարևորության մասին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել՝ ակտիվորեն ներգրավված լինելով Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ՝ ներկայացված լինելով կառավարությունում և խորհրդարանում:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին ու պատրաստակամ է այսուհետ ևս իր ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այդ համատեքստում ընդգծվեց, որ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Լիբանանին աջակցությանը նվիրված միջազգային համաժողովին Էդվարդ Նալբանդյանը, անդրադարձ կատարելով Հայաստանի կողմից Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում հայ խաղաղապահների ծառայությանը, շեշտեց, որ ՅՈւՆԻՖԻԼ-ը միակ խաղաղապահ գործողությունը չէ, որին միացել է Հայաստանը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականն այս առումով նշել է, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում», ասաց նախարար Նալբանդյանը:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների վրա:
Հատուկ ընդգծվեց, որ տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ՝ շեշտելով ազգային-կրոնական բազմերանգության և պատմամշակութային ժառանգության առանձնակի արժեքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել