
«Սահմռկեցուցիչ պատմություն» ֆիլմի իրականությունը
Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Զիրոյանի՝ Մոնիկայի եւ Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսնու հետ «Հետքի» հարցազրույցը:
Դավիթ, գրության մեջ անդրադարձել ես միայն Մարիամ Գեւորգյանին, հիմա էլ ասում ես, որ Մոնիկայից չես գանգատվում : Մենք տեղյակ ենք, որ Մոնիկան իր ցուցմունքների մի մասից հրաժարվել է, օրինակ՝ հիմա ասում է, որ աչքը կուրացել է սխալ բուժման պատճառով: Իսկ «Հետքին» նա պատմել է (ձայնագրությունը կա), որ դու եւ մայրդ անընդհատ հարվածել եք աչքին...
Մոնիկայի աչքի մեջ օտար մարմին կա դեռ 8 տարեկանից: Մենք Սանկտ Պետերբուրգում տարել ենք հիվանդանոց, նկարել ենք, շերտ-շերտ մինչեւ աչքի վերջ նկարը հասել է, դրա մեջ երեւում էր, որ օտար մարմին կա աչքի մեջ:
Բայց Հայաստան վերադառնալուց հետո քննչական մարմնի հանձնարարությամբ նրա աչքը ստուգել են եւ օտար մարմին չի հայտնաբերվել: Մեզ մոտ կա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տված տեղեկանքը, ըստ որի՝ չի բացառվում, որ կուրացման պատճառ կարող էին դառնալ վնասվածքները: Եթե օտար մարմին լիներ, այդ մասին էլ կնշեին, ինչպե՞ս կարող էին չնկատել:
Այստեղ էխոյով են աչքը նայել, դրա համար էլ չի երեւացել, մանավանդ, որ խորն է, երկար պատմություն ունի: Մենք ներկայացրել ենք թղթեր, որ այստեղ Լենինգրադից վերադառնալուց հետո սովորականի պես նա գնացել է բժշկի եւ ասել, որ իր աչքի մեջ օտար մարմին կա:
Նույնիսկ եթե այդպես է եւ աչքի հետ կապված Մոնիկան 8 տարեկանից պրոբլեմ է ունեցել, գլխին եւ աչքին ստացած հարվածները չէի՞ն կարող հանգեցնել կուրացման:
Հարվածներ չեն եղել:
Ասում ես՝ Սանկտ Պետերբուրգում բժիշկները թուղթ են տվել, որ աչքի մեջ օտար մարմին կա, հետդ բերե՞լ ես:
Թղթերը սաղ իրա՝ Մոնիկայի մոտ է եղել: Ես չունեմ թուղթ: Այս ամեն ինչը Մարիամն է սարքել, ուզում է ժողովրդին ցույց տալ, որ ինքը մաքուր է, որպեսզի սաղ գյուղում չասեն՝ ինքը հետ եկած աղջիկ է: Որ իրա հորեղբորը խայտառակ չանի, ինքը մաշկային հիվանդ է: Դրա համար Մարիամն այդքան բանն արել է: Իսկ Մոնիկային Մարիամն է դրդել, ամեն ինչը Մարիամենք են դրդել:
Բայց Մոնիկան բոլոր ցուցմունքներից չէ, որ հիմա հրաժարվում է:
Որոշ բաներ, որ ինքն ասում է, ճիշտ է, որը ես ինքս խոստովանել եմ, որ այդպես է:
Օրինակ ի՞նչն է ճիշտ:
Օրինակ, որ ես իրեն խփել եմ, բայց որ մի տղամարդը, ապրելով իր ընտանիքի մեջ, կնոջ վրա ձեռք չի բարձրացրել:
Իսկ ո՞նց ես խփել, որ ասում է՝ բանկաներ է գլխիս կոտրել, դա՞ նկատի ունես:
Նման բաներ չեն եղել:
Իսկ մատը կոտրե՞լ ես:
Այո: Եթե մեր տանը խոսակցություն էր լինում, պապան ու մաման խառնվում էին, որ ընտանիքում կռիվ չլինի: Այդ օրը ջղայնացած էի, չեմ հիշում, թե ինչի համար, որ մերոնք էլի մեջտեղը կանգնած էին, ձեռքիս աթոռն ընկավ, վերցրի ու շպրտեցի: Կպավ իրա մատին, որի հետեւանքով ջարդվեց:
Իսկ բժշկի տարե՞լ եք:
Տարել ենք:
Մոնիկան մեզ պատմել է, որ մատը կոտրված շարունակել է տան գործերն անել: Վերադարձել է Հայաստան, գնացել բժշկի, մատն ուղղելու համար ստիպված նորից կոտրել են:
Չեմ իմանում: Կարող ա եւ ընկել է, կարող է նորից է հարվածել:
Հայաստանո՞ւմ:
Այստեղ, այնտեղ... Չգիտեմ: Գիտեմ, որ տարել ենք, նայել են, ստուգել ու ամեն ինչ արել են:
Դավիթ, Հայաստան վերադառնալուց հետո Մոնիկայի ձախ ձեռքի միջնամատը բժիշկները նորից կոտրել են եւ վիրահատությամբ ուղիղ կպցրել: Արդյունքում այդ մատն այլեւս չի ծալվում: Եթե դուք այնտեղ նրան բժշկի եք տարել, ինչո՞ւ պետք է մատը կռկված լիներ ու այստեղ նորից կոտրեին:
Չգիտեմ:
Հղիության հետ կապված ի՞նչ կասես: Հակառակ որ Մոնիկան իր այդ ցուցմունքից էլ է հրաժարվել, բայց մեզ պատմել է, որ 3 ամսական հղի է եղել...
Որ հիվանդանոցներում որ մենք եղել ենք, տվյալ հասցեները ես ներկայացրել եմ օրգաններին, որոնք պետք է ստուգեն՝ ինչը ոնց է:
Այսինքն ինչ՝ հղի չի՞ եղել:
Այդ հարցին ես չեմ ուզում պատասխանել:
Երեւի «Հետքում» կարդացել ես, Մոնիկան պատմում է, որ երբ մայրդ իմացել է, որ հղի է, սկսել է խփել փորին ու մեջքին եւ ասել՝ «ինադու ես մնացել, որ մեր փողերին տիրանաս, ուզում ես ոտքդ պնդացնես»:
Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել:
Իսկ Մոնիկայի մյուս պատմածներին կանդրադառնա՞ս, որ տկլոր անկյուն եք կանգնեցրել, մայրդ շերեփով խփել է որտեղ պատահի, դանակով գլխին է հարվածել...
Նման բաներ չեն եղել: Մայրս ինչո՞ւ պետք է խփեր: Նման բաներ չեն եղել մեր տան մեջ: Ոչ ոք դանակով չի խփել:
Բայց սպիերը կան: Օրինակ՝ Մոնիկայի հայրն ասում էր, որ աղջկա ճակատին փոքր տարիքից սպի կա, գլխի մյուս սպիերը դանակի հարվածների հետքերն են:
Ինչո՞ւ է հենց ճակատինը եղել փոքր ժամանակ, մնացած մասերով կարող ա եւ չի եղել: Ես Մոնիկայի մասին չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ կան հարցեր: Ես չեմ ուզում դա բացատրել:
Առաջին անգամ, երբ Հայաստան եկար, մինչեւ համաներվելը Մոնիկային առերես հարցաքննությունից հետո հանդիպե՞լ ես:
Հետախուզում հայտարարելուց հետո ես եկել եմ Հայաստան այն նպատակով, որպեսզի ներկայանամ ոստիկանություն եւ պարզեմ այդ ամեն ինչը՝ ինչը ոնց է եղել: Հարցաքննությունից հետո Արտաշատում մեկ անգամ Մոնիկային տեսել եմ:
Ասե՞լ ես նման բան, թե ես էլ եմ պրծել, մամաս էլ. լիքը փող եմ տվել:
Ոչ, ասել եմ, որ ամեն ինչ իրա տեղն է ընկնում, որովհետեւ մենք փաստերով, փաստացի ներկայացնելու ենք ամեն ինչը: Բայց եկեք այդ թեմային չանրադառնանք: Ես Մոնիկայի դեմ ոչ մի բան չունեմ ներկա պահին բողոքելու:
Այ դա է հետաքրքիր՝ ինչո՞ւ ես ուզում միայն Մարիամից խոսել, այն դեպքում, երբ գործով տուժող է նաեւ Մոնիկան, նրա ցուցմունքներն էլ են դրվել քրեական գործի հիմքում: Բայց ոնց հասկացա, հիմա Մոնիկան հրաժարվում է նույնիսկ այն ցուցմուքններից, որոնք սկզբում քեզ հետ առերես հարցաքննվելիս պնդել է: Պատասխանն ունե՞ս, թե ինչու է այդպես:
Ոչ, չունեմ:
Իսկ վախեցնել, սպառնալ... Նման բաներ չե՞ն եղել Մոնիկայի նկատմամբ:
Ո՞ր դարում ենք մենք ապրում, որ կարողանամ վախեցնել ու սպառնալ: Եթե վախեցնես ու սպառնաս, կարող են բողոքել ու հակադարձ հետեւանքներ կունենա, որովհետեւ սպառնալիքը քրեական հոդված է: Ո՞նց կարելի է մարդուն վախեցնել:
Երկրոդ անգամ՝ վերջերս, որ եկել ես Հայաստան, երկու անգամ չե՞ս զանգել Մոնիկային:
Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել:
Կամ Մոնիկայի քրոջ ամուսնու հետ հանդիպե՞լ ես:
Ես չեմ ուզում պատասխանել, այդ հարցերը գաղտնիք են, որը գործի մեջ է:
Ուղղակի ուզում էի իմանալ, եթե այդպես է, ինչո՞ւ ես զանգել կամ փեսայի հետ հանդիպել:
Ես չեմ ուզում նման բաներ արտահայտվեմ: Ես չեմ ուզում այդ տարաձայնությունը լինի:
Չե՞ս էլ ասում՝ եղել է նման բան, թե ոչ:
Չեմ պատասխանում այդ հարցին:
Բա լավ, եթե ասում ես, որ որեւէ խնդիր չի եղել, ինչո՞ւ Մոնիկայից բաժանվեցիր, ո՞րն էր պատճառը:
Չեմ ուզում պատասխանել: Հանրությունը, բոլորն էլ կիմանան՝ ինչի համար, ինչից ելնելով ու ինչը ոնց է կատարվել: Բայց ներկա պահին ուրիշ բան ես չեմ ուզում ավելացնել: Որոշ ժամանակ հետո պատրաստ եմ խոսել, ամեն ինչի համար բացատրություն տալ:
Անդրադառնալով Մարիամի մասին քո բերած գրությանը, նշել ես, որ նա մաշկային հիվանդություն ունի, բայց քեզնից թաքցրել է: Եվ շեշտում ես, որ մինչեւ ամուսնանալը հիվանդության մասին քեզ խաբել են:
Մինչեւ ամուսնանալը ես նրա դեմքին փոսիկներ եմ տեսել: Ինձ ասում էին, որ ալերգիայի հետեւանքներ են, չորացել են: Բայց հետո կամաց-կամաց սկսեց դուրս տալ, իսկ Լենինգրադում, քանի որ այնտեղ թթվածինը շատ է, խոնավ երկիր է, հիվանդությունը սկսեց զարգանալ:
Հետդ նկարներ էլ ես բերել, դրանցում երեւում է, որ Մարիամի դեմքին դուրս տված է, մի հատված էլ կա, ասում ես՝ մեջքն է: Սրանք ի՞նչ նկարներ են, տպավորությունն այնպիսին է, որ հատուկ կանգնել է, որպեսզի նկարեն:
Մարիամն է մեզ խնդրել, որ նկարենք ու այդ նկարներն ուղարկենք մեր հարազատությանը, որ մեզ չքննարկեն՝ ինչի համար եմ ես երկրորդ անգամ իմ կնոջից բաժանվել: Պատճառն այն է, որ ինքը մաշկային հիվանդ է եղել, եւ կողքը նստելն անհնար էր:
Ստացվում է, որ Մարիամը հոգ է տարել, որպեսզի հարազատներդ քեզ չմեղադրեն, բայց վերադարձել է Հայաստան եւ միանգամից սկսել բոլորովին այլ բան պատմել:
Նա գալիս է Հայաստան ու բողոքում, որովհետեւ ինքը գալուց առաջ ասաց՝ «իմ հորեղբայրն ինձ ախ կտա, կվախեցնի, որ իր անունը գյուղում չգցեմ»: Հորեղբայրը (իրեն) հարս է տվել շատ հարուստ, հարգելի մարդու: Որպեսզի սաղ գյուղում ինքը խայտառակ չլինի, ինքը (հորեղբայրը) անձամբ եկել է օդանավակայան, դիմավորել է Մարիամին ու ճանապարհի կեսից սկսել է իրեն ախ տալ: Նույն ձեւի տունը: Մարիամն ասում էր, որ ինքը տնից կփախչի, որովհետեւ իր հայրը եւ մայրը իր տունը քանդեցին: Բայց այսօրվա օրով ասում է հակառակը:
Գիտես՝ Մարիամի ծնողների հետ խոսել ենք: Շատ պարզ ու հասարակ մարդիկ են:
Շատ պարզ մարդիկ են, բայց այդ պարզության մեջ գտնվում է շատ խորամանկ ու սատանա մարդ: Նրանց նպատակը մեկն է եղել՝ ամեն գնով իրենց աղջկան ամուսնացել: Իր հայրը նշանդրեքի երկրոդ օրը սեղանի շուրջ բոլորի ներկայությամբ իմ առջեւ հարց դրեց, թե տար իմ աղջկան գրանցիր ձեր Արտաշատի տան վրա: Չգրանցեցի, որովհետեւ չէի հասցնում, պետք է վերադառնայի:
Ուրեմն իրենք գիտեին, որ իրենց աղջիկը հիվանդ է: Մեր տան նկատմամբ հավակնություններ են ունեցել: Ես իրենց մերժեցի, դրա համար այս քայլին դիմեցին՝ եկան ու բողոքեցին:
Իսկ մարմնի վրա առկա հետքերը՝ տաք արդուկի, պատառաքաղի հարվածների, դանակի կամ սուր կտրող-ծակող գործիքի…
Դա երեւակայի իրենց պլաններն էր: Թե ինչը ոնց է եղել, քննությունից հետո, գործի ավարտից հետո մենք կանդրադառնանք այդ թեմային եւ կասենք՝ որտեղից ինչ է հայտնվել իր վրա, որոնց պատասխաններն այսօրվա օրով գտնվում են միայն օրգաններում: Մենք չենք ուզում հրապարակենք մեր հարցազրույցներն իրենց հետ:
Ես միայն անդրադառնում եմ այն հարցերին, որոնց մասին դու քո գրությունում նշել ես: Ուզում եմ հասկանալ, թե որտեղից պետք է այդ սպիերը հայտնվեին, ի՞նչ է, Մարիամն ինքն իրեն է վնասել կամ արդուկով իր մեջքը վառե՞լ է:
Մարիամն այստեղ լազերային ճանապարհով իր դեմքը, մարմինը վառել է, որպեսզի վերքերը չորացնի: Եվ, ամենայն հավանականությամբ, արդուկով ինքն իր մեջքը վառել է, որպեսզի դրա դեմն առնի:
Իսկ դու որտեղից գիտես, որ մինչեւ ամուսնանալը Հայաստանում նա լազերային ճանապարհով վերքերը չորացրել է:
Լսելով գիտեմ: Մարիամի ծնողներն են ասել, ինքն էլ է ասել, որ այստեղ տարվա մեջ 3 անգամ գնացել է վառելու:
Եթե նկատել ես, անգամ «Հետքում» տեղադրված լուսանկարում է երեւում, որ արդուկի վառած հատվածում Մարիամի մեջքին վերքեր չկան:
Կարող է վառել է, վերքն անցել է, դա բժշկական հանձնաժողովը կասի՝ ինչը երբ, ով ոնց ու երբ է եղել: Մեզ հասել է ինֆորմացիա, որ Մարիամի հորեղբայրը ժամանակին ոստիկանության աշխատակից է եղել, բայց հետո օրգանից դուրս է եկել: Հնարավոր է՝ մի գեղեցիկ օր էլ նա Մարիամին հասկացրել է՝ ոնց անի, ինչ անի: Այսօրվա օրով շատ մարդիկ են իրենց վնասում:
Դավիթ, գրության մեջ էլ ես նշել, որ Մրիամին Սանկտ Պետերբուրգում, թեեւ ինքը հրաժարվել է եւ փորձել մաշկային հիվանդությունը գաղտնի պահել, այնուամենայնիվ, տարել ես բժշկի: Բայց նա հրաժարվել է դեղեր ընդունել, փոխարենը փորձել է վերքերը բուժել տաք արդուկով: Ասվածի մեջ տրամաբանություն տեսնո՞ւմ ես:
Դա Մարիամին պետք է հարցնեք, երեւի դա իր նպատակն է եղել, որ Հայաստան գալուց վերքերը ցույց տար:
Ես Մարիամի հորեղբորը իմ հաշվին հրավիրեցի Լենինգրադ, որ տեսնի, թե իրենց աղջիկն ինչ է անում մեր տան մեջ: Մերժելուց հետո իր հորեղբայրը Մարիամի հետ խոսել է ու ասել է՝ դու արի, կտենաս, թե մենք իրենց գլխին ինչ ենք անելու: Չգիտենք՝ այնտեղ է արել (ինքնավնասումը), թե այստեղ: Այնտեղ ես այդքան բանը իր վրա չեմ նկատել: Պատասխանը կտա բժշկական հանձնաժողովը: Բայց, ամեն դեպքում, Մարիամի հորեղբայրը օրգանի աշխատող է եղել, ինքը կարող էր իրեն պատրաստել՝ որ, բալա, դու քեզ սենց-սենց բաներ արա, որ գաս Հայաստան, որ ապացույց, փաստեր ունենաս:
Նոր բժշկական հանձնաժողով են ներկայացնում, որ իր ցուցմունքները ճշտեն: Մարիամը շատ բաներ է ասել, որը ինձ հետ առերեսման ժամանակ չի պնդել: Առաջին անգամ, որ ինքը բացատրություն է տվել, ասել է, որ աչքի կոպի տակ կոտրվածք է ունեցել: Իսկ վերջում ինքն ասել է, որ դա կապտած է, ոչ թե կոտրված:
Մեզ հետ զրույցում դեմքի շրջանում միայն քիթը կոտրելու մասին է Մարիամը նշել:
Մենք չենք ուզում ամեն ինչի մասին խոսել, մինչեւ քննությունը կավարտվի, եւ պատասխանները ձեզ ու հանրությանը կներկայացնենք:
Դավիթ, ինչպես ես պատկերացնում, Մարիամն ինքն իր լեզուն ու կրծքերը վառե՞լ է: Կամ ինչպե՞ս է պատառաքաղով ուսին ու ինքն իր մեջքին հարվածել: Մոնիկան էլ է պատմել, որ դանակի, մկրատի ու պատառաքաղի հարվածներ իրեն էլ են բաժին հասել: Հիմա ի՞նչ, երկուսն էլ սուտ են ասում ու երկուսն էլ ինքնավնասմամբ են զբաղվել:
Բժշկական հանձնաժողովն ամեն ինչ ցույց կտա՝ ինչը ոնց է: Մենք բացառում ենք, որ խփել ենք:
Իսկ տնից փախչելու համար Մարիամին դանակով չե՞ս խփել:
Խաբում է, եթե դանակով խփած լինեի, հետքը պետք է երեւար:
Հետքը կա:
Դժվար թե նման բան կատարվի:
Այսինքն՝ չե՞ս հիշում:
Լավ էլ հիշում եմ ամեն ինչ, բայց ես իրեն խփելու նպատակ չեմ ունեցել: Ո՞նց եք մտածում, ես գնում եմ տոմս գնելու, հետո դանակով խփում եմ ու հետ ուղարկո՞ւմ Հայաստան:
Մարիամը Լենինգրադում տնից փախել է Հայաստան չգնալու համար: Ես ուզում էի իրեն հետ ուղարկել, ինքը փախավ, որպեսզի չգա Հայաստան ու խայտառակ լինի, որպեսզի իր տուն չմտնի: Ես դանակով չեմ խփել:
Իսկ ստիպել, որ հետ տվածը նորից ուտի, անկյուն կանգնեցնել, չթողնել, որ պառկած քնի… Նման բաներ չե՞ն եղել:
Եթե նման բաներ եղել են, ինչո՞ւ դրա մասին Մոնիկան ընդհանրապես չի ասում:
Անկյուն կանգնելու մասին պատմել է:
Կարող է եւ անկյունի մասին ասի: Բայց ո՞նց կարելի է հետ տալ ու նորից կերցնել: Ո՞նց եք մտածում:
Փաստորեն, ոչ դու, ոչ էլ մայրդ Մարիամին չեք հարվածել:
Մայրս ոչ մի բանի հետ կապ չի ունեցել, հակառակը, միշտ խաղացել է բարի դեր, որպեսզի մեր տան մեջ կռիվ չլինի՝ ծածկելով ամեն ինչ, հաշտեցնելով ինձ իր հետ: Ես եմ Մարիամին խփել՝ ապտակել եմ «թուղթ ու գիր» անելու համար:
Հայաստանում Մարիամի մայրը «թուղթ ու գիր» է արել, դրել է իր հետ եւ ուղարկել Սանկտ Պետերբուրգ: Երբ նրա վրա այդ վերքերը երեւաց, նա սկսեց «թուղթ ու գիրը» մեզ կերցնել: Մի գեղեցիկ օր հայրս տեսավ նրա ձեռքն այդ բանը՝ ճաշի մեջ էր գցում: Փոշու նման բան էր: Անում էր, որ ես տաքանամ իր վրա, իր հետ ապրեմ, իմ ընտանիքից առանձնանամ, որ իր նպատակը լինի:
Երբ ես նշանվեցի Մարիամի հետ, նրա հայրը նույն օրն ինձ խնդրեց՝ տար մեզ Լենինգրադ, մենք էլ աշխատենք: Հարմար պահ չստացվեց, որ տանեի: Որ գնացի, իմ գործերը մի քիչ խառնվեց:
Իրենց նպատակը դա էր. հայրը ուզում էր մոր հետ գալ Լենինգրադ, առանձին մեզ հետ մի տան մեջ ապրեր, սաղ ընտանիքին բերեին ու իրենց համար նոր ապրելակերպ ստեղծեին՝ նշելով, որ Հայաստանում չկա ապրելաձեւ, չեն կարում փող աշխատեն, քյասիբ են ապրում: Ու Մարիամը առերես հարցաքննության ժամանակ համարյա խոստովանեց, որ «թուղթ ու գիր» է արել: Եթե «թուղթ ու գիր» չի արել, ինչո՞ւ է փաստացիորեն նշում, թե ինչ գույնի թելերով է արված թուղթ ու գիրը: Ես ասում եմ՝ կանաչ, կարմիր, սեւ է եղել թելերի գույնը, ինքն ասում է՝ չէ, կանաչ չի եղել, եղել է սեւ, կարմիր:
Մարիամը տան մեջ իմ, հորս, մորս, իմ ընտանիքի անդամների շորերից կտորներով կտրած վերցնում, կապոցներ էր կապում ու տարբեր բաներ էր մեջը լցնում: Դա վերջում ինքն իր ձեռքով է բացել, լցրել զուգարանը, որ ջուրը տանի: Ինքը իմ մորն ու հորը տանում էր եկեղեցի, մեծ «դաստա» մոմը դրել է ոտքերի տակ, ճզմել ու ասել, որպեսզի չարը իմ տան մեջից դուրս գա: Ինքը սա չի ժխտում: Ու մի քանի ֆրազաներ է եկեղեցու մեջ արել:
Ուզում եմ ասել, որ Մարիամի մեջ այնքան ուժ ու համառություն կա, որ ամեն քայլով կարող էր տեղեկացնել իր ընտանիքին, եթե այդպիսի բան լիներ, կամ կարող էր փախչել Հայաստան, ոչ թե սպասեր, որ մենք մեր ձեռքով տոմսը գնենք ու իրեն հետ ուղարկենք:
Մայրս Մարիամին Լենինգրադում տարել է իր քրոջ աղջկա, այսինքն՝ իմ մորաքրոջ աղջկա տուն, եւ Մարիամին ասել է պատմիր այն, ինչ մեզ ասում ես, որպեսզի հետո մարդիկ մեզ չմեղադրեն: Մորաքրոջս աղջկան Մարիամը պատմել է, թե ինչեր է արել մեր գլխին. «թուղթ ու գիր» անելու մասին, իր արտաքին տեսքի, հիվանդության մասին, որ երկար շորեր է հագել, թաքցրել է ու չի ասել: Պատմել է ու մի քանի անգամ կրկնել, որ մեղավորն իր ծնողներն են, իրեն խոպան են ուղարկել, բայց չգիտեն, որ դատարկ է հետ գնալու: Մայրս սկսել է արտասվել, իսկ Մարիամն ասել է՝ ինչու ես լացում, ես ամեն ինչ ճիշտ եմ ասում:
Կամ մայրս 3,5 ամսով եկել էր Հայաստան, տանը մեծամասամբ եղել է հայրս: Հայրս միշտ մեր գործի տեղն է եկել, ես տեխզննման, ավտոտեխսպասարկման կենտրոն ունեմ, ինքը գալիս էր միշտ, որ տիրություն աներ մեր սերվիսին: Մարիամը տանը մենակ էր մնում, տան առեւտուրն էլ է արել, դեղատուն է գնացել: Այդ ժամանակ ինքը կարող էր ազատ դուրս գալ, փախչել: Անձնագիրը եղել է բարի մեջ՝ կահույքում, ոնց որ մնացած տան փաստաղթղթերը:
Կամ բացատրության մեջ գրել է, որ դուռը բանալիով փակել ենք իր վրա: Թող տան հեռախոսից զանգեր ոստիկանություն: Պանելային շենք է, թող գոռար, հարեւանները կլսեին: Մեր տան մեջ շատ հեռախոս կար, եթե խոսելուց կողքն ենք եղել, թող SMS գրեր, հետո ջնջեր, բոլորս քնած ենք, հո սահման չէ՞ր, որ մեկը միշտ արթուն լիներ ու իրեն հետեւեր: Մանավանդ, եթե ասում է՝ չենք թողել, որ քնի, նստած է քնել, թող այդ ընթացքում անկյունից վեր կենար, բոլորը քնած էին, հեռախոսը վերցներ, զանգեր կամ նամակ ուղարկեր:
Մարիամն էլ է հեռախոս ունեցել: Հայաստան խոսացող հեռախոսն իր մոտ է եղել: Բայց քանի որ ինքը մոր հետ խոսելուց հետո ավելի էր գազազում, ես արգելեցի իրեն այդ հեռախոսն օգտագործել: Հեռախոսի մեջ դրեցինք ուրիշ համար, որով ինքը սկսեց խոսել իր հորեղբոր, հորեղբոր կնոջ ու աղջկա հետ: Կապ միշտ ունեցել է, իսկ այսօրվա օրով իրենք ասում են՝ ազատությունից զրկել ես: Բարեւ ձեզ, ո՞նց են զրկել:
Քանի որ խոսեցիր «թուղթ ու գիր» անելու մասին, ուզում եմ նկատել, որ նույն հարցում հակառակ կողմը ձեզ է մեղադրում: Ասում են, որ քո մորական տատը բախտ ու «թուղթ ու գիր» է բացում, վախ չափում:
Տատիկս ամբողջ գյուղում՝ Յուվայում, ճանաչված կին է: Ցանկացած մարդ կասի, որ նա սուրբ է, նա մեծ եկեղեցի է կառուցում: Եկեղեցի կառուցողը չի կարող թուղթ ու գիր անել: Վախ թեթեւ բռնում է: Նա հաց է տալիս չունեւորներին: Եթե բոլորիս տատիկները նման բարի կին լինեին, Հայաստանը Ամերիկայից էլ լավ վիճակում կլիներ:
Հ. Գ. Մարիամի հայրը՝ Համազասպ Գեւորգյանն ասում է, որ իր եղբայրը արհեստավոր է՝ «պարկետ է խփում», եւ երբեք ոստիկանությունում չի աշխատել: Իսկ «Հետքին» տված ոստիկանության տեղեկանքի համաձայն՝ Մարիամ Գեւորգյանը իր ցուցմունքներից չի հրաժարվել եւ դրանք պնդել է ինչպես Դավիթ Զիրոյանի, այնպես էլ նրա մոր՝ Հայկանուշ Միքայելյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Նախաքննությունից հետո «Հետքն» այս պատմությանը դեռ կանդրադառնա:
Մեկնաբանություններ (49)
Մեկնաբանել