
«Հրաշք այգի»-ի տնօրենն ու կինը ձևական պայմանագրով օգտվել են արտոնյալ լիզինգային ծրագրից
Կառավարությունը 2017 թ․ մարտին մեծ շուքով ազդարարեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Ամիսներ անց, Վերահսկիչ պալատն արձանագրել է մի շարք թերություններ և բացթողումներ:
Նշված ծրագրի նպատակը գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի պայմաններով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է: Եթե ծրագիրն իրականություն դառնա, ապա 2017թ. և առաջիկա տարիներին հնարավոր կլինի ձեռք բերել 510 տեխնիկա՝ մոտ 2 մլրդ 829 մլն դրամ ընդհանուր արժեքով: Տեխնիկայի գնի սուբսիդավորման տոկոսը կազմելու է մոտ 500 մլն դրամ:
2017թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված ամփոփ հաշվետվության համաձայն, շահառուների թիվը կազմել է 65, որից 11-ը՝ իրավաբանական, իսկ 54-ը ֆիզիկական անձ:
Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է ծրագրի խոշոր շահառուներ հանդիսացող «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ի՝ 198 մլն 570 հազար դրամ ընդհանուր գումարով և «Նաիրիի Բերիություն» ՍՊԸ-ի՝ 186 մլն 560 հազար դրամ գումարով տեխնիկաների ձեռքբերումը: Նշված գումարների 20%-ը վճարվել է շահառուների կողմից: Նշենք, որ «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ն նոր ընկերություն է, ստեղծվել է 2017թ. հունիսի 23-ին:
Ապրանքները մատակարարել է «Հրաշք այգի» ՍՊԸ-ն, իսկ որպես ֆինանսավորող կազմակերպություն հանդես է եկել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն: Սուբսիդավորման տոկոսադրույքը կազմել է 7%:
Գյուղատնտեսության նախարարության կողմից Վերահսկիչ պալատին ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ին ծրագրում ընդգրկելու նպատակը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեքենատրակտորային կայանքի ստեղծման նախաձեռնությունով: «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է և չունի համապատասխան ոլորտում գործունեության փորձառություն:
«Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ն կադաստրի կողմից Վերահսկիչ պալատին 28.11.2017թ. տրված տեղեկատվության համաձայն, սեփականության իրավունքով կամ վարձակալական հիմունքներով որևէ անշարժ գույք չունի և պարզ չէ, թե որտեղ են գտնվում ձեռքբերված տեխնիկաները: Իսկ ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ընկերությունը գործունեություն ծավալելու վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: Հարկային մարմնի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է եղել:
2017թ. օգոստոսի 25-ին Ծովակ համայնքում գյուղատնտեսության նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացման արարողությունը: Վերահսկիչ պալատի մասնագետները տեսահոլովակներում նկատել են, որ գյուղատնտեսական տեխնիկան շարված է Ծովակ համայնքի տարածքով անցնող Երևան-Վարդենիս մայրուղու վրա:
Նշենք, որ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը հանդիսանում է «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր Լենա Բաղդասարյանի ամուսինը:
«Հետևաբար կարելի է ենթադրել, որ գործարքը կրել է ձևական բնույթ, ինչի արդյունքում «Հրաշք այգի» ընկերությունը, օգտվելով տոկոսադրույքի սուբսիդավորումից, ստանձնել է 151 մլն 871 հազար դրամ գումարի վարկային պարտավորությունը 2% տոկոսադրույքով: Արդյունքում, լիզինգի պայմանագրի պետության կողմից սուբսիդավորման տոկոսի ընդհանուր գումարը կազմելու է 36 մլն 796 հազար 200 դրամ»,- արձանագրել է Վերահսկիչ պալատը:
Ստուգող մարմինը նաև արձանագրել է՝ ծրագրում սահմանված չեն շահառուներին վերաբերող չափորոշիչները, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման պայմանները, գերատեսչական, հսկողական և արյունավետության գնահատման չափանիշներն ու չափորոշիչները, ձեռք բերվելիք գյուղտեխնիկայի, ինչպես նաև տոկոսադրույքի սուբսիդավորման առավելագույն գումարի չափը:
Նշենք, որ «Հրաշք այգի» ՍՊԸ-ն հաճախ է օգտվում պետական ծրագրերից: Օրինակ՝ հողօգտագործողներին 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով կառավարությունը մոտ 301 մլն դրամ էր հատկացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով: Մոտ 14 մլն դրամ էլ ՍՊԸ-ին տրամադրվել էր որպես դրամաշնորհ՝ Հայաստան ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
«Հրաշք այգի» ՍՊԸ-ին մոտ 310 մլն դրամի չափով տրամադրվել էր բյուջետային վարկ՝ մինչև 2015թ. դեկտեմբերի 20-ը, առանց գրավի և տարեկան 0,001% տոկոսադրույքով։
Գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. դեկտեմբերի 14-ին էլ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հետ «ռոդիֆակում» տեսակի թունանյութ գնելու պայմանագիր էր կնքել, որի գինը կազմել է 107 միլիոն 900 հազար դրամ: Նշված թունաքիմիկատը նախատեսված է կրծողների դեմ պայքարելու համար:
Լուսանկարը՝ banks.am-ի
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել