HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության պարզաբանումը բժշկական դեղատոմսերի վերաբերյալ

«Ժողովուրդ» թերթի՝ մարտի 16-ի համարում անդրադարձ է կատարվել հիվանդանոցային բուժումից հետո դուրս գրվող հիվանդի շարունական բուժման համար դեղատոմս գրելու խնդրին։ Մասնավորապես, հարց է բարձրացվել, թե որ բժշկական փաստաթղթում է անհրաժեշտ գրառում կատարել այդ մասին:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը սրա վերաբերյալ պարզաբանում է տարածել։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Պարզաբանում ենք, որ Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի 19-րդ կետում սահմանված է, որ «գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ»:

Միաժամանակ, կրկին ներկայացնում ենք, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։

  1. Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1

Նշանակվում և լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:

Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

  1. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

  1. Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3

Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:

  1. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4

Դեղատոմսը լրացվում և դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի կնիքով հաստատում չի պահանջվում:

Բժշկի կողմից N 3 և N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են  բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Հավելենք, որ բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից, բացառությամբ դեղատոմս N 1-ի:

ԱՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որևէ ազդեցություն բժշկական օգնության և սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

Այսպիսով` ոչ աշխատանքային օրերին և ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն: Կանչի ընթացքում շտապօգնության բրիգադը պացիենտին կցուցաբերի անվճար անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն: Բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպի տեղափոխումը հիվանդանոց` հիվանդի պատշաճ բուժումը կազմակերպելու համար:

Շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբևէ չի ունեցել և չունի նաև հիմա:

Միաժամանակ, քաղաքացին կարող է դիմել հիվանդանոց, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որի հիման վրա բժիշկը կարող է նշանակել բուժում (ներառյալ` դեղատոմսի դուրս գրումը):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter