HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրախությամբ տեղեկացա՝ համալսարանում պրակտիկաս հաստատվել է

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Վերջերս Սլավոնական համալսարան ուղարկեցի գործնական աշխատանքներիս օրագիրը, որը լրացրել էի ըստ բաժինների՝ արտադրական, հետազոտական և ուսումնական: Հիմա կհարցնեք՝ ինչպես է հնարավոր բանտում՝ փակի տակ գտնվելով՝ արտադրական կամ հետազոտական պրակտիկա անցնել: Ասեմ, որ ինքնուրույն կազմած դատական դիմումներս, դատական վիճարկումներս են դարձել իմ պրակտիկայի նյութը:

Եթե լինեի ֆիզիկական ազատության մեջ, մյուս ուսանողների նման պիտի գնայի դատարաններ, լսեի դատական նիստերը, իսկ բանտային պայմաններում, իմ կարգավիճակից ելնելով՝ հենց իմ բողոքարկումներն էլ դարձան պրակտիկայի թեմա:

Ուրախությամբ տեղեկացա, որ Համալսարանում պրակտիկաս արդեն իսկ հաստատվել է այս տեսքով: Ըստ հերթականության ներկայացրել էի հետևյալը.

  1. իմ քրեական գործով 2012-13թթ. նոր երևան եկած հանգամանքներով վիճարկումները դատական ատյաններում,
  2. ՀՀ-ում նախագահի ներման միջոցով մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ դատական վիճարկումները,
  3. ցմահ ազատազրկման վերաբերյալ միջազգային փորձի վերլուծություն, հետազոտություններս հենց բանտում (метод включенного наблюдения, ներառված դիտարկման մեթոդով), որտեղ ներկայացրել եմ օրենսդրական ու գործնական առաջարկներ,
  4. իմ քրեական գործով 2014-15 թթ. Եվրոպայից ստացված դատաբժշկական եզրակացության հիման վրա նոր երևան եկած հանգամանքներով դատական վիճարկումներ,
  5. 2017 թ. աննախադեպ դատական հաղթանակներս՝ կապված պատժի հաշվարկի ու տեսակցությունների սահմանափակումների վերացման հետ,
  6. 2018 թ. իմ քրեական գործով դատական սխալի հիմքով մահապատժի դատավճռի բեկանման խնդրանքով դատական բողոքարկում Վճռաբեկ դատարանում:

Դիպլոմային աշխատանքիս պաշտպանությանը և ավարտական քննություններին մնացել է երկու ամսից էլ քիչ ժամանակ: Համալսարանից փոխանցել են, որ մայիսին են լինելու պաշտպանությունն ու պետական քննությունները: Օրեր առաջ դիմեցի մեկուսարանի պետին խնդրանքով՝ թույլատրել շաբաթվա ընթացքում ևս մեկ լրացուցիչ օր 3 ժամով աշխատել իմ համակարգչով, որը գտնվում է ոչ թե խցում, այլ ցմահների հարկաբաժնում` համապատասխան սենյակում: Ուրախությամբ պիտի ասեմ, որ խնդրանքս բավարարվել է: Այժմ ավելի արդյունավետ կկարողանամ աշխատել, հիմնավորել տեսական ու պրակտիկ խնդիրները օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման վերաբերյալ:

Դիպլոմայինի պաշտպանությունն ու ավարտական քննությունները ռուսերեն լեզվով են լինելու: Իսկ ուսումնառության 5 տարիներին իմ ցանկությամբ հայերենով մի քանի առարկաներ եմ հանձնել, օրինակ՝ ՀՀ քրեական իրավունքը, ՀՀ քրեական դատավարությունը, Պետության և իրավունքի տեսությունը, ՀՀ քաղաքացիական իրավունքը, ՀՀ քաղաքացիական դատավարությունը, ընդունվելիս՝ Հայ ժողովրդի պատմությունը:

Այս 5 տարիներին խորությամբ ուսումնասիրել եմ ՌԴ քրեական իրավունքի դաշտը, որը ժառանգություն ենք ստացել մեր ընդհանուր Խորհրդային անցյալից: Այս առումով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում սովորելը և՛ հաճելի է, և՛ արդյունավետ, և՛ բավականին բարդ, քանի որ առանց չափազանցության կարելի է ասել, որ ուսանողը փաստացի զուգահեռ սովորում է երկու համալսարանում՝ մեկը՝ հայկական, մյուսը՝ ռուսական: Արդյունքում շրջանավարտը լիարժեք տիրապետում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի օրենսդրական դաշտերին: Ի դեպ, արդարացիորեն Համալսարանն ավարտողները ստանում են ՀՀ և ՌԴ նմուշի դիպլոմներ:

Ինձ համար պարզապես մի փոքր դժվար էր այն առումով, որ հնարավորություն չեմ ունեցել լսել կենդանի դասախոսության, կարելի է ասել՝ ինքս ինձ հետ եմ սովորել, միայն գրքերից, հարազատներիս ու դասախոսներիս ուղարկած նյութերից: Իսկ պրակտիկ կողմը լրացվել է իմ կարգավիճակով, այն վայրով, որտեղ գտնվում եմ 22-րդ տարին:

Շարունակում եմ պայքարս` արդարության հասնելու համար: Սովորելն ու պայքարելը իմ պարագայում զուգակցված են՝ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է: Իրավական գիտելիքներն ինձ օգնում են ավելի գրագետ կազմել դատական վիճարկումները: Զուգահեռաբար ավարտելուց հետո կուզեմ աշխատել նաև որպես իրավաբան ու շարունակել ուսումս իրավագիտության մագիստրատուրայում: 

Մեկնաբանություններ (1)

Հարություն Սարաֆյան
Ողջույն Մհեր ջան Կարծես թե ամեն հերթական հոդվածդ գրելով մի անսահման ու աննկարագրելի դրական էներգիա ես սփռում։ Մաղթում եմ որ այդ էներգիան անսպառ լինի եւ համառ պայքարով օր առաջ դրական արդյունքներ արձանագրել քո արդար պայքարում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter