HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք ստանալու քրեական գործով մաքսային տեսուչներ են կալանավորվել. կան նոր ձերբակալվածներ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քննվող` ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչը և մի շարք այլ պաշտոնատար անձինք Վրաստանից տարբեր ապրանքների, այդ թվում` ավտոպահեստամասերի, կենցաղային իրերի և միրգ-բանջարեղենի անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր ՀՀ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարել:

Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ մաքսային տեսուչն առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, ինչպես նաև առանց մաքսատուրքի վճարման Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ին, Դ. Ա.-ին և մի շարք այլ ՀՀ քաղաքացիների թույլատրել է անօրինական ճանապարհով ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ ՊԵԿ մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Քննությամբ պարզվել է նաև, որ Գ. Թ.-ն մաքսային տեսուչին կաշառք է տվել Տավուշի մարզի բնակիչ Վ. Ն.-ի օժանդակությամբ:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մաքսային տեսուչին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար ՊԵԿ մյուս աշխատակցին մեղադրանքեր են առաջադրվել  38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ն ու Վ. Ն.-ն ձերբակալվել են մաքսային տեսուչին խոշոր չափերով կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով:

Ինչպես արդեն տեղեկացվել է, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter