HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Զինված խմբի» գործով հեռախոսային խոսակցությունները լսելիս Արթուր Վարդանյանը հունից դուրս եկավ

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում «զինված խմբի» գործով դատական նիստին այսօր սկսվեց խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները պարունակող լազերային սկավառակների հետազոտումը:

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը համակարգչային մասնագետին հայտնում էր սկավառակում առկա այն ձայնագրությունները, որոնք մեղադրանքի կողմի համար էական նշանակում ունեն:

Նշենք, որ սկավառակները կցված են գործի 17-րդ հատորին, իսկ 18-րդ հատորում մեղադրանքի կողմը առանձացրել և տեքստային տարբերակով տպել է ձայնագրության այն հատվածները, որոնք մեղադրանքը հիմնավորելու առումով կարևորել է:

Դատարանում միայն մի քանի ձայնագրություն լսվեց: Դրանցում ինչ- որ իր ձեռք բերելու վերաբերյալ խոսակցություններ էին: Մասնավորապես՝ լազերային սկավառակում առկա ձայնագրություներից մի քանիսը Արթուր Վարդանյանի և գյումրեցի Հակոբ Հակոբյանի  միջև էին: Վերջինս այս գործից անջատված մասով անցնող մեկ այլ քրեական գործի շրջանակներում դատապարտվել է 3.6 տարի ազատազրկման այն բանի համար, որ Արթուր Վարդանյանի առաջարկով զենք-զինամթերք է հայթայթել: Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանը չի իմացել, որ զենքը նախատեսված է Հայաստանում իշխանությունը զավթելու համար, «զինված խմբի» գործով դատական նիստին էլ ցուցմունք է տվել ու հայտնել, թե Արթուր Վարդանյանն իրեն ասել է, որ զենքը Սիրիայի համար է:

Դատարանը միայն մի քանի ֆայլ էր հասցրել ուսումնասիրել, երբ Արթուր Վարդանյանը պահանջեց դադարեցնել դրանց հետազոտումը: Ամբաստանյալը դժգոհեց, որ իր ձեռքի տակ եղած գործի նյութերում չկան այն խոսակցությունների տեքստային վերծանումները, որոնք այժմ դատարանում ընթերցվում են:

«Մենք հիմա, փաստորեն, 18-րդ հատո՞րն ենք հետազոտում»,- դատարանին դիմելով՝ հարցրեց Արթուր Վարդանյանը:-

Ի պատասխան դատախազ Գևորգ Սարգսյանը նշեց, որ գործի 18-րդ հատորը չի հետազոտվում:

«Նորմալ է, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանը իրավական գիտելիքներ չունի»,- փորձում էր խոսել դատախազը, սակայն Արթուր Վարդանյանը բորբոքվեց ու նրան թույլ չտվեց շարունակել:

«Նենց չի, որ դուք իրավական գիտելիքներ ունեք, ձեր իրավական գիտելիքները հելել, թափում են: Եթե ձեզ ասել են, որ այս դատը հալած յուղի պես գնում ա, սխալվել են: Բա խի՞ չես ասում, որ այդ նույն ձայնագրություններում խոսում եմ նաև արցախյան պատերազմի մասին, թե՞ միայն այն եք ներկայացնում, ինչ ձեռնտու ա: Իրավաբանական գիտելիքներ. գիտելիքներդ հելել, քեզնից առաջ են վազում»,- բարձր ձայնով խոսում էր Վարդանյանն ու ձեռքը սեղանին խփում: Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան փորձեց բացատրել, որ ինքը ևս կարող է ներկայացնել այն ապացույցները, որոնք կկարևորի, սակայն Վարդանյանը չհանգստացավ:

«2 տարի, 4 ամիս է, նստած ենք... վաղը կարող է ասեն՝ Քենեդուն ես եմ սպանել, պիտի նստեմ, սպասեմ, մինչև Քենեդին կգա, կասի, որ ես չե՞մ սպանել»,- շարունակեց Արթուր Վարդանյանը: Վերջինս վայրկյաններ անց հանդարտվեց ու նստեց իր տեղուն, և իրավիճակի վերաբերյալ սկսեց բացատրություններ տալ դատախազ Գևորգ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ այս պահին դատարանում հետազոտվում է ոչ թե 18-րդ հատորն, այլ 17-րդ հատորին կից հեռախոսային խոսակցությունների լազերային սկավառակները, որոնց վերաբերյալ 18-րդ հատորում առկա են տեքստային տարբերակներ:

Գործում ներգրավված փաստաբաններից Նարինե Ռշտունին առաջարկեց, որպեսզի նախքան ձայնագրությունն ուսումնասիրելը դատախազը ասի, թե տվյալ ձայնագրության  տեքստային տարբերակը գործի ո՞ր հատորում է արտատպված, որպեսզի հնարավոր լինի դրան հետևել, ինչին, սակայն դատախազը բուռն արձագանքեց:

«Թող բարի լինեին, պատրաստվեին դատական նիստին, եթե չպատրաստվեին, բնականաբար չէին կարողանա հետևել,  ե՞ս պետք է օգնեմ: Այժմ հետազոտվում են լազերային սկավառակները, և եթե նրանց ունակությունները հերիքում է, թող հետևեն նաև 18-րդ հատորում դրանց արտատպված գաղնտալսման տեղեկագրերին»,- հայտարարեց Գևորգ Սարգսյանը:

Նարինե Ռշտունին դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքին, որ  դատախազն անցել է վիրավորանքի:

«Այստեղ  արդեն վիրավորանք է հնչեցվում. ի՞նչ է նշանակում եթե ունակույունները հերիքում է.  իմ ունակությունների վրա՞ եք կասկածում»,- դիմելով Սարգսյանին՝ ասաց Ռշտունին, ապա բարձրաձայնեց այն մասին, որ ձայնագրությունները, որոնք հետազոտվում են, իր մոտ չկան, դատարանից պահանջեց դրանք իրեն տրամադրել ու հետաձգել նիստը, որպեսզի հնարավոր լինի դրանց բովանդակությանը ծանոթանալ:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ ընդգծեց, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներն առհասարակ ծանոթ չեն լազերային կրիչների բովանդակությունը, քանի որ քրեակատարողական հիմնարկը համապատասխան պայմաններ չի ստեղծել դրանց կալանավայրում ծանոթանալու համար:

Ապա դատարանում իրավիճակը նորից լարվեց. փաստաբան Լևոն Բաղդասարյանն անդրադարձավ մեղադրող դատախազի պահվածքին ու նշեց, որ վերջինս առաջին անգամ չէ, որ դատարանում իր վարքով ու արտահայտություններով վրդովմունքի առիթ տալիս ու լարված մթնոլորտ ստեղծում:

Այս առնչությամբ Սարգսյանը ցանկանում էր ինչ- որ բան ասել:

«Ասա՛, ասա՛»,- տեղից արձագանքեց փաստաբան Հովիկ Արսենյանը, և դատախազն ասելիքը մի կողմ թողնելով՝ այժմ էլ անցավ փաստաբանի հետ վիճաբանության:

«Դու պիտի՞ ասես, որ ասեմ»,-Արսենյանին դիմելով՝ ասաց Գևորգ Սարգսյանը:

«Խի՞, քեզնից պակա՞ս տղա եմ, դու քանի՞ գլխանի ես, ինչ տոնով ես առհասարակ խոսում»,- հակադարձեց Հովիկ Արսենյանը:

Գևորգ Սարգսյանը նշեց, թե ինքը որևէ վիրավորական արտահայտություն չի արել:

Ի վերջո, երբ դատարանում աղմուկը դադարեց, դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը հետաձգեց՝ նշելով, որ լազերային սկավառակները կտրաադրվեն պաշտպաններին,որպեսզի վերջիններս ծանոթանան դրանց բովանդակությանը: Դատական հաջորդ նիստը մարտի 23-ին է:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter