HY RU EN

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն սկսում է 2018-ի ելույթները

Անցյալ տարվա նոյեմբերից հետո հայ ֆուտբոլասերները մարտի 24-ին ու 27-ին կրկին հնարավորություն կունենան դիտել ազգային հավաքականի խաղը: Ամսի 24-ին Արթուր Պետրոսյանի սաները Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ընկերական մրցավեճում կհյուրընկալեն Էստոնիայի ընտրանուն: 3 օր անց կրկին Երեւանում տեղի կունենա Հայաստան-Լիտվա հանդիպումը:

Ճիշտ է, աշնանը կայանալիք Ազգերի լիգայի մեկնարկին դեռ երկար ժամանակ կա, սակայն ընկերական հանդիպումները լավ առիթ են թիմին տեսնելու գործողության մեջ:  

Ինչպես հայտնի է ՀՖՖ-ն արդեն հրապարակել է հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Չնայած հնաբնակներից հրավիրվել էր Մարկոսը, ավելի ուշ պարզ դարձավ, որ ղազախական «Ակտոբեի» խաղացողը չի կարող միանալ թիմին ծնկային հոդի վնասվածքի պատճառով: Փոխարենը հայտարարվեց, որ առաջին անգամ հավաքական է հրավիրվել կոլումբական «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, սակայն արդեն այսօր ՀՖՖ-ն հաղորդեց, որ նորեկը չի միանալու նախապատրաստական հավաքին, քանի որ նրա թիմը կարեւոր հանդիպումներ պիտի անցկացնի ներքին առաջնությունում, եւ ակումբի ղեկավարությունը խնդրել է ՀՖՖ-ին, որ վերջինս թույլ տա ֆուտբոլիստին բաց թողնել հավաքը:

Հավաքականի լեգեոներներից չեն հրավիրվել նաեւ Ռուսլան Կորյանը, Արթուր Սարկիսովն ու Գոռ Մալաքյանը, որոնք վնասվածքներից ապաքինման փուլում են, իսկ Էդգար Մանուչարյանը նոր է ապաքինվել, եւ մարզչական շտաբը նպատակահարմար է գտել առայժմ հանգիստ տալ խաղացողին:

Հրավիրված լեգեոներներն են.

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Արաս Օզբիլիզ, «Շերիֆ» (Մոլդովա)
Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու», (Պորտուգալիա)
Նորբերտո Բրիասկո-Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Հայաստանի առաջնությունում հանդես եկողներից հավաքին կմասնակցեն այս խաղացողները.

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ»
Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Սեւակ Ասլանյան, «Փյունիկ»

Նշվածների մեջ կարելի է նկատել հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանի դուրս մնալը կազմից: Այսինքն՝ առաջիկա խաղերին տեսնելու ենք կա՛մ Արամ Հայրապետյանին, կա՛մ Գոռ Մանուկյանին, չի բացառվում, որ Պետրոսյանը փորձարկի երկուսին էլ: Առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել փյունիկցի դարպասապահ Սեւակ Ասլանյանը: Մյուս կողմից՝ հարձակման գծում, հանձին Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի, եւս մեկ նորեկ ունենք:

Հայաստանի հավաքականը նախկինում հանդիպել է թե՛ Էստոնիայի, թե՛ Լիտվայի ընտրանիներին: Ավելին՝ ազգային թիմը խաղացել է նաեւ բալթյան երրորդ երկրի՝ Լատվիայի հետ:

Էստոնացիների հետ Հայաստանի ազգային թիմը 2 ընկերական հանդիպում է անցկացրել: Առաջին խաղը կայացել է 1998-ի նոյեմբերի 21-ին Աբովյանում: Սուրեն Բարսեղյանի թիմից աչքի ընկան Կարեն Բարսեղյանն ու Կարեն Սիմոնյանը: Մեր ընտրանին հաղթեց 2-1 հաշվով: Մեկ տարի անց՝ 1999-ի օգոստոսի 8-ին, էստոնական Պյառնուում 2-0 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը: Եվս 2 խաղ թիմերն անցկացրել են պաշտոնական մակարդակով աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում: 2009-ի մարտի 28-ին դանիացի Յան Պոուլսենի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները 2-2 խաղացին բալթյան երկրի ընտրանու հետ: Մերոնցից աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանը: Դրանք նրանց առաջին գոլերն էին ազգային թիմում: Այս խաղից 4 օր անց՝ ապրիլի 1-ին, Տալլինում հայ ֆուտբոլիստները պարտվեցին 0-1 հաշվով ու արդյունքում ընտրական խմբում գրավեցին վերջին տեղը:

Լիտվայի հետ Հայաստանը հանդիպել է բացառապես ընկերական խաղերում: 2000 թ. հունիսի 3-ին Կաունասում Անդրեյ Մովսիսյանի ու Արթուր Պետրոսյանի գոլերի շնորհիվ Վարուժան Սուքիասյանի թիմը հաղթեց 2-1 հաշվով: Եվս մեկ ընկերական խաղ կայացավ 2011-ի օգոստոսի 10-ին կրկին Կաունասում: Դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ ուղարկեցին անփորձ Կարեն Իսրայելյանի դարպասը: Այն ժամանակ մեր թիմը մարզում էր Վարդան Մինասյանը: 2012-ի նոյեմբերի 14-ին Մինասյանի սաները Երեւանում ռեւանշի հասան: Հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղում մերոնք հաղթեցին 4-2 հաշվով. աչքի ընկան Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիզը:  

Այսպիսով՝ Էստոնիայի հետ մերոնց ընդհանուր դիմակայությունն ունի հետեւյալ տեսքը՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած եւ բաց թողած գոլերը՝ 4-6: Լիտվայի հետ մրցավեճերի պատկերն այսպիսին է՝ 2 հաղթանակ, 1 պարտություն, գոլերը՝ 6-6:

Չնայած առաջիկա հանդիպումներն ընկերական բնույթ են կրում, եւ մարզիչների համար առաջնային է լինելու ֆուտբոլիստների մարզավիճակին ծանոթանալն ու քիչ խաղաժամանակ ստացողներին եւ նորեկներին փորձարկելը, ինչպես նաեւ խաղային սխեմաներ կիրառելը, այդուհանդերձ, արդյունքը լինելու է ոչ պակաս կարեւոր հատկապես երկրպագուների համար: Մյուս կողմից՝ հիշեցնենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում եթե Հայաստանի հավաքականը 91-րդն է, ապա էստոնացիները 86-րդն են, իսկ լիտվացիները՝ 147-րդը: Այնպես որ դրական արդյունք ապահովելը ոչ միայն զուտ ցանկություն է լինելու, այլեւ տրամաբանական պահանջ:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի