HY RU EN

Վայոց ձորի մարզը կունենա նոր արդիական հիվանդանոց

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Լևոն Ալթունյանն այցելե է Վայոց ձոր։ Նախարարը տեղեկացրել է, որ արդեն որոշումը կայացվել է և շուտով կսկսվեն Վայոց ձորի նոր հիվանդանոցի կառուցման նախագծման աշխատանքները:

Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակում Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին:

«Առողջապահության ոլորտում 2017 թվականին իրականացված ծրագրերը հանրապետության նախագահին  ներկայացնելիս կարևորվել են առողջության առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչների հետ հանդիպումները: Անկաշկանդ մթնոլորտում Ձեզ հետ քննարկել ոլորտի բարեփոխումների մեր տեսլականը, ինչպես նաև ծանոթացնել մեր կարևոր ծրագրերին, որպեսզի դուք դառնաք կատարողներից մեկը, և դրանք հասցնեք  բնակչությանը» - ասել է նախարարը:

Ծանոթացնելով նախարարության գերակա ծրագրերին` Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի կարևորությանը, երկրի բոլոր կլինիկաներում աշխարհի առաջատար փորձի հիման վրա մշակված և տեղայնացված փաստաթղթերով աշխատելու հնարավորությանը:

Մարզի բժիշկները շնորհակալություն են հայտնել նախարարին համակարգում իրականացվող զարգացման ծրագրերի, այդ թվում` էլեկտրոնային առոջղապահության միասնական համակարգի ներդրման համար, որը, ի թիվս բազմաթիվ հնարավորությունների, առաջիկայում զգալիորեն կնվազեցնի բուժաշխատողների կողմից փաստաթղթերի վարումը:

Քննարկվել են ինչպես մարզային առողջապահության կազմակերպման առկա խնդիրները, այնպես էլ զարգացման հնարավորությունները: Քննարկման առարկա է դարձել բժշկների և բնակչության կապի ամրապնդումը, ինչը կնպաստի բուժաշխատողի հեղինակության բարձրացմանը և ԱԱՊ օղակի բարելավմանը:

Լ․Ալթունյանը կարևորել է նաև բժշկի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, որոնք կչափվեն մի շարք հստակ ցուցանիշներով, օրինակ՝ չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում, պատվաստումների մեծ ընդգրկվածություն, առաջնային օղակում բուժման արդյունավետություն և այլն: Այս բոլոր ցուցանիշներով կձևավորվեն առաջնային օղակի բժիշկների բոնուսները, հետևաբար և կմեծանան աշխատավարձները:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակող հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արայիկ Բաղրյանը: